«19» սեպտեմբերի 2014 թ.                                                                                                     ԻՎ-ե-135

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-083-14.09.2012,04.09.2014-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0831 -14.09.2012,04.09.2014-ՊԻ-010/0) եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0832 -14.09.2012,04.09.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) սահմանել խմբային հայցի ինստիտուտը եւ առաջարկվում է այն նախատեսել առանձին՝ «Խմբային հայց» գլխով: Սակայն նախագծով առաջարկվող լրացումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանով սահմանվում են ոչ միայն խմբային հայցին բնորոշ առանձնահատկությունները, այլ նաեւ խմբային հայցով վարույթին բնորոշ առանձնահատկությունները: Դրանով պայմանավորված՝ առաջարկում ենք լրացվող գլուխը վերանվանել «Խմբային հայցով վարույթի առանձնահատկությունները» վերնագրով:

2.Նախագծով խմբային հայցով վարույթի առանձնահատկություններին վերաբերող գլուխը առաջարկվում է նախատեսել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13.1-րդ գլխում ՝ «Հայցի հարուցումը» վերտառությամբ գլխից հետո եւ մի շարք գլուխներից ՝ «Հայցը կամ դիմումը առանց քննության թողնելը», «Դատաքննությունը», «Դատարանի վճիռը» առաջ: Սակայն «Հայցի հարուցումը» վերտառությամբ գլխով սահմանվում են իրար հաջորդող գլուխների կարգավորման առարկային վերաբերող մի շարք կանոններ:

Հետեւաբար, առաջարկում ենք խմբային հայցով վարույթի առանձնահատկություններին վերաբերող գլուխը լրացնել ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13.1-րդ գլխում, այլ 22.2-րդ գլխից հետո:

3. Հաջորդ դիտողությունը, որը, կարծում ենք ՝ անհրաժեշտ է շտկել, եւ որը Ն ախագծում ունի համատարած բնույթ, եւ որին մանրամասն անդրադարձ է կատարվել սույն եզրակացության տարբեր կետերում, վերաբերում է առաջարկող գլխի լրացման դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործի քննության ընդհանուր կանոնների եւ խմբային հայցով վարույթի առանձնահատկություններին վերաբերող հատուկ կանոնների հարաբերակցությանը:

Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բաժանված չէ ընդհանուր եւ հատուկ մասերի, այդուհանդերձ իրավունքի տեսության, այդ թվում նաեւ ՝ քաղաքացիական դատավարության իրավունքի տեսության մեջ, առանձնացվում են ընդհանուր եւ հատուկ նորմեր: Ընդհանուր նորմերը նախատեսում են կանոններ, որոնք ընդհանուր են օրենսգրքի բոլոր բաժինների համար:

Նախագծում մի շարք դեպքերում խմբային հայցով վարույթի առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր կանոնները նախատեսող հոդվածներում (օրինակ օրենսգրքի 92-րդ հոդվածի 9-րդ կետում կատարվող լրացումը), իսկ մի շարք այլ դեպքերում ՝ բացառապես խմբային հայցով վարույթի առանձնահատկությունները գլխում (օրինակ ՝ 96.7 հոդվածը, որը սահմանում է խմբային հայցով գործի քննության ընթացակարգը): Ելնելով վերոշարադրյալից ՝ անհրաժեշտ է ապահովել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կառուցվածքի տրամաբանական միասնականությունը, հաջորդականությունը եւ համակարգվածությունը («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը):

Նման առանձին դեպքերին անդրադարձ կկատարվի սույն եզրակացության առանձին կետերում:

Նշված խնդիրը լուծելու նպատակով առաջարկում ենք Նախագծում լրացնել դրույթ, որի համաձայն ՝ խմբային հայցով վարույթի նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները, եթե սույն գլխով հատուկ կանոններ նախատեսված չեն: Նման պայմանի նախատեսման դեպքումգլուխը չի ծանրաբեռնվի դրույթներով, որոնց նորմատիվ անհրաժեշտությունը բացակայում է: Այսպես ՝ նախագծի 96.1-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտություն չի լինի հղում կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի պահանջներին:

4. Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսվում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածը լրացնելհետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.

«9) խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը բացակայում է:»:

Օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է հայցադիմումը վերադարձնելու հիմքերը: Օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ եթե հայցադիմումն ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից, դրան կցվում է նաեւ վերջինիս` հայց հարուցելու լիազորությունները հավաստող լիազորագիրը:

Սա նշանակում է, որ ոչ միայն խմբային, այլ նաեւ անհատական հայցի դեպքում լիազորագրի բացակայությունը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար, մինչդեռ Օրենսգրքի 92-րդ հոդվածը նման դրույթ չի նախատեսում, իսկ գործնականում լիազորագրի բացակայության պարագայում հայցադիմումը վերադարձվում է:

Առաջարկում ենք լրացումը կատարել ոչ միայն խմբային, այլեւ անհատական հայցադիմումիմասով եւ 92-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.

«9) հայցադիմումն ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից կամ ներկայացված է խմբային հայց, եւ ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթուղթը բացակայում է:»:

5. Նախագծի 3-րդհոդվածում նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել 96.1-րդ ՝ «Խմբային հայցով դատարան դիմելու իրավունքը» հոդվածով: Հոդվածում թվարկված են այն պայմանները, որոնց դեպքում հայցը կարող է համարվել խմբային: Առաջարկում ենք հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ բովանդակությամբ ՝ «Խմբային հայց հարուցելը»` ապահովելով օրենսգրքում օգտագործվող տերմինների միասնականությունը (օրինակ ՝ գլուխ 13-րդ ՝ «Հայց հարուցելը», հոդված 96-րդ ՝ «Հակընդդեմ հայց հարուցելը»):

6. Նախագծով առաջարկված 96.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը կազմվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցադիմումին կցվում է խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը:

Այսպես, Նախագծում հղում է կատարվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածին, որտեղ սահմանվում են հայցի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները եւ հղում չի կատարվում նույն օրենսգրքի 88-րդ հոդվածին, որը սահմանում է հայցադիմումին կցվող փաստաթղթերը (լիազորագիր, պետական տուրքի վճարման անդորագիրը եւ այլն): Հայցադիմումին կցվող փաստաթուղթ է նաեւ լիազորագիրը: Լիազորագիրը հայցադիմումին կցելու վերաբերյալ դրույթ սահմանված է 96.1-րդ հոդվածի 3-րդ մասում, իսկ Նախագծում օրենսգրքի 88-րդ հոդվածում սահմանված այլ փաստաթղթերի մասին խոսք չկա:

Փաստացի ստացվում է, որ խմբային հայց հարուցելիս պարտադիր է պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի պահանջները եւ 88-րդ հոդվածի պահանջներից միայն մեկը, իսկ 88-րդ հոդվածով նախատեսված սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդությունը կամ օրինակ պայմանագիր կնքելուն հարկադրելու մասին հայցի դեպքում համապատասխան պայմանագրի նախագիծը կցելու մասին պահանջները կարող են չպահպանվել:

Ուստի առաջարկում ենք 96.1-րդ հոդվածի 2-րդ մասի «87-րդ» բառից հետո լրացնել «եւ 88-րդ» բառերը: Միաժամանակ անհրաժեշտ է հանել Նախագծով առաջարկված 96.1-րդ հոդվածի 3-րդ մասը:

7. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել 96.2-րդ հոդվածով, որի 2-րդ մասը սահմանում է. «Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին բացառում է հայցվորի մասնակցությունը դատավարությանը, բացառությամբ, երբ հայցվորը ինքն է հանդես գալիս, որպես խմբային հայցով ներկայացուցիչ»:

Տվյալ դեպքում, կարծում ենք ՝ առկա է խնդիր կապված ընդհանուր եւ հատուկ կանոնների ճիշտ սահմանազատման հետ: Այսպես ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասը, որպես ընդհանուր կանոն, նախատեսում է. «Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից»: Եթե Օրենսգրքի հատուկ նորմերում, ինչպիսիք են խմբային հայցը կարգավորող նորմերը, նախատեսում ենք այլ կանոն, ապա ընդհանուր կանոնում պետք է նախատեսվի բացառություն:

Առաջարկում ենք օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «իրավունքից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 96.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը:

8. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող 96.2-րդ հոդվածի 2-րդ մասի շարադրանքից պարզ է դառնում, որ այն փաստացի բացառում է խմբային հայցով հայցվորի ինքնուրույն դատավարական գործողություններ կատարելու իրավունքը: Մինչդեռ նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 96.7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Խմբային հայց ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրվում է դատական ակտը` համապատասխան գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից երեք օրվաընթացքում»:

Այս նորմերի համատեղ վերլուծությունից բխում է, որ հայցվորները չեն կարող անձամբ դիմել դատարան դատական ակտը ստանալու նպատակով, քանի որ այդ դեպքում կխախտվի նրանցինքնուրույն դատավարական գործողություններ կատարելու արգելք սահմանող կանոնը: Մեր կարծիքով, այս կարգավորման պայմաններում դատական ակտը տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմում պետք է ներկայացնի ներկայացուցիչը:

Ուստի առաջարկում ենք վերախմբագրել 96.7-րդ հոդվածի 3-րդ մասը ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Խմբային հայց ներկայացրած հայցվորներից որեւէ մեկին կամ բոլորին դատական ակտը տրամադրվում է ներկայացուցչի կողմից այդ մասին գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում:»:

9. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող 96.3-րդ հոդվածի համաձայն. «Դատարանում խմբային հայցով ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած խմբային հայցի հայցվոր ՝ հաշվի առնելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված պահանջը, կամ փաստաբան, կամ հասարակական կազմակերպություն, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն»:

Դատական ներկայացուցչության հետ կապված հարցերը կարգավորված են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով: Դրա 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը, որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ ՝

1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաեւ ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.

2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի:

Հոդվածի մեկնաբանությունից հետեւում է, որ, որպես ընդհանուր կանոն, դատական նեկայացուցչություն իրականացնում է միայն փաստաբանը, իսկ այլ անձը կարող է իրականացնել միայն «Փաստաբանության մասին» ՀՀօրենքով նախատեսված դեպքերում:

Հետեւաբար ՝ Նախագծի 3-րդ հոդվածի բովանդակությունն ընդհանրապես չի համապատասխանում օրենսդրական ներկայիս կարգավորմանը, քանի որ որպես ներկայացուցիչ նշված են ՝ խմբային հայցով հայցվորներից մեկը, փաստաբանը, հասարակական կազմակերպությունը:

Ինչ վերաբերում է խմբային հայցի հայցվորներից մեկին, ապա նախագծի կարգավորումից հետեւում է, որ խմբային հայցով ներկայացուցիչ հանդես եկող հայցվորը եւս պետք է ունենա պատշաճ ձեւակերպված լիազորագիր, իսկ ներկայացուցչություն իրականացնելու համար այս սուբյեկտները պետք է նախատեսված լինեն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով:

Ուստի առաջարկում ենք ներկայացված նախագծերի փաթեթում ներառել եւս մեկ օրենքի նախագիծ ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ նույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել 3-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ ՝ «3. խմբային հայցով հայցվորներից մեկը ՝ լիազորագրի առկայության դեպքում:»:

Առաջարկում ենք96.3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Դատարանում խմբային հայցով ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած խմբային հայցի հայցվորը, փաստաբանը եւ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված այլ անձինք:Ներկայացուցչի, բացառությամբ փաստաբանի, լիազորությունները պետք է ձեւակերպված լինեն լիազորագրով:»:

10. Նախագծով առաջարկվող 96.3-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «կամ հասարակական կազմակերպություն» բառերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն ՝ շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության համար: Այսինքն ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատարան դիմելու իրավունքը վերապահել է բացառապես շահագրգիռ անձին:Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններին, ապա Օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն դատարանում բացի իր շահերի պաշտպանությունից կարող է հանդես գալ, ոչ թե որպես ներկայացուցիչ, այլ դիմել դատարան այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար` հանդես գալով որպես հայցվոր (հայցվոր կողմ):

Ելնելով վերոշարադրյալից ՝ Նախագծով առաջարկվող 96.3-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «կամ հասարակական կազմակերպություն» բառերը:

11. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է օրենսգիրքը լրացնել 96.4-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ . «Խմբային հայցով ներկայացուցչի լիազորագիրը տրվում է խմբային հայցի բոլոր հայցվորների կողմից գրավոր ձեւով մեկ ընդհանուր կամ առանձին լիազորագիր կազմելու միջոցով: Խմբային հայցի հայցվորի կողմից ներկայացուցչին առանձին տրված լիազորագիրը պետք է նշում պարունակի այն մասին, որ լիազորագիրը տրվում է խմբային հայցով հանդես գալու նպատակով ՝ խմբային հայցի մյուս հայցվորների թվարկմամբ»:

Անհրաժեշտ է նշել, որ նախագծի նպատակն է բարձրացնել դատավարության արդյունավետությունը: Նման պարագայում ճիշտ կլինի լիազորագրի տրամադրումը ոչ թե յուրաքանչյուր հայցվորի կողմից, այլ ընդհանուր մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Բանն այն է, որ համահայցվորների շահերը պետք է ներկայացնի ընդհանուր ներկայացուցիչը, եւ չպետք է լինի գոնե մեկը, ով համաձայն չէ, որ նշված ներկայացուցիչը պաշտպանի իր շահերը, այդ պատճառով, ինչպես նաեւ ավելորդ թղթաբանությունից խուսափելու համար, աաջարկում ենք սահմանել իմպերատիվ պահանջ, որ լիազորագիրը կազմվում է բոլորի կողմից: Առաջարկում ենք 96.4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.«Խմբային հայցով ներկայացուցչի լիազորագիրը տրվում է խմբային հայցի բոլոր հայցվորների կողմից` գրավոր ձեւով մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով»:

12. Լրացվող 96.4-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «Խմբային հայցով ներկայացուցչին տրվող լիազորագիրը նոտարական վավերացման ենթակա չէ»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.«Քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձեւով եւ վավերացման ենթակա չէ»:

Ելնելով ընդհանուր եւ հատուկ նորմերի մրցակցությունից ՝ առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասում «անձը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 96.4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի» բառերը:

13. Նախագծով առաջակվող 96.5-րդ հոդվածի 1-ին մասն, ըստ էության, ամբողջությամբ արտացոլում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի կանոնները: Ուստի, ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից, ըստ որի՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, առաջարկում ենք Նախագծով առաջարկված 96.5-րդ հոդվածի 1-ին մասը հանել, քանի որ դրա չամրագրման դեպքում էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի դրույթները կտարածվեն խմբային հայցով ներկայացուցչի վրա:

14. Նախագծի 3-րդ հոդվածով լրացված 96.5-րդհոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը ունեն նույն շարադրանքը: Առաջարկում ենք նշված մասերը ձեւակերպել հոդվածի մեկ մասով ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Դատարանը պարտավոր է դադարեցնել խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները, եթե`

1) պահանջում է խմբային հայցի հայցվորների մեծամասնությունը.

2) ներկայացուցիչ հանդիսացող հայցվորը դադարում է խմբային հայցով հայցվոր լինելուց.

3) ներկայացուցիչ փաստաբանի դեպքում ՝ նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:»:

15. Նույն՝ առաջարկվող 96.5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե խմբային հայցի հայցվորների մեծամասնություն չկազմող մասը ցանկանում է դադարեցնել խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները կամ փոխել խմբային հայցով ներկայացուցչին, ապա դատարանը նրանց պահանջների մասով առանձնացնում է գործի վարույթը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով: Առանձնացված մասով գործը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13.1-րդ գլխի կանոններով, եթե առանձնացված համահայցվորների քանակը 30 եւ ավելի է:

Այստեղ բաց են մնում երկու հարցեր. առաջին՝ Նախագիծը կարգավորում է առանձնացումից հետո գործի քննության կանոնների հարցը, եւ այս պարագայում պարզ չէ, թե մյուս մասով գործի քննությունը ո՞ր կանոնների համաձայն պետք է ընթանա, երկրորդ՝ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ առանձնացումից հետո սկզբնական գործով համահայցվորների քանակը պակասում է 30-ից:

Ելնելով հիշյալ բացերի լրացման անհրաժեշտությունից՝ առաջարկում ենք 96.5-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Մնացած մասով, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ գործի վարույթի առանձնացումից հետո առանձնացված համահայցվորների թիվը պակասում է 30-ից, գործը քննվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոններով:»:

16. Նախագծով առաջարկվող 96.6-րդ հոդվածի («Խմբային հայցով ներկայացուցչի փոխարինումը») 2-4-րդ մասերը վերաբերում են խմբային հայցն առանց քննության թողնելուն եւ չեն համապատասխանում վերնագրին: Առաջարկվում ենք այդ երեք մասերը նախատեսել առանձին հոդվածի տեսքով:

17. Նախագծի 96.6-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 96.7-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունն առաջարկում ենք հանել, քանի որ դրանցում կրկին անգամ կկարգավորվեն այն հարցերը, որոնք արդեն կարգավորված են Նախագծի համապատասխանաբար 4-րդ եւ 5-րդ հոդվածներով: Կարծում ենք՝ անիմաստ է Նախագծի 96.6-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 96.7-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել հայցն առանց քննության թողնելու եւ գործի վարույթը կարճելու վերաբերյալ դրույթները, եթե առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներում:

18. Նախագծի 96.7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ օրենսգրքի 96.1 հոդվածի պահանջներին հայցադիմումի չհամապատասխանելու դեպքում հայցը ենթակա է վերադարձման:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը հայցադիմումը վերադարձնում է ոչ միայն վերը նշված դեպքում այլ նաեւ այլ դեպքերում, երբ առկա են 92-րդ հոդվածով սահմանված այլ հիմքեր` առաջարկում ենք 96.7-րդ հոդվածով սահմանվածվերադարձման հիմքը լրացնել ոչ թե նշված հոդվածում, այլ օրենսգրքի 92-րդ հոդվածում:

19. Նախագծի 96.8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Ծանուցագիրն ուղարկվում է խմբային հայցով ներկայացուցչին դատական նիստից մեկ ամիս առաջ` բոլոր հայցվորներին տեղյակ պահելու հնարավորություն տալու նպատակով: Հայցով ներկայացուցչի դատական նիստի մասին սույն օրենսգրքի 11-րդ գլխում նախատեսված կարգով ծանուցման դեպքում ծանուցված են համարվում նաեւ բոլոր հայցվորները»:

Անհրաժեշտ է նշել, որ մի շարք դեպքերում դատական նիստից առնվազն մեկ ամիս առաջ ծանուցելու կանոնը չի կարող գործել: Այսպես, օրինակ` հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը վերացնելու հարցը դատարանը եւս լուծում է դատական նիստ հրավիրելով, ընդ որում Օրենսգիրքը հստակ սահմանում է, որ նշված հարցերը լուծվում են միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:

Հետեւաբար ՝ մեկամսյա ժամկետի իմպերատիվ ձեւով սահմանումը ճիշտ չէ:

20. Նախագծով առաջարկված 96.9-րդ հոդվածի եւ՛ 1-ին, եւ՛ 2-րդմասերով բարձրացված հարցերն արդեն իսկ կարգավորված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ուստի նշված հոդվածն առաջարկում ենք հանել: Մասնավորապես ՝ առաջին մասի համաձայն ՝ խմբային հայցերի գործերով դատարանը կայացնում է վճիռ սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կարգով:

Գտնում ենք, որ բացակայում է տվյալ հարցը կարգավորելու նորմատիվ անհրաժեշտությունը, քանի որ լրացվող մասի բացակայությանդեպքում էլ 20-րդ գլխի կանոնները կտարածվեին խմբային հայցի գործերով դատարանի վճռի վրա:

Նախագծի այս հոդվածին վերաբերող հաջորդ դիտողությունը նույնպես կապված է ընդհանուր եւ հատուկ կանոնների ճիշտ տարբերակման անհրաժեշտության հետ:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն էլ ՝ խմբայինհայցով նախկինում քննած` քաղաքացիական գործովօրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն պատասխանողի դեմ միեւնույն հիմքի եւ առարկայի վերաբերյալդատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Այս կանոնն ամրագրված է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ հետեւաբար 96.9-րդ հոդվածի 2-րդ մասի բացակայության պարագայում նույնպես կտարածվեր խմբային հայցով նախկինում քննված գործերի վրա:

21. Նախագծի 3-րդ հոդվածով լրացված 96.10-րդ հոդվածում սահմանված է խմբային հայցով դատական ակտի բողոքարկման կարգը: Առաջարկում ենք հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի փոխարեն հոդվածի մեկ մասով սահմանել, որ խմբային հայցով դատական ակտերը բողոքարկվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

22. Նախագծի 3-րդ հոդվածով լրացված 96.10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է «Խմբային հայցով դատական ակտի դեմ բողոքը կարող է ներկայացվել բոլոր հայցվորների անունից: Բողոքի հետ համաձայն չլինելու դեպքում հացվորը կարող է բողոք ներկայացնել ինքնուրույն (առանձին)»:

Հարկ ենք համարում նշել, որ միայն վերը նշված ձեւակերպումը բավարար չէ խմբային հայցի պարագայում բողոքարկման հետ կապված հարցերը կարգավորելու համար, եթե խմբային հայցը ունի որոշակի առանձնահատկություններ, հետեւաբար այդպիսիք պետք է լինեն նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքարկման պարագայում:

Այսպես ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը անուղղակիորեն նախատեսում է համատեղ բողոքարկման հնարավորությունը: Այն դեպքում, երբ դատական ակտի դեմ բողոք բերեն երկու եւ ավելի անձինք համատեղ ՝ նշելով նույն պահանջը, հիմքերն ու հիմնավորումները վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը պետք է ընդունի վարույթ նման բողոքը, քանի որ նույն օրենսգրքի բողոքը վերադարձնելու հիմքերում նախատեսված չէ այնպիսի հիմք, որը արգելում է բողոք բերելը մի քանի անձանց կողմից: Համատեղ բողոքարկման դեպքում անձինք նշում են նույն պահանջը, միեւնույն հիմքերն ու հիմնավորումները, որոնց շրջանակներում դատարանը քննում է գործը: Այսինքն ՝ բոլոր դեպքերում համատեղ բողոքարկման հնարավորություն քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է: Ըստ էության խմբային հայցով դատական ակտի դեմ բողոք կարող է բերել ինչպես համահայցվոր հանդիսացող յուրաքանչյուր անդամ, այնպես էլ բոլոր համահայցվորները միասին կամ համահայցվորների մի մասը միասին:

Գտնում ենք, որ Նախագծում տրված ձեւակերպումը կարող է տարակերպ մեկնաբանությունների տեղիք տալ եւ պետք է հստակեցվի: Օրինակ ՝ «Խմբային հայցով դատական ակտի դեմ բողոքը կարող է ներկայացվել բոլոր հայցվորների անունից» ձեւակերպումից պարզ չէ, դատական ակտի դեմ պարտադիր պետք է բողոքարկեն բոլորը, թե համահայցվորների մի մասը, եւ ի՞նչ է նշանակում «բոլորի անունից», եւ ո՞վ է ներկայացնում «բոլորի անունից»: «Բողոքի հետ համաձայն չլինելու դեպքում հացվորը կարող է բողոք ներկայացնել ինքնուրույն (առանձին)» ձեւակերպումից, կարծես հետեւում է, որ խմբային հայցով հայցվորներից մեկը կարող է բողոք բերել միայն այն դեպքում, երբ ներկայացվել է մեկ այլ բողոք եւ նա համաձայն չէ վերջինիս հետ, իսկ այն դեպքում երբ բողոք չկա, իրավունք չունի բողոքարկել դատական ակտը: Ստացվում է, որ անձը չի կարող բողոքարկել անմիջականորեն իր շահերին վերաբերող դատական ակտը, մինչդեռ անձի ՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածը չի սահմանափակում խմբային հայցով դատական ակտը բողոքարկելու անձի իրավունքը:

Առաջարկում ենք առավել մանրամասն կարգավորել խմբային հայցով դատական ակտի բողոքարկման հետ կապված հարաբերություները:

23. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկում ենք « , այդ թվում ՝ խմբային հայցի հայցվորների» բառերը տեղադրել ոչ թե «հայցվոր» բառից առաջ, այլ դրանից հետո, ընդ որում՝ առաջարկվող տեքստի վերջում դնելով ոչ թե միջակետ, այլ ստորակետ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Հ. Սարդարյան