«09» սեպտեմբերի 2014 թ.                                                                                                ԻՎ-ե-132

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-579-28.08.2014-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հ. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացվում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները.

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենքներին:

Օ րենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից հայտնում ենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «այսուհետ ՝ Օրենք» բառերը, իսկ Նախագծի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածներում նշված «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68» բառերն անհրաժեշտ է հանել:

2. Նախագծի 1-ին հոդվածում նշված «9-րդ հոդվածի» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «3-րդ մասի» բառերը, քանի որ հիշյալ հոդվածով կատարվող փոփոխությունը վերաբերում է օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի բ) կետին: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, իսկ կետերը` միայն համարակալված ենթակետերի:

3. Նախագծի 1-ին եւ 6-րդ հոդվածներում նշված «ենթակետ» բառն անհրաժեշտ է փոխարինել «կետ» բառով, իսկ 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածներում նշված «կետ» բառն անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառով ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

4. Նախագծի 2-րդ հոդվածն անհրաժեշտ է հանել, քանի որ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թ. հոկտեմբերի 23-ի ՀՕ-253 օրենքով:

5. Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներն անհրաժեշտ է նախատեսել նույն հոդվածով, քանի որ նշված հոդվածներում նախատեսված փոփոխությունները վերաբերվում են օրենքի նույն ՝ 12-րդ հոդվածին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                            Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան