«21» մայիսի 2014 թ.                                                                                                       ՓՎ-ե-92

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-525-11.05.2014-ՊԻ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Որոշման նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Որոշման նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Որոշման նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Որոշման նախագծով նախատեսվում է կատարել համապատասխան փոփոխություն՝ հիմնվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դրույթի վրա:

Մինչդեռ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածով սահմանվում է մշտական հանձնաժողովների կազմավորման ընդհանուր կարգն ամրագրող դույթներ, իսկ ժամանակավոր հանձնաժողովներին եւ նրանց գործունեությանն առնվող իրավական հիմնահարցերը կարգավորվում են Օրենքի «Ժամանակավոր հանձնաժողովը եւ նրա գործունեությունը» վերտառությամբ 22-րդ հոդվածով:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք քննարկել Որոշման նախագծի նախաբանից «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`» բառերը հանելու հարցը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`                                                                                               Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան
հեռ. 513-248