«03» հոկտեմբերի 2014 թ. ԻՎ-ե-148
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-611-29.09.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը պետք է կատարվի ՀՀ մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 6-րդ մասում, ոչ թե կետում (չնայած նրան, որ Օրենսգրքի բազմաթիվ հոդվածներում մասերը սխալմամբ ներկայացված են որպես կետեր): Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «6-րդ կետում» բառերը փոխարինել «6-րդ մասում» բառերով՝ ապահովելով համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնի հետ, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մ ասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:
2. Նույն հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր պարբերությունով, այնինչ նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվում են երկու պարբերություններ: Ուստի առաջարկում ենք «պարբերությունով» բառը փոխարինել «պարբերություններով» բառով: Նախագծի նույն հոդվածով առաջարկվում է պարբերությունները լրացնել 6-րդ կետի (ինչպես արդեն նշվեց, պետք է լինի՝ մասի) վերջում: Այնինչ, ելնելով առաջարկված պարբերությունների բովանդակությունից եւ կարգավորման առարկայից՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել Օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ պարբերությունից հետո, քանի որ այն շարունակում է նախորդ պարբերության միտքը: Ինչ վերաբերում է առաջարկված երկրորդ պարբերությանը, ապա այն, ըստ մեզ, պետք է լրացնել 105-րդ հոդվածի 6-րդ մասի վերջում, քանի որ 6-րդ մասի վերջին պարբերությունը եւս անդրադառնում է որոշակի կարգերի, որոնց սահմանումը վերապահվում է ՀՀ կառավարությանը: Սրանով կիրացվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, ըստ որի՝ իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ՝ տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ կամ դիտողություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող՝Ս. Առաքելյան