« 21 » օգոստոսի2014 թ.                                                                                                             ԻՎ-ե-1 24

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Պ-572-01.08.2014-ՖՎ-010/0)եւ «Սպառողական կրեդիտավորման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Պ-5721 -01.08.2014-ՖՎ-010/0)ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթըիրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է օրենսգիրքը լրացնել 888.1-րդ հոդվածով, որով սահմանվում են վարկային պայմանագրի նվազագույն պայմանները: Նման կարգավորումը նպատակ է հետապնդում լրացուցիչ երաշխիքներ ստեղծել վարկային պայմանգիր կնքած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության համար՝ սահմանելով, որ պայմանագրիորոշ պայմաններ պարտադիր են եւ առանց դրանց պայմանագիրը չի կարող կնքվել: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այլ դրույթներում «պայմանագրի նվազագույն պայմաններ» բառակապակցությունը չի օգտագործվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն . « Պ այմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջեւ պահանջվող ձեւով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:

Պայմանագրի առարկայի մասին պայմանները, որոնք օրենքում կամ այլ իրավական ակտերում նշված են որպես էական կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաեւ այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի համարվում են էական պայմաններ»:

Նշված հոդվածի տառացի վերլուծությունից բխում է, որ նախագծի 1-ին հոդվածով նախատեսված նվազագույն պայմաններն իրենց էությամբ էական պայմաններ են, եւ վարկային պայմանագրում դրանցից որեւէ մեկի նախատեսված չլինելը հանգեցնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածով սահմանված հետեւանքի առաջացմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի վերնագրում «նվազագույն» բառը փոխարինել «էական» բառով:

3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկվող 888.1-րդ հոդվածի 2-րդ մասում «վարկառուն» բառը առաջարկում ենք փոխարինել «վարկառուին» բառով ՝ ելնելով«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջներից:

4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով վարկատուն պարտավորվում է վարկային պայմանագրի նվազագույն պայմանների մասին իրազեկել վարկառուին: Վարկային պայմանագրի նվազագույն պայմանների մասին իրազեկվածությունը վարկառուի համար կարեւոր երաշխիք է, իսկ դրանց չիմացությունը կարող է հանգեցնել վարկառուի իրավունքների խախտման: Սակայն նախագծով սահմանված չէ համապատասխան իրազեկման կարգ, ինչն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել նախագծի հիշյալ դրույթների ոչ միատեսակ մեկնաբանմանը: Հետեւաբար` միանշանակ համաձայնվելով նախագծում առաջարկվող կարգավորման հետ` առաջարկում ենք նախագծի նշված հոդվածում սահմանել նաեւ վարկային պայմանագրի էական պայմանների իրազեկման կարգը: Մասնավորապես՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը «վարկառուին» բառից հետո լրացնել «գրավոր» բառը:Նման կարգավորումը մի կողմից կկանխի համապատասխան նորմի իրարամերժ մեկնաբանությունները, մյուս կողմից կապահովի վարկառուի շահերի առավել պաշտպանվածությունը:

5. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվում է օրենսգիրքը լրացնել 891.1-ին հոդվածով: Առաջարկում ենք հոդվածի վերնագրում «891.1.» թիվը փոխարինել «888.2» թվով: Դրանով կիրացվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, քանի որ գործող իրավակարգավորմամբ օրենսգրքի47-րդ («Վարկ») գլխի վերջին երկու` 890-րդ եւ 891-րդ հոդվածները վերաբերում են վարկերի տեսակներին ՝ համապատասխանաբար ապրանքային վարկին եւ առեւտրային վարկին, իսկ նման պայմաններում տրամաբանական չէ վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքի կամ տոկոսների հաշվարկման կարգը փոփոխելուն վերաբերող հոդվածը զետեղել հիշյալ հոդվածներից հետո, եթե կարելի է այն տեղադրել հենց հեղինակի կողմից առաջարկվող 888.1-րդ (Վարկային պայմանագրի նվազագույն պայմանները) հոդվածից հետո:

6. Հարկ ենք համարում նշել, որ ո՛չ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ո՛չ այլ իրավական ակտերում չեն սահմանվում «անվանական տոկոսադրույք», «հաստատուն տոկոսադրույք», «լողացող տոկոսադրույք» հասկացությունները: Չնայած այն հանգամանքին, որ այս տերմինները գործարար շրջանառության մեջ կիրառվում են, այդուհանդերձ նշված տերմինների իրավական ձեւակերպման բացակայության դեպքում իրավակիրառողի համար կարող են առաջանալ խնդիրներ` դրանց միանշանակ ընկալման տեսանկյունից: Ուստի առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանել «անվանական տոկոսադրույք», «հաստատուն տոկոսադրույք», «լողացող տոկոսադրույք» հասկացությունները` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն «Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները»:

7. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքումլրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված 891.1 հոդվածով սահմանվելու են վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքի կամ տոկոսների հաշվարկման կարգը փոխելու վերաբերյալ դրույթներ: Նշված հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը սահմանում է հետեւյալը. «Հաստատուն տոկոսադրույքով վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքի չափը չի կարող փոփոխվել»: Այս դրույթը ենթադրում է իմպերատիվ պահանջ, որի համաձայն ոչ մի դեպքում (ո՛չ միակողմանի, ո՛չ փոխադարձ համաձայնությամբ) նշված պայմանագրում անվանական տոկոսադրույքը չի կարող փոփոխվել: Նույն հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը սահմանում է այլ բան. «Այդ պայմանագիրը չի կարող պարունակել այնպիսի դրույթ, որը վարկատուին թույլատրում է միակողմանիորեն փոփոխել պայմանագրով սահմանված տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը»: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նույն հոդվածի նույն մասի տարբեր նախադասություններում օգտագործվում են մի դեպքում «անվանական տոկոսադրույք», իսկ մյուս դեպքում «տոկոսադրույք» տերմինները: Ոստի անհասկանալի է, թե երկրորդ նախադասության մեջ ինչ տոկոսադրույքի մասին է խոսքը: Եթե նշված նախադասության մեջ անվանական տոկոսադրույքի չափի միակողմանի փոփոխման արգելքի մասին է, ապա հարկ ենք համարում նշել, որ նման ձեւակերպման անհրաժեշտությունը չկա, քանի որ առաջին նախադասությունով արդեն իսկ սահմանված է նման արգելք:

     Ելնելով վերոգրյալից ՝ առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Այդ պայմանագիրը չի կարող պարունակել այնպիսի դրույթ, որը վարկատուին թույլատրում է միակողմանիորեն փոփոխել պայմանագրով սահմանված տոկոսների հաշվարկման կարգը»:

8.«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածը որպես օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ նշում է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: Այնինչ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն ՝ «Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող եւ փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաեւ դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվիրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ կամ եթե սույն օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ»: Ոստի հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներն առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. U ույն o րենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Նույնը վերաբերում է նաեւ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածին:

9. «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում նախատեսվում է օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով. «5.1 Մինչեւ պայմանագրի կնքումը կրեդիտավորողըպարտավոր է սպառողին իրազեկել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների մասին»: Հարկ է նշել, որ կրեդիտավորման պայմանագրի նվազագույն պայմանները սահմանված են ոչ թե օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում, այլ նույն հոդվածի 3-րդ մասում: Ուստի առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածումնշված «2» թիվը փոխարինել «3» թվով:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏՀ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող Ս. Առաքելյան