«26» ապրիլի 2014 թ. ՓՎ-ե-60
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-503-25.04.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատվական բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
2.1.Նախագծի 3-րդ հոդվածում հղում է կատարված հետագայում ընդունվելիք իրավական ակտին, ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, այն է` «Արգելվում է հղումներ կատարել սահմանված կարգով ուժի մեջ չմտած իրավական ակտերին»: Ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ հոդվածը հանելու հարցը:
2.2.Նախագծի 4-րդ հոդվածի վերնագրում առաջարկում ենք «Անցումային դրույթներ» բառերը փոխարինել «Ուժի մեջ մտնելու ժամկետը» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարողներ`
Ա.Մանուկյան, հեռ. 513-616
Գ.Հովսեփյան