«13» օգոստոսի 2014 թ.                                                                                                         ԻՎ-ե-117

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Պ-573-1.08.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Բաղդասարյանի, Ա. Հովհաննիսյանի, Ռ. Մուրադյանի եւ Մ. Եսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ենթարկվել է իրավական փորձաքննության Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները.

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումը եւ փոփոխությունը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ գործի վարույթը կարճելու մասին դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն վարչական դատարանի` գործն ըստ էության լուծողդատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով: Նույն հոդվածով սահմանված է նաեւ վարչական դատարանի կողմից կայացվող միջանկյալ դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետները:

Սակայն ոչ այդ հոդվածով, ոչ էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մեկ այլ հոդվածով սահմանված չէ գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը: Անհրաժեշտ է նշել, որ գործի վարույթը կարճելու մասին որոշումն իր էությամբ ոչ գործն ըստ էության լուծող դատական ակտ է, ոչ էլ միջանկյալ դատական ակտ, այլ գործն ըստ էության չլուծող դատական ակտ:

Նման պարագայում նախագծով առաջարկվող փոփոխությունը, ըստ որի գործի վարույթը կարճելու մասին դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով բավարար չէ առկա խնդիրը լուծելու համար:

Այսինքն` նախագծով առաջարկվող փոփոխությունները ընդունվելու դեպքում թեկուզ եւ կսահմանվի գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման բողոքարկման օրենսդրական հնարավորությունը, սակայն բողոքարկման ժամկետը պարզ չլինելու պատճառով օրենսդրական բացը կպահպանվի:

Ելնելով վերոշարադրյալից ՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածում ՝ սահմանելով գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը: Հետեւաբար` անհրաժեշտ է նախագծովառաջարկել Օրենսգրքի 127-րդ հոդվածում լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր մաս. «Վարչական դատարանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օրյա ժամկետում»:

3. Միաժամանակ սույն նախագծի շրջանակներում առաջարկում ենք շտկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի վերաբերյալ իրավակարգավորումներում առկա մեկ այլ խնդիր:

Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաեւ դատավարության մասնակիցների միջեւ դատական ծախսերի բաշխման հարցերը»:

Օրենքով պետք է սահմանվի, որ գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը ոչ միայն պետք է լուծի դատավարության մասնակիցների միջեւ դատական ծախսերի բաշխման հարցերը, այլ նաեւ հայցի ապահովման միջոցների վերացման հարցը: Նման կարգավորումը կապահովի, որ գործի վարույթի ավարտման դեպքում պարտադիր վերացվեն կիրառված հայցի ապահովման միջոցները:

Ելնելով վերոշարադրյալից` առաջարկում ենք սույն նախագծով առաջարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաեւ դատավարության մասնակիցների միջեւ դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը»:

Իրավաբանական վարչության պետ`                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ` Ա. Ավագյան

Ս. Առաքելյան

Հ. Սարդարյան