«03» սեպտեմբերի 2014 թ.                                                                                              ԻՎ-ե-128

Եզրակացություն

«Սահմանապահ համայնքների մասին»(փաստաթղթային կոդ Պ-577-19.08.2014-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացվում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները.

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հայտնում ենք հետեւյալը.

Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն սահմանապահ համայնքների բնակիչներն ազատվում են սահմանապահ համայնքի տարածքում ունեցած հողի հարկից եւ սահմանապահ համայնքի տարածքում ունեցած անշարժ գույքի գույքահարկից:

ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում: Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է ՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը: Սահմանադրական հիշյալ նորմը երաշխավորում է համայնքի` տեղական ինքնակառավարում իրականացնելու կարողությունը: Այդ կարողությունն ուղղված է լուծելու տեղական նշանակության հարցերը` ի բարօրություն համայնքի բնակիչների:

ՀՀ Սահմանդրության 106-րդ հոդվածի համաձայն համայնքներն իրենց բյուջեն ձեւավորում են ինքնուրույն: Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի համաձայն համայնքի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձեւավորման եւ ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի եւ համայնքի` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:

Նույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համայնքի բյուջեն ձեւավորվում է համայնքների բյուջեներին` օրենքով եւ իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերից, այդ թվում` տեղական հարկերից` հողի հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար, գույքահարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար եւ այլն:

Հիշյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ Սահմանդրությամբ եւ օրենքով երաշխավորվում է համայնքի` տեղական ինքնակառավարում իրականացնելու իրավունքը եւ կարողությունը, որն արտահայտվում է նաեւ տեղական հարկերի դրույքաչափերը սահմանելու եւ դրանք հավաքագրելու միջոցով: Ավելին` Հայաստանի Հանրապետության վավերացրած` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 9-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի մասը պետք է գոյանա տեղական հարկերից եւ վճարներից, որոնց դրույքաչափերը տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն սահմանել օրենքի շրջանակներին համապատասխան, մինչդեռ նախագծի 3-րդ հոդվածով, ըստ էության, համայնքը զրկվում է սեփական եկամուտները հավաքագրելու եւ համայնքի բյուջե ձեւավորելու հնարավորությունից, ինչը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության եւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հիշյալ նորմերի տեսանկյունից:

3. Նախագծի բովանդակությունից բխում է, որ դրա կարգավորման առարկան է սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն, հարկային արտոնություններ տրամադրելը, ինչպես նաեւ նշված համայնքների բնակիչներին դրամական կամ գույքային օգնություն ցուցաբերելը: Այդ առումով հարկ ենք համարում նշել, որ «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները, ինչպես նաեւ կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականությունն իրականացվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրով, իսկ 4-րդ հոդվածով սահմանված են համալիր ծրագրին ներկայացվող պահանջները: Մասնավորապես` 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համալիր ծրագիրը ներառում է նաեւ սահմանամերձ տարածաշրջանների ցանկը` ըստ բնակավայրերի, սահմանամերձ տարածաշրջանների բնակչությանը եւ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող արտոնությունները եւ այլն: Հիմք ընդունելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի եւ «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքներով կարգավորվող հարաբերությունների շրջանակներն, ըստ էության, նույնական են: Ուստի գտնում ենք, որ նախագծով կարգավորվող հարաբերություններն անհրաժեշտ է նախատեսել «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի հիման վրա ընդունվող իրավական ակտերով` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հիշյալ 4-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաեւ դրա կատարումն ապահովող օրինագծերը: Հարկ է նշել, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն տարեկան ծրագիրը ներառում է համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները:

4. Նախագծի վերնագրի եւ դրա կարգավորման առարկայի միջեւ առկա է անհամապատասխանություն` հաշվի առնելով նախագծի բովանդակությունը եւ դրակարգավորման շրջանակները: Մասնավորապես` նախագծի վերնագրից բխում է, որ նախագծով սահմանվելու են սահմանապահ համայնքների իրավական կարգավիճակին բնորոշ առանձնահատկություններ, մինչդեռ նախագծի բովանդակությունից բխում է, որ դրա կարգավորման առարկան է սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն, հարկային արտոնություններ տրամադրելը, ինչպես նաեւ նշված համայնքների բնակիչներին դրամական կամ գույքային օգնություն ցուցաբերելը: Ուստի նախագծի վերնագիրն անհրաժեշտ է վերանայել` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Բացի այդ, նախագծի վերնագրում եւ նախագծի ամբողջ տեքստում նշված «սահմանապահ համայնք» արտահայտությունը տեղին չէ, քանի որ համայնքը կարող է լինել սահմանամերձ, այլ ոչ թե սահմանապահ: Այդ առումով նախագծի վերնագրում եւ նախագծի ամբողջ տեքստում նշված «սահմանապահ համայնք» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սահմանամերձ համայնք» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

5. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «ամսեկան» բառն անհրաժեշտ է փոխարինել «ամսական» բառով, իսկ 4-րդ հոդվածում նշված «Ադրբեջանական» բառն անհրաժեշտ է փոխարինել «ադրբեջանական» բառով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

6. Նախագծի 5-րդ հոդվածում պարզ չէ «համարժեք օթեւան» տերմինի իրավական բովանդակությունը, պարզ չէ նաեւ, թե ինչ չափանիշներով է որոշվելու տրամադրվող «օթեւանի համարժեքությունը»:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                   Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող`Ս. Առաքելյան