«16» հուլիսի2014 թ.                                                                                                   ԻՎ-ե-105

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-563-09.07.2014-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

1. Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտն անձանց իրավունքների պաշտպանության կարեւոր իրավական միջոց է, որի նպատակը անձանց խախտված սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքների վերականգնումն է: Այս առումով սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի լիարժեք օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա ապահովելու դատական ակտերի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացումը: Սակայն միայն Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր չէ ամբողջությամբ ապահովել սահմանադրական դատարանի որոշումներում (ՍԴՈ-984, ՍԴՈ-1114) արտահայտված իրավական դիրքորոշումների կենսագործումը:

Նախագծով առաջարկվող լրացումները, ըստ էության, սահմանափակվել են միայն սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում արտահայտված դրույթներով: Նախագիծը սահմանադրական դատարանի որոշման համանմանությամբ առաջարկում է հակասահմանադրական նորմ կիրառած կամ կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանման պարտադիր լինելու հանգամանքը, սակայն չի սահմանում դատական ակտը բեկանելուց հետո դատարանի լիազորությունները: Մինչդեռ սահմանադրական դատարանը, իր ՍԴՈ-984 որոշմամբ անդրադառնալով նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման գործընթացում իրավասու դատարանի լիազորությունների առանձնահատուկ իրավակարգավորման նպատակահարմարության հարցին, հատուկ ընդգծել է դատական ակտը վերանայելու իրավասություն ունեցող համապատասխան դատարանի լիազորությունները: Մասնավորապես` վերանայման բողոքի ընդունելիության փուլում դատարանը նոր հանգամանքը հաստատող ապացույցի առկայության, ինչպես նաեւ օրենքով նախատեսված մյուս վավերապայմանների պահպանման դեպքում կայացնում է վերանայման վարույթ հարուցելու, իսկ այդ պահանջները չպահպանելու դեպքում՝ վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշում: Իսկ արդեն վերանայման վարույթ հարուցելուց հետո դատարանը կարող է մերժել վերանայման պահանջը կամ բեկանել դատական ակտը: Համաձայն սահմանադրական դատարանի դիրքորոշման` վերանայման վարույթ հարուցելուց հետո քննության առարկա պետք է դառնա բողոքում մատնանշվածի` տվյալ գործով նոր հանգամանք հանդիսանալ-չհանդիսանալու հարցը: Եթե վերանայման վարույթի շրջանակներում չի հաստատվում նոր հանգամանքի առկայության փաստը, դատարանը մերժում է վերանայման պահանջը, իսկ հաստատվելու դեպքում բեկանում դատական ակտը: Ինչպես նշում է սահմանադրական դատարանը, դատական ակտը բեկանելուց հետո տվյալ գործը կամ կարող է ուղարկվել նոր քննության` գործը քննած դատարան, կամ դատական ակտը բեկանած դատարանը կարող է փոփոխել բեկանված ակտը, եթե հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս, առանց նոր քննության, կայացնելու նոր դատական ակտ:

Ներկայումս նշված լիազորություններից վերանայման բողոքը վերադարձնելու եւ վերանայման վարույթ հարուցելու լիազորություններն ամրագրված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Սակայն մյուսները դեռեւս օրենսդրական ամրագրման անհրաժեշտություն ունեն:

Նշենք նաեւ, որ թեեւ դատական ակտը բեկանելու եւ փոփոխելու կամ ստորադաս դատական ատյան ուղարկելու լիազորությունները կարող են իրականացվել նաեւ ընդհանուր կարգի շրջանակներում, սակայն այսպիսի մոտեցումը իրավակիրառական պրակտիկայում կարող է տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ: Բացի այդ, այս դեպքում չի ապահովվի նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի ամբողջական իրավական կարգավորումը` սահմանադրական դատարանի որոշումներին համապատասխան:

2. Նախագծով առաջարկվող լրացումները վերաբերում են միայն նոր հանգամանքներին: Սակայն սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1049 որոշմամբ նույնաբովանդակ իրավական դիրքորոշում է արտահայտել նաեւ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի կապակցությամբ՝ նշելով, որ վերանայման վարույթի շրջանակներում նոր երեւան եկած հանգամանքի առկայության փաստը հաստատվելու դեպքում պետք է ուժը կորցրած ճանաչվեն համապատասխան դատական ակտերը: Կարծում ենք` անհրաժեշտ է Նախագծում ներառել նաեւ նոր երեւան եկած հանգամանքները` այդ կերպ ապահովելով սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լիարժեք իրացումը եւ յուրաքանչյուր անձի խախտված սուբյեկտիվ իրավունքերի արդյունավետ վերականգնման հնարավորությունը:

Կարծում ենք՝ Նախագիծն ընդհանուր առմամբ ունի լրամշակման կարիք:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ՝                                                     Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան, հեռ. 513 618