«22» սեպտեմբերի 2014 թ. ԻՎ-ե-137
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-585-04.09.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է « Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծով առաջարկված հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում օգտագործվում է « ծառայություններ կամ գործողություններ ձեռք բերել» արտահայտությունը: Մինչդեռ, ձեռք բերվել կարող են ոչ թե ծառայությունները կամ գործողությունները, այլ դրանց արդյունքը: Հետեւաբար, առաջարկում ենք հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում « ծառայությունները կամ գործողությունները» բառերը փոխարինել « ծառայությունների կամ գործողությունների արդյունքը» բառերով:
1-ին մասի վերջում դրված է միջակետ, որն անհրաժեշտ է փոխարինել վերջակետով:
2. Նախագծով առաջարկված հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում նշված « ՀՀ» հապավումն անհրաժեշտ է բացել՝ դարձնելով « Հայաստանի Հանրապետության» ՝ ելնելով « Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներից:
3. Նախագծով առաջարկված հոդվածի 4-րդ մասի առաջին՝ « Էլեկրոնային» բառը հարկավոր է դարձնել « Էլեկտրոնային» , նույն մասի « ստեղծել» բառից հետո գրված « Էլեկտրոնային» բառն անհրաժեշտ է գրել փոքրատառ: Նույն մասում « սպասարկումի» բառն առաջարկում ենք փոխարինել « սպասարկումը» բառով, « վերապեհվել» բառը՝ « վերապահվել» բառով:
Նույն մասի շարադրանքից պարզ չէ, թե որ մարմինը կարող է էլեկտրոնային համակարգի օպերատորի գործառույթները վերապահել պետական որեւէ մարմնի կամ իրավաբանական անձի: Քանի որ էլեկտրոնային համակարգի օպերատորի ստեղծման իրավունքը Նախագծով վերապահվում է ՀՀ կառավարությանը, առաջարկում ենք օպերատորի գործառույթները պետական որեւէ մարմնի կամ իրավաբանական անձի վերապահելու իրավունքը եւս թողնել կառավարությանը: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծով առաջարկված հոդվածի 4-րդ մասի « գործառույթները» բառից հետո ավելացնել « Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող՝ Ս. Առաքելյան