«14» օգոստոսի 2014 թ.                                                                                                     ԻՎ-ե-118

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-575-01.08.2014-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Մարգարիտ Եսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները.

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2.Նախագծի 2-րդ հոդվածի ա) ենթակետում «դատարանի վճռով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրինական ուժի մեջ մտած դատական ակտով» բառերով:

Սույն առաջարկը պայմանավորված է նրանով, որ անձը կարող է մահացած, անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչվել ոչ միայն առաջին ատյանի դատարանի կայացրած վճռով, այլ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների կայացրած որոշումներով, երբ վերջիններս ստորադաս դատական ատյանների ակտերի վերանայման արդյունքում բեկանում են եւ փոփոխում են դրանք՝ կայացնելով ոչ թե վճիռներ, այլ որոշումներ` համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի: Բացի այդ, ելնելով այն հանգամանքից, որ անձի մահացած, անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչվելու համար անհրաժեշտ է համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, առաջարկում ենք հիշյալ դրույթում լրացնել «օրինական ուժի մեջ մտած» բառերը: Հարկ է նշել նաեւ, որ նույնաբնույթ կարգավորում է սահմանված նաեւ նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, որի համաձայն աշխատողին պատասխանատվության ենթարկող դատավճիռը պետք էօրինական ուժի մեջ մտած լինի:

3. Առաջարկում ենք սույն նախագծի շրջանակներում շտկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածում առկա մեկ այլ թերություն: Այսպես` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է, եթե oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից: ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը: Այսինքն` ՀՀ Սահմանադրության հիշյալ հոդվածի համաձայն աշխատողը կարող է զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից միայն օրենքով սահմանված կարգով: Հետեւաբար` առաջարկում ենք սույն նախագծով առաջարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.«եթե oրենքով սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից»:

4. Առաջարկում ենք սույն նախագծի շրջանակներում շտկել նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածում առկա մեկ այլ թերություն: Այսպես` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն աշխատանքային պայմանագիրը լուծվում է, եթե աշխատողը մինչեւ տասնվեց տարեկան է, եւ ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի պետական տեսուչը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում:

Կարծում ենք սույն կետով սահմանվող սուբյեկտների շարքում անհրաժեշտ է նշել նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմնին: Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի նկատմամբ, մինչեւ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններն իրականացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը:

Հետեւաբար` աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավասությամբ պետք է օժտված լինի նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը: Ուստի առաջարկում ենք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «եթե աշխատողը մինչեւ տասնվեց տարեկան է, եւ ծնողներից մեկը, որդեգրողը, հոգաբարձուն կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի պետական տեսուչը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում»:

5. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

5.1.Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածները անհրաժեշտ է նախատեսել մեկ հոդվածով, քանի որ հիշյալ դրույթներում խոսքը գնում է օրենսգրքի միեւնույն հոդվածում լրացումներ կատարելու մասին: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներից:

5.2.Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

5.3.Նախագծի 4-րդ հոդվածում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Իրավաբանական վարչության պետ`                                                                Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ`Ա.Մանուկյան

Գ.Հովսեփյան

Ս. Առաքելյան