«15» օգոստոսի2014 թ.                                                                                                            ԻՎ-ե-119

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Պ-571-01.08.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Բաղդասարյանի, Է. Շարմազանովի, Ա. Հովհաննիսյանի, Ռ. Մուրադյանի եւ Մ. Եսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունները չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունն ընդունելի է, սակայն Նախագծով անհրաժեշտ է հստակեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի66-րդ հոդվածի 2-րդ մասում առկա մեկ այլ թերություն: Այսպես՝ նշված մասում օգտագործվում է «վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ» բառակապակցությունը, մինչդեռ «վիճարկման» բառը վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված հայցատեսակին, իսկ այդ հայցատեսակով դատարանին ներկայացված հայցապահանջը, այսինքն ՝ հայցի առարկան, կոնկրետ վարչական ակտի վերացման պահանջն է: Այսինքն՝ հայցվորը վարչական դատարանին ներկայացնում է ոչ թե վերադաս մարմնի ընդունած միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ, այլ վերացման պահանջ: Ուստի «վիճարկման պահանջ» ձեւակերպումն անհրաժեշտ է փոխարինել «վերացման պահանջ» ձեւակերպմամբ:

Բացի դրանից, անհրաժեշտ է «կայացված միջամտող վարչական ակտի» բառակապակցությունը փոխարինել «ընդունված միջամտող վարչական ակտի» բառակապացությամբ: Սույն առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր իրավական ակտերում անհրաժեշտ է ապահովել միեւնույն հասկացությունների օգտագործումը միատեսակ խմբագրությամբ, իսկ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում վարչական ակտերի կապակցությամբ օգտագործվում է բացառապես «ընդունված», այլ ոչ թե «կայացված» ձեւակերպումը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի հետ կապված անհրաժեշտ է կատարել հետեւյալ փոփոխությունները.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. « Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում եւ որոշումները կայացվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով բերված բողոքները` 5 դատավորի կազմով» ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում եւ որոշումները կայացվում են միանձնյա» Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածով արդեն իսկ սահմանվում է վերաքննիչ դատարանի կազմն ինչպես ընդհանուր վարույթի գործերով կայացվող գործն ըս տ էության լուծող եւ միջանկյալ դատական ակտերի քննության ժամանակ, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված գործերով կայացվող գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության ժամանակ:

Ելնելով համակարգային տրամաբանություն ապահովելու անհրաժեշտությունից ՝ աննպատակահարմար էՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները կարգավորել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մեկ այլ հո դվածով: Հետեւաբար՝ առաջարկում ենք համապատասխան փոփոխությունը կատարել ոչ թե Օրենսգրքի 196-րդ հոդվածում, այլ 141-րդ հոդվածի 2-րդ մասում այն շարադրելով նոր խմբագրությամբ. «Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում եւ որոշումները կայացվում են միանձնյա, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով` 5 դատավորի կազմով»:

Այդ դեպքում Օրենսգրքի 196-րդ հոդվածն անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 196. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի կազմը

Սույն գլխով նախատեսված գործերը քննում եւ լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով»:

Ինչ վերաբերում է Նախագծով ներկայացված առաջարկության ը , ապա անհրաժեշտ է նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածըներկայիս տեսքով հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

Բացի այդ, հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս անհրաժեշտ է դրանում ներառել նաեւ հոդվածի վերնագիրը, ինչը տվյալ դեպքում չի արվել:

Ավելին, Նախագծով առաջարկվող փոփոխությունը պետք է արտացոլվի նաեւ վերնագրում: Ելնելով այն հանգամանքից, որ փոփոխության արդյունքում հոդվածում սահմանվում է նաեւ վերաքննիչ բողոքարկման ժամանակ վարչական վերաքննիչ դատարանի կազմը, անհրաժեշտ է հոդվածի վերնագրում վարչական դատարանի հետ միասին հիշատակել նաեւ վերաքննիչ դատարանին:

4. Նախագծի 3-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջներին:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս . Առաքելյան

Ա. Ավագյան