«21» հոկտեմբերի2014 թ. ԻՎ-ե-169
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-622-03.10.2014-ՍՀ-010/0), ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6221 -03.10.2014-ՍՀ-010/0) եւ ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6222 -03.10.2014-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
1. ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները.
Նախագծի 16-րդ հոդվածով առաջարկվում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն` Օրենքով սահմանվում է ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը հաշվարկելու եւ միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը: Հարկ է նշել, որ ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը հաշվարկելու կարգը Օրենքի 22-րդ հոդվածում սահմանելու դեպքում հակասություն է առաջանում Նախագծի վերոհիշյալ հոդվածի եւ 24-րդ հոդվածի 7-րդ մասի հետ, քանի որ վերջինս սահմանում է, որ «Նպաստի հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
2. Նախագծի 17-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ 2-րդ մասով. «2. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին մայրության նպաստ չի նշանակվում»:
Այդ առումով հարկ է նշել, որ «Եվրոպական բանտային կանոնների մասին » Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2006) 2 հանձնարարականի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է. «Ազատությունից զրկված անձինք պահպանում են իրենց բոլոր այն իրավունքները, որոնցից նրանք օրինականորեն չեն զրկվել նրանց դատապարտելու կամ կալանավորելու մասին որոշմամբ»:
Ավելին՝ Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասում սպառիչ թվարկված են այն դեպքերը, երբ նպաստ չի տրվում, եւ ազատությունից զրկված (դատապարտված) լինելու հանգամանքը նշված դեպքերի ցանկում ընդգրկված չէ: Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 37-րդ հոդվածի պահանջները, այն է` յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք , Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 22-րդ հոդվածի պահանջները` յուրաքանչյուր ոք, որպես հասարակության անդամ, սոցիալական ապահովության իրավունք ունի եւ ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով, յուրաքանչյուր պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան, օգտվում է իր արժանապատվության եւ իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներից, ինչպես նաեւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջները, այն է` պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ ՝ քաղաքացի) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում , առաջարկում ենք հանել Նախագիծ 17-րդ հոդվածի 2-րդ կետում կատարված լրացումը:
4. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով, առաջարկում ենք Նախագիծ 16-րդ հոդվածում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով:
5. Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի «ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստներին» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաեւ 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «21-ին մասը» բառերը փոխարինել «1-ին մասը» բառերով:
6. ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում նշված «փոփոխություններ» բառն առաջարկում ենք փոխարինել «փոփոխություն եւ լրացում» բառերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Օրենքի 5-րդ հոդվածում կատարվում է լրացում, իսկ նույն մասի 2-րդ կետով` նաեւ փոփոխություն: Հիշյալ առաջարկությունը բխում է նաեւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:
7. ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում «6-րդ մասի» բառերն առաջարկում ենք փոխարինել «6-րդ հոդվածի» բառերով:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան
Ք . Խանազադյան