«09» հոկտեմբերի2014 թ.                                                                                         ԻՎ-ե-151

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈՒՆ

««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-553-20.06.2014,22.09.2014-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից հայտնում ենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26.1-րդ հոդվածի 2-րդ մասովորպես վարչական վարույթի կասեցման հիմք նախատեսված են լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջելու կամ որոշակի փաստեր պարզաբանելու դեպքերը:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, եւ վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել»:

Այսինքն՝ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտությունը վարչական վարույթը երկարաձգման հիմք է, այլ ոչ թե կասեցման:

Մինչդեռ Նախագծի 26.1-րդ հոդվածի 2-րդ մասով լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջելու հիմքով վարչական վարույթը կասեցվում է: Այսինքն՝ նախագծի հիշյալ հոդվածի համաձայն՝ լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելն առաջարկվում է նախատեսել որպես վարչական վարույթը կասեցնելու հիմք:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ վարչական վարույթը կարող է կասեցվել նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իսկ Նախագծի 26.1-րդ հոդվածի 2-րդ մասը հանդիսանում է հենց այդ դեպքերից մեկը, ապա այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները եւ անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաեւ վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջեւ ծագած հարաբերությունները:

Հիշյալ նորմի վերլուծությունից բխում է, որ վարչարարության հիմունքները, վարչական ակտեր ընդունելու հետ կապված հարաբերությունները՝ վարչական ակտի կասեցման, երկարաձգման, կարճման հիմքերը՝ որպես ընդհանուր նորմեր, սահմանվում են հիշյալ օրենքով: Մինչդեռ Նախագծով առաջարկվում է այլ կարգավորում, որն ըստ էության չի բխում նշված օրենքի տրամաբանությունից, քանի որ Նախագծով առաջարկվող հանձնաժողովի որոշման ժամկետի կասեցման հիմքը՝ լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու դեպքերը, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանում է վարչական վարույթը երկարաձգելու հիմք:

Նման պարագայում պրակտիկայում կառաջանա մի իրավիճակ, երբ լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու հիմքով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն վարույթը երկարաձգվում է, իսկ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական վարույթը կասեցվում: Այդ առումով պարզ չէ, թե լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում վարչական մարմինը՝ լիցենզավորող հանձանաժողովը, կասեցնելու՞, թե՞ երկարաձգելու է վարչական վարույթը: Նման օրենսդրական հակասությունները կարող են հանգեցնել ոչ միատեսակ իրավակիրառ պրակտիկայի:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ միեւնույն դեպքը չի կարող լինել եւ՛ վարչական վարույթի կասեցման, եւ՛ վարչական վարույթի երկարաձգման հիմք:

2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան