«15» մայիսի 2014 թ.                                                                                                          ՓՎ-ե-88

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ -512-06.05.2014-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Բիշարյանի եւ Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

4. Նախագծի 1-ին հոդվածը չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին (ըստ որի` oրենքների հոդվածները պետք է բաժանվեն «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:..»), որի կապակցությամբ Նախագծի 1-ին հոդվածի «կետը» բառն առաջարկում ենք փոխարինել «մասը» բառով:

5. Նախագծի 1-ին հոդվածը չի համապատասխանում նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ըստ որոնց.

«2. Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին `

1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով .

2) բառեր , թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով .

3) բաժիններ , գլուխներ , հոդվածներ , մասեր , կետեր , պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով .

4) բաժինների , գլուխների , հոդվածների , մասերի , կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով :»:

Այս կապակցությամբ Նախագծի 1-ին հոդվածի «վերախմբագրել հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառով:

6. Նախագծին կից ներկայացված տեղեկանքում նշված է, որ. «Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա», սակայն հարկ ենք համարում նշել, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է օրենքերի նախագծերի փաթեթի տեսքով եւ դրա ընդունման կապակցությամբ համապատասխան փոփոխություներ եւ լրացումներ են կատարվել 50-ից ավել օրենքներում, ինչպես նաեւ ընդունվել նոր (առանձին) օրենքներ (օրինակ` «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքը եւ այլն), որոնցում, սույն Նախագծի ընդունման կապակցությամբ, նույնպես անհրաժեշտ է կատարել սույն Նախագծից բխող փոփոխություններ, իսկ տվյալ Նախագիծն էլ պետք է ներկայացվեր նախագծերի փաթեթի տեսքով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության վարչության
տնտեսական եւ սոցիալական փորձաքննության
բաժնի վարիչ`                                                                                                           Ա. Գալստյան

15.05.2014թ.