«15» մայիսի 2014 թ.                                                                                                     ՓՎ-ե-86

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-521-13.05.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւնորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «էլեկտրակայանի» բառից հետո լրացնել «վթարից» բառը, իսկ «այլ» բառը տեղափոխել «միջուկային» բառից հետո:Առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին, 1-ին մասին եւ 3-րդ հոդվածի 1-ին մասին՝ «այլ» բառը տեղափոխել «միջուկային» բառից հետո:

3. Նախագծի 2-րդ հոդվածի «եւ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական» բառերն առաջարկում ենք փոխարինել «եւ այլ իրավական» բառերով:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասը վերախմբագրման կարիք ունի, քանի որ, արտոնություններից «օգտվում են մահացածների ընտանիքների անդամները», այլ ոչ թե «արտոնությունները վերաբերում են .. . մահացածների ընտանիքների անդամներին»:

5. Առաջարկում ենք Նախագծում օգտագործել միասնական բառակապակցություններ կամ հապավումներ: Այսպես, «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի» կամ «ՉԱԷԿ»-ի փոխարեն Նախագծում օգտագործվում են«չեռնոբիլյան վթարի»,«Չեռնոբիլյան վթարի» կամ «Չեռնոբիլի վթարի» բառերը:

6. Անհրաժեշտ է համարակալել Նախագծի 4-րդ եւ 6-րդ հոդվածների մասերը (տե՛ս Նախագծի 2-րդ հոդվածը):

7. Անհրաժեշտ է փոխել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը:

8. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ .«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համասեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում:», մինչդեռ, Նախագիծը բաղկացած է ընդամենը յոթ հոդվածից, որոնք միավորված են երկու գլուխներում: Այնուամենայնիվ, Նախագծի գլուխների վերնագրերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով:»:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության

վարչության իրավական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետներ՝                                                          Ս.Համբարձումյան

                                                                                                            Ք.Գեովշանյան