«23» սեպտեմբերի 2014 թ.                                                                                                   ԻՎ-ե-138

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-591-09.09.2014-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Հովսեփյանի, Վրեժ Մարկոսյանի եւ Արմեն Մխիթարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Հեղինակներն առաջարկում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով: Նշենք, որ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի նոյեմբերի 12-ի ՀՕ-220-Ն օրենքով: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասն արգելում է գործողությունը դադարեցրած մասի փոխարեն նույն համարով այլ մաս ընդունելը: Դա նշանակում է, որ առաջարկվող լրացումը չի կարող կատարվել աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 5-րդ մասում: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ՝ տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված: Ելնելով նշվածից՝ առաջարկում ենք առաջարկվող լրացումը կատարել աշխատանքային օրենսգրքի 178-րդ («Աշխատավարձը») հոդվածից հետո, ընդ որում՝ երկու հոդվածների տեսքով` «Հոդված 178.1. Հիմնական աշխատավարձը» եւ «Հոդված 178.2. Լրացուցիչ աշխատավարձը եւ դրա հիմնական տեսակները»:

2. Հիմնական աշխատավարձի եւ լրացուցիչ աշխատավարձի սահմանման մեջ օգտագործված «դա» բառն ավելորդ է:

Հիմնական աշխատավարձի սահմանման մեջ օգտագործվում է ,ինչպես նաեւե բառակապակցությունը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաեւ» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ: Հիմնական աշխատավարձը սահմանելիս պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք Նախագծում հիմնական աշխատավարձը ձեւակերպել հետեւյալ կերպ. «Հիմնական աշխատավարձը աշխատողի եւ գործատուի միջեւ կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով կամ օրենքով սահմանված չափով աշխատողին տրվող վարձատրությունն է:»:

3. Լրացուցիչ աշխատավարձը սահմանելիս պետք է ելնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունից: Չնայած, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի սահմանում լրացուցիչ աշխատավարձի հասկացությունը, այդուհանդերձ մի շարք հոդվածներում թվարկվում են լրացուցիչ աշխատավարձի տեսակները հետեւյալ ձեւակերպմամբ. լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգեւատրումներ եւ այլն: Այսինքն` օրենսգիրքը լրացուցիչ աշխատավարձի տեսակների սպառիչ ցանկ չի սահմանում եւ նախատեսում է «եւ այլն» տերմինը: Սրանից հետեւում է, որ օրենսգրքում լրացում կատարելիս պետք միասնական մոտեցում դրսեւորել եւ չսահմանել լրացուցիչ աշխատավարձի տեսակների սպառիչ ցանկ կամ փոփոխություն կատարել այլ հոդվածներում` հանելով «եւ այլն» բառերը:

Լրացուցիչ աշխատավարձի սահմանման մեջ օգտագործված է «եւ (կամ)» արտահայտությունը: «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ»-ի 112-րդ կետի համաձայն՝ պետք է խուսափել «եւ/կամ» արտահայտության կիրառումից, քանի որ այն չափազանց անորոշ է:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք լրացուցիչ աշխատավարձի հասկացության հետեւյալ սահմանումը. «Լրացուցիչ աշխատավարձը սույն օրենսգրքին համապատասխան վճարվող հավելումները, հավելավճարները, լրավճարները, պարգեւատրումները եւ այլ վճարներն են, որոնք հաշվարկվում են հիմնական աշխատավարձի նկատմամբ:»:

4. Հավելումներ վճարելու դեպքերը սահմանելիս եւս պետք է ելնել օրենսգրքի հոդվածների միաստեսակ խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտությունից: Այսպես՝ օրենսգրքի 183-185-րդ հոդվածները սահմանում են դրույթներ, որոնք վերաբերում են որոշակի դեպքերում հավելումների չափերին: Այդպիսի դեպքեր են՝ ծանր, առանձնապես ծանր, վնասակար արտադրությունների, առանձնապես վնասակար արտադրությունների աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների եւ ցուցանիշների ցուցակով նախատեսված աշխատանքները կատարելու, արտաժամյա աշխատանքի, ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար:

Սա նշանակում է, որ եթե առանձին ընդհանուր դրույթով սահմանվում են այն դեպքերը, որոնց առկայության պարագայում վճարվում է հավելում, պետք է հաշվի առնել նաեւ օրենսգրքում արդեն իսկ տեղ գտած շարադրանքը: Բացի այդ՝ օրենսգրքի 183-185-րդ հոդվածներում տեղ գտած դեպքերում հստակ սահմանվում է հավելում վճարելու չափը, մինչդեռ Նախագծում, բացի 183-185-րդ հոդվածներում թվարկված դեպքերից, առաջարկվում են նաեւ այլ դեպքեր, եւ հստակեցված չէ հավելումների չափը:

Առաջարկում ենք հավելումների հասկացությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«ա. հավելումներ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, առանձնապես ծանր, վնասակար արտադրությունների, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների եւ ցուցանիշների ցուցակով նախատեսված աշխատանքները կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին աշխատելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար, հիմնական աշխատավարձի նկատմամբ տոկոսային գործակցով հաշվարկվող վճարն է:»:

Ընդ որում, առաջարկում ենք, ելնելով օրենսգրքի 183-185-րդ հոդվածների տրամաբանությունից՝ հավելումներ վճարելու այլ դեպքերի համար եւս սահմանել չափ:

Նշենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով: Մինչդեռ, Նախագծով առաջարկվում է արտաժամյա աշխատանքի համար վճարել հավելումներ, ոչ թե հավելավճար: Նման պարագայում անհրաժեշտություն է առաջանում «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություն:

5. Հավելավճարների վճարման դեպքերը սահմանելիս առաջարկում ենք՝

ա) « այն է՝ դասային» բառերից հետո ավելացնել «եւ դիվանագիտական» բառերը, քանի որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ դիվանագիտական աստիճանի համար դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք ստանում են հավելավճար,

բ) «երկարաժամկետ աշխատանքային ստաժի» բառերից հետո լրացնել «երկարամյա ծառայության» բառերը, հանել «աշխատանքային եւ/կամ ծառայության ստաժի» բառերը, քանի որ ստաժի մասին նշվում է երկու անգամ: Բացի այդ՝ «երկարամյա ծառայություն» արտահայտությունը գործածվում է մի շարք օրենքներում,

գ) «իմացության» բառից հետո լրացնել «, այլ օրենքներում նախատեսված եւ» բառերը` հաշվի առնելով, որ հավելավճարներ վճարելու դեպքեր սահմանվում են նաեւ առանձին օրենքներում,

դ ) «հաշվարկվող տոկոսային ավելացում» բառերը փոխարինել «տոկոսային գործակցով հաշվարկվող վճար» բառերով:

6. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի (Գործատուի կողմից կիրառվող խրախուսանքները) 1-ին մասը, ի թիվս այլ խրախուսանքների, նշում է միանվագ դրամական պարգեւատրումը եւ հուշանվերով պարգեւատրումը: Իսկ Նախագծում «պարգեւատրումներ» հասկացության ներքո նկատի է առնվում միայն դրամական վճարը: Հիշյալ բացը վերացնելու եւ նախադասության ճիշտ շարահյուսություն ապահովելու նպատակով առաջարկում ենք պարգեւատրումների հասկացության հետեւյալ սահմանումը.

«դ. պարգեւատրումներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլետիվ պայմանագրով կամ գործատուի նախաձեռնությամբ կամ կողմերի համաձայնությամբ սահմանված դեպքերում յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի, տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքի հիման վրա աշխատողին տրվող միանվագ վճար կամ հուշանվեր:»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ




Կատարողներ՝ Հ. Սարդարյան

Ս. Առաքելյան