«03» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                   ԻՎ-ե-147

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետութունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» (փաստաթղթային կոդ` Պ-601-17.09.2014-ԱՀ-011/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետութունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը,Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի կարգավորման առարկան ընդգրկում է արտաքին հարաբերությունների ոլորտի այնպիսի հարցեր, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի, զինված ուժերի տեղակայումը բացառող եւ այնպիսի միջազգային կառույցներին անդամակցությունն արգելող դրույթներ, որոնք կվտանգեն Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Ազգային ժողովի՝ որպես սահմանադրական մարմնի լիազորությունները, սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ: Արտաքին հարաբերություններիոլորտում Ազգային ժողովի իրավասությունները սահմանված են ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածում, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացմանը, կասեցմանը եւ չեղյալ հայտարարելուն:

Միաժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ Ազգային ժողովի որոշումների իրավակարգավորման առարկային: ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում եւ հիմքերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ: Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով, 57, 59-րդ հոդվածներով, 62-րդ հոդվածի 2-րդ մասով, 66, 67, 69, 73, 74, 74.1, 75, 77, 79-րդ հոդվածներով, 80-րդ հոդվածի երկրորդ մասով, 81, 83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 84, 94.1-րդ հոդվածներով, 101-րդ հոդվածի 2-րդ կետով, 103, 111-րդ եւ 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Ավելին, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սպառիչ թվարկվում են Ազգային ժողովի գործունեության կազմակերպմանը վերաբերող այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ Ազգային ժողովն իրավասու է որոշումներ ընդունել:Մինչդեռ Նախագծով կարգավորվող հարցերը չեն ներառվում այդ հարցերի շրջանակում:

Այսինքն՝ ներկայացված որոշման նախագծով առաջարկվող հարցերը չեն կարող կարգավորվել Ազգային ժողովի որոշումներով: Բացի այդ, նշված հարցերը դուրս են Ազգային ժողովի իրավասությունների շրջանակից: Ուստի Նախագծով առաջարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 62-րդ հոդվածի 1-ին մասի եւ 81-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

2. Միջազգային պրակտիկայում նոր պետության ճանաչումը, որպես կանոն, իրականացում է հայտարարության կամ դիվանագիտական ուղիներով փոխանցվող գրավոր ուղերձի միջոցով: Կիսանախագահական հանրապետություններում, ինչպիսին է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, նախագահն օժտված է լայն լիազորություններով, ներառյալ՝ արտաքին հարաբերությունների ոլորտում: Հայաստանի Հանրապետության նախագահն իր սահմանադրական կարգավիճակով միջազգային հարաբերություններում պետության գլխավոր ներկայացուցիչն է: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետության ճանաչումը միջազգային հարաբերությունների կարեւոր տարրերից է, ուստի առաջակվող դրույթները վիճահարույց են նաեւ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներին համապատասխանության տեսանկյունից:

Գործնականում եւս Հայաստանի Հանրապետությունում այ Հա պետության միջազգային իրավական ճանաչումն իրականացվում է դիվանագիտական ուղիներով փոխանցվող գրավոր ուղերձի միջոցով: Օրինակ, ՀՀ Նախագահը 2006 թվականի հունիսի 14-ին ուղերձով դիմել է Մոնտենեգրոյի Հանրապետության նախագահին` ճանաչելով Մոնտենեգրոյի Հանրապետությունը՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետություն` հայտնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:

3. Նախագծի 2-րդ կետով նախատեսվող հարցերը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին անցակետերի, զինված ուժերի տեղակայման, որոշակի միջազգային կառույցներին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը բացառմանը, միջպետական պայմանագրերի կարգավորման առարկա են հանդիսանում: ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն, .... կամ օրենքով սահմանված այլ դեպքերում: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով են կարգավորվում`այլ պետությունների հետ քաղաքական կամ ռազմական, բարեկամության եւ համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, խաղաղության կամ հաշտության, պետական սահմանի փոփոխություն կատարելու, միջպետական կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, ... Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների ռազմական բազաներ ստեղծելու կամ օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների զինված ուժեր Հայաստանի Հանրապետության տարածքում ընդունելու, տեղակայելու, ... Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության հարցեր շոշափող այլ հարաբերությունները: Իսկ միջպետական միջազգային պայմանագրերը, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պարտադիր ենթակա են Ազգային ժողովի վավերցմանը: Ուստի նշված հարցերի վերաբերյալ իր իրավական եւ քաղաքական դիրքորոշումն Ազգային ժողովը կարող է արտահայտել նշված հարցրեը կարգավորող միջպետական պայմանագրերի վավերացման փուլում:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                      Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Հ. Սարդարյան