«15» մայիսի 2014 թ.                                                                                                        ՓՎ-ե-85

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-523-13.05.2014-ՍՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Լեւոն Դոխոլյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին,միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասը եւ 6-րդ հոդվածի 1-ին մասը չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:

3. Հարկ ենք համարում նշել, որ Նախագծով ամրագրած որոշ դրույթներ՝ կարգավորման առարկան,ինչպես նաեւ ու՞մ եւ ո՞ր դեպքերում է տրամադրվում միանվագ դրամական օգնությունը եւ այլն,կարգավորված ե ն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքով:Բացի այդ, մեր կարծիքով, նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրումն անհրաժեշտ է իրականացնել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված հասցեականության սկզբունքի համաձայն, ըստ որի՝ սոցիալական ծառայությունները տրամադրում են իսկապես դրա կարիքն ունեցող անձին, այս պարագայում` նորաստեղծ ընտանիքներին։ Այդ առումով Նախագծում անհրաժեշտ է հստակ սահմանել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը, ինչպես նաեւ Նախագիծը համահունչ դարձնել վերը նշված օրենքների հետ` անհրաժեշտության դեպքում նախատեսելով դրանցում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ:

4. Նախագծի 2-րդ հոդվածում ամրագրված է, որ. «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտանեկան օրենսգրքով,  սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:», մինչդեռ, նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, որպես կարգավորման առարկա, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով անմիջականորեն նախատեսված չեն։

5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով տրվող «նորաստեղծ ընտանիք» հասկացության սահմանումը, համաձայն որի. «... նորաստեղծ ընտանիք է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջին անգամ ամուսնացող տղամարդու եւ կնոջ ամուսնությունը գրանցելու օրվանից մինչեւ 1 (մեկ) տարի ժամկետը ստեղծված ընտանիքը : », կարծում ենք, հստակեցման կարիք ունի: Մասնավորապես`

ա) այս սահմանումից անհայտ է մնում, թե արդյո՞ք առաջին անգամ ամուսնանալու պայմանը վերաբերում է միաժամանակ եւ՛ տղամարդուն եւ՛ կնոջը, թե՞ նրանցից առնվազն մեկի համար առաջին անգամ ամուսնանալու փաստը բավարար է տվյալ ընտանիքը նորաստեղծ համարելու համար,

բ) կարծում ենք, ավելորդ է տվյալ սահմանման մեջ որեւէ (տվյալ դեպքում` մեկ տարվա) ժամկետի ամրագրումը, քանի որ օրենսդրական առումով ամուսնությունը գրանցելու օրվանից ընտանիքն արդեն իսկ համարվում է ստեղծված:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով տրվող «Նորաստեղծ ընտանիք» հասկացության սահմանման, նույն հոդվածի 2-րդ մասի եւ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ի մասի միջեւ գոյություն ունի որոշակի անհամապատասխանություն, ինչը կարող է անհարկի տարընթերցումների եւ մեկնաբանությունների տեղիք տալ: Մասնավորապես, համաձայն «Նորաստեղծ ընտանիք» հասկացության սահմանման նորաստեղծ է համարվում «... ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջին անգամ ամուսնացող տղամարդու եւ կնոջ ամուսնությունը ...», Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով (որով սահմանվում է «նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն» հասկացությունը), որպես այդ օգնության հասցեատեր, հղում է կատարվում նույն հոդվածի 1-ին մասին, իսկ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով արդեն իսկ նշված պայմաններին ավելանում է նոր պայման (« անդամներից գոնե մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի»), միաժամանակ` դուրս է մնում « … ամուսնությունը գրանցելու օրվանից մինչեւ 1 (մեկ) տարի ժամկետը … » պայմանը: Այս առումով անհրաժեշտ է նշված հոդվածներում հստակեցնել եւ օգտագործել նույն հասկացությունը` նույն պայմանների նշումով:

7. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասը (որի համաձայն. « Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն ցուցաբերելու կարգը եւ չափը սահմանում է ՀՀ կառավարությունը »), հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 1-ին կետին, ըստ որի. « ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը. » կարող է սահմանվել բացառապես օրենքով: Ուստի, նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության իրավունքի իրականացման եւ պաշտպանության կարգն անհրաժեշտ է մշակել եւ լրացնել սույն Նախագծում:

8. Նախագծի 6-րդ հոդվածը վերնագրված է որպես «Քաղաքացիների պատասխանատվությունը», սակայն դրա 1-ին մասով սահմանվում է, որ. « Նորաստեղծ ընտանիքների միանվագ դրամական օգնության կարգը սահմանող փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում արդեն վճարված գումարը ենթակա է վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: »: Այսինքն, Նախագծի 6-րդ հոդվածի տվյալ մասով ոչ թե պատասխանատվության տեսակ է սահմանվում, այլ ընդամենը նախատեսվում է հետ գանձել կեղծ փաստաթղթերի ներկայացման միջոցով ստացված միանվագ դրամական օգնության գումարը: Այս առումով, անհրաժեշտ է կամ տվյալ հոդվածով սահմանել կոնկրետ պատասխանատվության տեսակ եւ չափ, կամ էլ համապատասխան օրենքում (օրենսգրքում) համապատասխան լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ մշակել եւ սույն Նախագծի հետ ներկայացնել որպես օրինագծերի փաթեթ:

Բացի այդ, Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, ըստ որոնց. «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը...:»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է տվյալ մասի «ՀՀ օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

9. Անհրաժեշտ է փոխել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը:

10. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը.

10.1 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համասեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում:», մինչդեռ, Նախագիծը բաղկացած է ընդամենը ութ հոդվածից, որոնք միավորված են չորս գլուխներում: Բացի այդ, Նախագծի գլուխների վերնագրերը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով:»:

10.2«Իրավական ակտերի մասին» ՀՀօրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Իրավական ակտը կարող է պարունակել անվանում, հիմնական մաu, եզրափակիչ մաu կամ անցումային դրույթներ :», իսկ 3-րդ մասի 1-ին կետի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մաuում կարող են uահմանվել` իրավական ակտն ուժի մեջ մտնելու եւ գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները.»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագծի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ կերպ՝ «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ»:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության

վարչության տնտեսական եւ սոցիալական

փորձաքննության բաժնի վարիչ՝                                                                         Ա. Գալստյան

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության

վարչության իրավական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ՝                                                                              Ս.Համբարձումյան

15.05.2014թ.