«17» հուլիսի2014 թ. ԻՎ-ե-113
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-564-11.07.2014-ՊԻ-010/0) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
2. Նախագծին կից ներկայացված հիմանավորման համաձայն նախագծով առաջարկվող կարգավորումը նպատակ է հետապնդում ապահովել սեփականատիրոջ իրավունքների իրականացումը: Այդ առումով ներկայացված նախագծի 1-ին հոդվածով առաջարկվումէ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածում կատարել լրացում, որի համաձայն. «Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունըպարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը եւ բաց թողնված օգուտը»: Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է օրենք 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ դրույթով, որի համաձայն. «Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունըպարտավոր է պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը եւ բաց թողնված օգուտը»:
Հարկ ենք համարում նշել, որ պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու հետ կապված հարցերը չունեն օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն, այլ պայմանավորված են իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով: Մասնավորապես՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ կատարման ծախսերը»: Հետեւաբար՝ նախագծով առաջարկվող կարգավորումների անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նշված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են վերը նշված հոդվածով: Այսինքն՝ գործող օրենսդրական կարգավորման համաձայն պարտապանի հաշիվների վրա կարող է արգելանք դրվել միմիայն կատարողական թերթով նախատեսված գումարի չափով:
Բացի այդ, Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու պահանջները չպահպանելու դեպքում սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը եւ բաց թողնված օգուտը:
Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի(այսուհետ՝ Օրենսգիրք) 17-րդ եւ 1058-րդ հոդվածների պահանջները: Մասնավորապես՝ Օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ընդհանուր կանոն, որի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաեւ իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Իսկ վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9-րդ բաժնով: Հետեւաբար՝ անձին պատճառված վնասների փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով եւ հիշյալ հարաբերությունները կրկին անգամ կարգավորելու անհրաժեշտությունը չկա:
Միաժամանակ՝ Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է վնասի հասկացությունը, որի համաձայն վնասներ են համարվում իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաեւ չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ): Այսինքն՝ վնաս հասկացության մեջ ներառվում են ինչպես իրական վնասները, այնպես էլ բաց թողնված օգուտը:
Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ ներկայացված նախագծի անհրաժեշտությունը չկա:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարողներ՝
Ս. Առաքելյան հեռ.՝ 513618
1 7 .07.2014թ.