«15» հոկտեմբերի 2014 թ.                                                                                               ԻՎ-ե-160

Եզրակացություն

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-621-03.10.2014-ՏՀ-010/0), «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6211 -03.10.2014-ՏՀ-010/0), «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6212 -03.10.2014-ՏՀ-010/0), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6213 -03.10.2014-ՏՀ-010/0), «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6214 -03.10.2014-ՏՀ-010/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6215 -03.10.2014-ՏՀ-010/0),«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6216 -03.10.2014-ՏՀ-010/0), եւ «Ճանապարհային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6217 -03.10.2014-ՏՀ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) փաթեթը իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում ենք Նախագծերի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները.

1.Նախագծերը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հայտնում ենք հետեւյալը.

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ օրենքը կարգավորում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները:

Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն նշված սահմանամերձ գյուղական համայքներում հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է.

1) Նշված համայնքների վարչական սահմաններում գտնվող առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող եւ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից,

2) արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի` իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից,

3) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող եւ անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից:

Այսինքն՝ Նախագծով ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող նշված գործունեության համար ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ազատվում են շրջանառության հարկից, եկամտային հարկից, շահութահարկից եւ արտոնագրային վճարից: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւյալը.

ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում: Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է ՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը: Սահմանադրական հիշյալ նորմը երաշխավորում է համայնքի` տեղական ինքնակառավարում իրականացնելու կարողությունը: Այդ կարողությունն ուղղված է լուծելու տեղական նշանակության հարցերը` ի բարօրություն համայնքի բնակիչների:

ՀՀ Սահմանդրության 106-րդ հոդվածի համաձայն համայնքներն իրենց բյուջեն ձեւավորում են ինքնուրույն: Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի համաձայն համայնքի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձեւավորման եւ ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի եւ համայնքի` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:

Նույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համայնքի բյուջեն ձեւավորվում է համայնքների բյուջեներին` օրենքով եւ իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերից, այդ թվում` տեղական հարկերից` եկամտային հարկից մասհանումներ, շահութահարկից մասհանումներ եւ այլն:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող շրջանառության հարկեր, հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ: Հիշյալ նորմից բխում է, որ շրջանառության հարկը եւ արտոնագրային վճարը շահութահարկին փոխարինող հարկ եւ վճար են: Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համայնքի բյուջեն ձեւավորվում է համայնքների բյուջեներին` օրենքով եւ իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերից, այդ թվում` հարկային եկամուտներից շահութահարկից մասհանումների միջոցով:

Հիշյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ Սահմանդրությամբ եւ օրենքներով երաշխավորվում է համայնքի` տեղական ինքնակառավարում իրականացնելու իրավունքը եւ կարողությունը, որն արտահայտվում է նաեւ տեղական հարկերի դրույքաչափերը սահմանելու եւ դրանք հավաքագրելու միջոցով:

Ավելին` Հայաստանի Հանրապետության վավերացրած` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 9-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի մասը պետք է գոյանա տեղական հարկերից եւ վճարներից, որոնց դրույքաչափերը տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն սահմանել օրենքի շրջանակներին համապատասխան, մինչդեռ նախագծով, ըստ էության, համայնքը զրկվում է սեփական եկամուտները հավաքագրելու եւ համայնքի բյուջե ձեւավորելու հնարավորությունից (նախագծի 2-րդ հոդվածով սահմանված գործունեության համար՝ եկամտային հարկի եւ շահութահարկի մասհանումների մասով)՝ նկատի ունենալով այն հանգամանքը, քանի որ համայնքի բյուջեն ձեւավորվում է նաեւ եկամտային հարկի մասհանումներից եւ շահութահարկի մասհանումներից, ինչը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության եւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հիշյալ նորմերի տեսանկյունից:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում օրենսդրությամբ սահմանված կարգին եւ ժամկետներին կատարված հղումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե հարկային մարմին հաշվարկներ, հայտարարագրեր հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր եւ տեղեկություններ ներկայացնելու կարգը եւ ժամկետներն ինչ իրավական ակտով են սահմանվելու: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն նույն կամ այլ իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի: Արգելվում է կատարել անորոշ հղումներ:

4. Նախագծի 5-րդ հոդվածում նշված «գործողությունները սահմանված կարգով բողոքարկվել են» բառերն անհրաժեշտ է փոխարինել «գործողություններն օրենքով սահմանված կարգով բողոքարկվել են» բառերով՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, որոնց համաձայն բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը:

5. Նույն հոդվածով նախատեսվում են նաեւ դրույթներ, որոնց համաձայն դիմում-գանգատը բավարարվելու կամ դիմում գանգատը մերժելու վերաբերյալ որոշումը դատական կարգով չեղյալ է ճանաչվում: Այսինքն՝ հիշյալ դրույթների համաձայն վարչական ակտը դատական կարգով կարող է չեղյալ ճանաչվել, ինչը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի պահանջներին, քանի որ օրենսգրքի նշված հոդվածում վարչական ակտը չեղյալ ճանաչելն որպես գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակ նախատեսված չէ: Վարչական ակտը կարող է կամ ճանաչվել առոչինչ կամ ճանաչվել անվավեր:

6. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածների մասերի համարակալումն անհրաժեշտ է վերանայել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարակալմանը եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի մասերի եւ կետերի, 2-րդ հոդվածի մասերի համարակալմանը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                   Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող`Ս. Առաքելյան