«03» հոկտեմբերի 2014 թ. ԻՎ-ե-149
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-595-11.09.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ առաջարկում ենք՝
1.1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող 4268 -րդ հոդվածով նախատեսվում է նոր երեւան եկած եւ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը վերադարձնելու հիմքերը: Սակայն դրանցում բացակայում է բողոքը վերադարձնելու այնպիսի հիմք, որն օբյեկտիվորեն կարող է առաջանալ: Մասնավորապես` բողոք բերող անձը, տնօրինելով բողոքարկման իր իրավունքը, կարող է նաեւ ցանկացած ժամանակ հետ վերցնել այն: Ուստի բոլոր այն դեպքերում, երբ մինչեւ վերանայման վարույթ հարուցելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվում բողոքը հետ վերադարձնելու մասին, դատարանը պետք է վերադարձնի այն:Ուստի առաջարկում ենք ի լրումն Նախագծով սահմանված հիմքերի՝ Նախագծի 4268 -րդ հոդվածի 2-րդ մասում ավելացնել նաեւ բողոքը վերադարձնելու հետեւյալ հիմքը՝
«6) մինչեւ վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներակայացրած անձը դիմում է ներկայացրել բողոքը հետ վերադարձնելու մասին»:
1.2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող 4268 -րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված «գործին մասնակցող այլ անձինք» բառերը փոխարինել «դատավարության այլ մասնակիցները» բառերով, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 31-րդ ենթակետով սահմանվում է «քրեական դատավարության մասնակիցներ» հասկացությունը եւ դրան համապատասխան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում, այդ թվում՝ նոր եւ նոր երեւան եկած հանգամանքներին վերաբերող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.7 -րդ հոդվածում կիրառվում է «դատավարության մասնակիցներ» տերմինը: Ընդ որում, հարկ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.7 -րդ հոդվածի համանմանությամբ դատավարության մասնակիցներից բացառել հետաքննության մարմնին եւ քննիչին, քանի որ վերջիններս տվյալ փուլում գործի քննությանը չեն մասնակցում:
1.3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող 4268 -րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերից հետեւում է, որ դատարանին վերապահված չէ դատական ակտը մասնակիորեն բեկանելու հնարավորություն: Մինչդեռ դատական ակտով կարող են լուծվել միաժամանակ մի քանի հարցեր, իսկ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքերը կարող են դրանցից ոչ բոլորին վերաբերել, հետեւաբար` դատարանը կարող է մասնակիորեն բեկանել դատական ակտը եւ նոր քննության ուղարկել ստորադաս դատարան` սահմանելով նոր քննության շրջանակները: Նույնը վերաբերում է նաեւ վերանայվող դատական ակտի փոփոխմանը: Ուստի առաջարկում ենք Նախագծի 4268 -րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերում լրացնել նաեւ վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու դատարանի լիազորությունը:
2. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում ենք հետեւյալը.
2.1. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող 1901 -րդ հոդվածով նախատեսվում է. «Նոր երեւան եկած եւ նոր հանգամանքերով դատական ակտի վերանայման դիմումի քննության ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով ծանուցվում են դիմում ներկայացրած անձն ու գործին մասնակցող այլ անձինք: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար»: Նշենք, որ դատավարության մասնակիցներին դատական ակտի վերանայման դիմումի քննության ժամանակի եւ վայրի մասին ծանուցելու հարցը արդեն իսկ կարգավորված է ՀՀ վարչական դատավարական օրենսգրքի 187-րդ հոդվածով: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1901 -րդ հոդվածի 1-ին մասը հանել, իսկ Նախագծով սահմանված` «Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար» դրույթը լրացնել ՀՀ վարչական դատավարական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասում:
2.2. Ա ռաջարկում ենք Նախագծի 1901 -րդ հոդվածի 1-ին մասում նշված «գործին մասնակցող այլ անձինք» բառերը փոխարինել «դատավարության այլ մասնակիցները» բառերով, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածում սահմանվում են վարչական դատվարության մասնակիցներ հանդիսացող անձինք եւ դրան համապատասխան օրենսգրքի մյուս հոդվածներում կիրառվում է «դատավարության մասնակիցներ» տերմինը:
2.3. Նախագծի 1901 -րդ հոդվածով սահմավում են վերանայման վարույթում դատարանի լիազորությունները, սակայն նշված Նախագիծը եւս չի նախատեսում վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու հնարավորություն: Ուստի « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված հիմնավորման հիման վրա առաջարկում ենք համանման լրացում կատարել նաեւ նշված Նախագծի 1901 -րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում` սահմանելով վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու դատարանի լիազորությունը:
2.4. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելիս վճռաբեկ դատարանը նոր փաստերի հետազոտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում բեկանում է վերանայվող դատական ակտը եւ գործն ուղարկում ստորադաս դատարան ՝ նոր քննության»:Նշված հոդվածով ըստ էության սահմանվում է վերանայման վարույթում դատական ակտը բեկանելու առնչությամբ վճռաբեկ դատարանի լիազորություններից մեկը: Մինչդեռ Նախագծի 1901 -րդ հոդվածով արդեն իսկ առավել մանրամասն կարգավորվում եւ սպառիչ թվարկվում են վերանայման վարութում դատական ակտը վերանայելու իրավասություն ունեցող դատարանների լիազորությունները: Նշված խնդիրը շտկելու համար առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասը, իսկ Նախագծի 1901 -րդ հոդվածով սահմանված լիազորությունները կարգավորել օրենսգրքի 190-րդ հոդվածի շրջանակներում:
2.5. Նախագծի 4-րդ հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները: Նույն հոդվածում նշված «1901» թիվն անհրաժեշտ փոխարինել «190.1» թվով:
3. Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները Հայաստանի Հանրապետության օրենքներում ամբողջապես իրացնելու անհրաժեշտությունից ելնելով` կարծում ենք` համանման փոփոխություններ են անհրաժեշտ նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող` Հ. Սարդարյան