«14» մայիսի 2014 թ.                                                                                                                  ՓՎ-ե-84

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Մեծահասակների կրթության մասին» (փաստաթղթային կոդ` Պ -519-13.05.2014-ԳԿՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի եւ Մ. Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, բացառությամբ դրա 16-րդ հոդվածի 15-րդ կետի:

2. Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3. Նախագիծը չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, 41-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներին (ըստ որոնց` ի րավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով,  իսկ oրենքների հոդվածները պետք է բաժանվեն «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի ), ինչպես նաեւ նույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

4. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

5. Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

5.1 Առաջարկում ենք հանել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի «հաստատությունների`» բառը, քանի որ կազմակերպական-իրավական նման կարգավիճակ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված չէ:

5.2 Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ կետով տրվում է «Մեծահասակների կրթությունը վերահսկող լիազորված մարմին» հասկացության սահմանում, ըստ որի. «Մեծահասակների կրթությունը վերահսկող մարմինը ՀՀ կառավարության կողմից լիազորված եւ այդ ոլորտում իրավունքներ եւ պարտականություններ ունեցող մարմինն է:»: Տվյալ սահմանումը վերաիմաստավորման եւ խմբագրման կարիք է զգում, քանի որ`

ա) լիազորված մարմինների սահմանման համար գոյություն ունի ստանդարտ ձեւակերպում եւ նպատակահարմար կլինի տալ այդպիսի սահմանում,

բ) առանձին «վերահսկող լիազորված մարմնի» սահմանում տալը, ըստ էության, ավելորդ է, քանի որ վերահսկողությունը ենթադրում է առաջին հերթին ստուգումների եւ ուսումնասիրությունների կատարման լիազորություններ, իսկ այդպիսի լիազորությունները սահմանված են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ 2000 թվականի մայիսի 17-ի ՀO-60 օրենքով, ուստի նպատակահարմար է տալ ընդամենը համապատասխան ոլորտում «պատական կառավարման լիազորված մարմին» հասկացության սահմանումը,

գ) Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասում եւ Նախագծի այլ հոդվածներում զուգահեռաբար օգտագործվում է նաեւ «պետական լիազորված մարմին» հասկացությունը, որի սահմանումը տրված չէ, եւ «կրթության եւ գիտության նախարարություն» անվանումը, ուստի դրանք կարող են տարընթերցումների տեղիք տալ:

5.3 Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվում է նաեւ «Մեծահասակների ոչ ֆորմալ կրթություն» հասկացությունը, ըստ որի` համապատասխան դասընթացները « … բարեհաջող ավարտելուց հետո շնորվում է ոչ պետականորեն ճանաչված ավարտական փաստաթուղթ»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ առաջին հերթին ճիշտ կլինի ասել ոչ թե «ոչ պետականորեն ճանաչված», այլ «պետականորեն չճանաչված» ավարտական փաստաթուղթ, եւ երկրորդ` եթե տվյալ ավարտական փաստաթուղթը պետությունը չի ճանաչելու, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ պետք է պետությունը ֆինանսավորի, կարգավորի, վերահսկի եւ ընդհանրապես որեւէ վարչարարական գործառույթներ իրականացնի ոչ ֆորմալ կրթության բնագավառում:

5.4 Նախագծի տարբեր հոդվածներում օգտագործված են այնպիսի հասկացություններ (օրինակ` «մեծահասակների կրթության գործառնություն», «կյանքի որակին ուղղված կրթություն», «կրթության որակի հսկում», «կրթական ծրագրի մասնագիտական բնույթ», «ուսումնական հաստատության հավատարմագրում» (ըստ երեւույթին նկատի է ունեցվել հավաստագրումը) եւ այլն), որոնք տարընթերցումների, մեկնաբանությունների տեղիք են տալիս, օգտագործվում են առաջին անգամ եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի [1] պահանջներին համապատասխան պետք է տրվեն դրանց սահմանումները:

5.5 Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. « Մասնագիտական կրթության մասնագիտացումները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` համաձայնեցնելով համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ: », որոնք, ըստ էության, նույն մարմիներն են (անհրաժեշտ է հստակեցնել տվյալ դրույթը):

5.6 Անհրաժեշտ է հստակեցնել Նախագծի 16-րդ հոդվածի`

ա) 7-րդ կետով սահմանվող դրույթը, ըստ որի. «Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` … տեղեկատվություն է տրամադրում կրթության եւ գիտության նախարարությանը … » (այսինքն` ստացվում է ինքն իրեն է տեղեկատվություն տրամադրում),

բ) 15-րդ կետով սահմանվում է, որ Լիազորված մարմինը. « իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով եւ կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ: », այն դեպքում, երբ ըստ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները կարող են սահմանվել Սահմանադրությամբ կամ օրենքով (այս կապակցությամբ անհրաժեշտ է նշված կետից հանել « եւ կառավարության որոշումներով» բառերը ):

5.7 Նախագծի 17-րդ եւ 18-րդ հոդվածներով սահմանվում են մեծահասակների կրթության բնագավառում սոցիալական ոլորտի պետական կառավարման մարմնի եւ այլ մարմինների լիազորությունները (իրավասությունները), որոնց անհրաժեշտությունը, մեր կարծիքով, բացակայում է, քանի որ դրանք մի կողմից շատ ընդհանրական բնույթ ունեն, իսկ մյուս կողմից` արդեն իսկ սահմանված են այլ (իրենց վերաբերող) իրավական ակտերով:

5.8 Նախագծի այն դրույթները, որոնք վերաբերում են պետական եւ համայնքային բյուջեներից մեծահասակների կրթության ֆինանսավորմանը (հատկապես Նախագծի 26-րդ հոդվածը), անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջներին (մասնավորապես` պետական տարբեր մարմինների վրա Նախագծի տարբեր հոդվածներով դրվում է «ֆինանսավորման ապահովման» եւ «ֆինանսավորման աջակցության» գործառույթներ, որոնք դուրս են գալիս «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված շրջանակներից):

5.9 Նախագծի 21-րդ հոդվածով սահմանվում է, որ. « Աշխատանքային պայմանագրով աշխատող անձին նրա խնդրանքով, պետական կամ ցանկացած այլ աջակցությամբ մեծահասակների կրթություն ստանալու նպատակով, կարող է տրամադրվել նաեւ լրացուցիչ վճարովի արձակուրդ գործատուի հետ նախապես պայմանավորված ժամանակահատվածում։ … »: Այս կապակցությամբ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան լրացումների կատարման անհրաժեշտություն է առաջնում, որի մասին օրենքի նախագիծը բացակայում է:

Բացի այդ, Նախագծի տարբեր հոդվածներով սահմանվում են այնպիսի դրույթներ, որոնք առնչվում են ՀՀ տարբեր օրենքների գործողության ոլորտներին, որոնցում նույնպես համապատասխան փոփոխությունների եւ լրացումների կատարման անհրաժեշտություն է առաջանում, եւ որոնց մասին օրենքների նախագծերը նույնպես բացակայում են: Մասնավորապես, բացի ՀՀ Աշխատանքային օրենսգրքից եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներից, խոսքը վերաբերում է նաեւ «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներին:

5.10 Նախագծում առկա են նաեւ խմբագրական եւ տեխնիկական բնույթի բազմաթիվ թերություններ, որոնք կարող են ներկայացվել Նախագծի աշխատանքային քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության վարչության պետի տեղակալ`               Ա. Թամազյան

ՀՀ ԱԺ աշխատակազմիփորձաքննության վարչության
իրավախորհրդատվական բաժնիգլխավոր մասնագետ`                                         Ա. Քոչարյան

14.05.2014թ.



[1] Համաձայն այս մասի. « Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով uահմանված կամ հանրածանոթ հաuկացություններ կամ տերմիններ:

Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաuտ կամ այնպիuի հաuկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց uահմանումները: »