« 21 » օգոստոսի2014 թ.                                                                                                             ԻՎ-ե-1 23



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքինախագծի(փաստաթղթային կոդ` Կ-576-08.08.2014-ՊԻ-010/0)վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքինախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ նախագծի նպատակն է հավասար մոտեցում դրսեւորել բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ Հայաստանի Հանրապետությանպետականռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու հարցում: Նախագծի նման նպատակը ապահովելու համար, կարծում ենք, այն ենթակա է խմբագրման:

Այսպես ՝ նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության դատախազական մարմինները, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինները: Սակայն կարծում ենք, որ«օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինները» տերմինը չի ընդգրկում բոլոր պետական մարմիններին:Այսպես` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի(այսուհետ ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի վերլուծությունից բխում է,որ «օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինները» տերմինը ընդրգկում է միայն հանձնաժողովները, ծառայությունները եւ խորհուրդները: Նման պարագայում մի շարք պետական մարմիններ չեն կարող դասվել օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների թվին: Մանաավորապես` Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ եւ 11-րդ կետերովառանձնացված են Ազգային անվտանգության խորհուրդը եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն: Հետեւաբար` Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 9-րդ եւ 11-րդ կետերի համատեղ վերլուծությունից բխում է, որ ՀՀ քննչական կոմիտեն եւ Ազգային անվտանգության խորհուրդը չեն համարվում օրենքով ստեղծված մշտապես գործող մարմին, սակայն վերջիններս եւս, որպես պետական մարմիններ, պետք է ազատված լինեն Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար վճարվող պետական տուրքից:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ նախագծի 1-ին հոդվածը ենթակա է խմբագրման այննպատակով, որպեսզի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում ընդգրկվեն«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր մարմինները:

3. Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության դատախազական մարմինները» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատախազություն» բառերով: Նման առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով օգտագործվում է «Հայաստանի Հանրապետության դատախազություն» տերմինը, այլ ոչ թե «դատախազական մարմիններ» տերմինը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող`Ա. Մանուկյան

Ս. Առաքելյան

Գ. Հովսեփյան