«16» հոկտեմբերի2014 թ. ԻՎ-ե-163
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-617-02.10.2014-ՖՎ-010/0) եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Կ-6171 -02.10.2014-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին եւ 2-րդ հոդվածները փոփոխություններ եւ լրացումներ են սահմանում Օրենքի 6-րդ հոդվածում: Միեւնույն ժամանակ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Օրենքի 6-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու պարագայում անիմաստ են դառնում Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի 6-րդ հոդվածին վերաբերող դրույթները, ինչպես նաեւ Նախագծի 2-րդ հոդվածը: Բացի այդ անհամապատասխանություններ կան Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների միջեւ: Օրինակ՝ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ նախադասության մեջ «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածում Օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասի բովանդակությունը շարադրված է 9-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ. «Ավանդատուներն անվճարունակ բանկում իրենց ավանդների վերաբերյալ փաստաթղթերին ծանոթանալու եւ սխալ հայտնաբերելու դեպքում պարզաբանումներ ստանալու համար կարող են դիմել անվճարունակ բանկ: Անվճարունակ բանկը պարտավոր է 3 աշխատանքային oրվա ընթացքում գրավոր պատասխանել ավանդատուին:»:
Հաշվի առնելով վերոգրյալն առաջարկում ենք Նախագծից հանել 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածին վերաբերող դրույթները եւ Նախագծի 2-րդ հոդվածը:
2. Նախագծով ավանդատուի միեւնույն բանկում ունեցած ավանդի եւ պարտավորության հաշվանցի հնարավորությունը սահմանվել է միայն խնդրահարույց պարտավորությունների համար: Նախագծում առաջարկվում են համապատասխան փոփոխությունները, իսկ նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերություն. «Խնդրահարույց պարտավորությունների տեսակները, հատուցման ենթակա ավանդի հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը»:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:
Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:»
Մինչդեռ Նախագծում տրված չէ «խնդրահարույց պարտավորություն» հասկացության սահմանումը:
Առաջարկում ենք «խնդրահարույց պարտավորություն» հասկացության սահմանումը նախատեսել Նախագծով, որից հետո միայն ՀՀ կառավարությունը կսահմանի այդպիսի պարտավորությունների տեսակները:
3.Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է հետեւյալը. «Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:»:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին նախադասություններ հանելու միջոցով:
Ուստի առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասից հանել 3-րդ նախադասությունը:»:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող՝ Ս. Առաքելյան