«13» հոկտեմբերի2014 թ.                                                                                                        ԻՎ-ե-155

ԵԶՐԱԿԱ Ց ՈՒԹՅՈՒՆ

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» (փաստաթղթային կոդ` Պ-605-23.09.2014-ԱՀ-010/0) եւ ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6051 -23.09.2014-ԱՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է դատապարտել Օսմանյան Կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանությունը:

Նախ՝ ցանկանում ենք անդրադառնալ այն հարցին, թե որքանով է ցեղասպանության ճանաչումը եւ դրա դատապարտումը հանդիսանում օրենսդրական կարգավորման առարկա: Ինչպես գիտենք, օրենքն ընդունվում է հասարակական հարաբերությունների կարգավորման նպատակով: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերությունները»: Օրենքը՝ որպես նորմատիվ իրավական ակտ, պարունակում է իրավական նորմեր, որոնք ունեն ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված են մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար եւ պարտադիրանորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) անձանց համար: Իսկ իրավական նորմը իրենից ներկայացնում է վարքագծի կանոն: Այսինքն՝ օրենքը բովանդակում է վարքագծի կանոններ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառության համար: Մինչդեռ ցեղասպանության ճանաչմամբ պետությունը գնահատական է տալիս պատմական որոշակի փաստերի վերաբերյալ, արտահայտում է իր դիրքորոշումը այդ կապակցությամբ եւ դատապարտում այն: Այս առումով ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ակտը՝ որոշումը, բանաձեւը կամ հայտարարությունը, չի բովանդակում վարքագծի կանոններ եւ չի կարող կիրառության առարկա դառնալ: Կարծում ենք՝ այս առումով օրենսդրական կարգավորման առարկա կարող են դառնալ, օրինակ, ցեղասպանության քրեականացումը, այն որպես հիշատակի օր սահմանելը, ցեղասպանության մերժման քրեականացումը եւ այլն:

Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը եւս վկայում է, որ յուրաքանչյուր պետություն ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը իրականացնում է իր համապատասխան պետական մարմինների իրավասությունների շրջանակներում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից ընդունվող ակտերի կարգավորման առարկան: Մասնավորապես՝ աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանության ճանաչումն իրականացվել է ոչ թե օրենքի, այլ որոշման, հայտարարության կամ բանաձեւի ընդունման միջոցով եւ միայն դրանից հետո օրենքով այն ճանաչվել է որպես հիշատակի օր:

Օրինակ՝ ՌԴ-ի Պետական դուման 1995թ. ապրիլի 14-ին հայտարարության ընդունման միջոցով ճանաչել է հայոց ցեղասպանությունը:

Արգենտինայի Սենատը 2004թ. մարտի 31-ին հռչակագիր է ընդունել հայոց ցեղասպանության ճանաչման մասին, իսկ 2007թ. հունվարի 15-ին՝ օրենք ընդունել՝ ապրիլի 24-ը հայտարարելով հանդուրժողականության եւ մարդկության նկատմամբ հարգանքի օր:

Բելգիայի Սենատը 1998թ. մարտի 26-ին բանաձեւի ընդունման միջոցով ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Հունաստանի խորհրդարանը եւս 1998թ. ապրիլի 25-ին բանաձեւի ընդունմամբ դատապարտել է հայոց ցեղասպանությունը:

ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի շրջանակներում Ազգային ժողովը եւս՝ որպես ներկայացուցչական մարմին, հայտարարության ընդունման միջոցով կարող է արտահայտել իր քաղաքական դիրքորոշումը ցեղասպանության կապակցությամբ: ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ «Ազգային ժողովն իր կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կարող է ընդունել ուղերձներ եւ հայտարարություններ»: Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 104.1-ին հոդվածի համաձայն՝ «Ուղերձը կամ հայտարարությունը որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի դիրքորոշման արտահայտումն է »: Հետեւաբար՝ Ազգային ժողովն իրավասու է ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել միայն ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:

2. Նախագծով սպառիչ չեն նշվում այն ազգերը, որոնց նկատմամբ կատարված ցեղասպանությունը պետք է դատապարտվի: Այս առումով Նախագիծը չի ապահովվում լիակատար կարգավորում Նախագծով նախատեսված հարաբարերությունների առնչությամբ, ինչը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտում է: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Բացի այդ, Նախագծով նշված «այլ ազգեր» բառերը չեն ապահովում իրավական որոշակիություն եւ կարող են տարատեսակ եւ կամայական մեկնաբանությունների տեղիք տալ:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                               Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Հ. Սարդարյան