«13» հոկտեմբերի 2014 թ. ԻՎ-ե-157
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-625-03.10.2014-ՍՀ-010/0)վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածից հանել «ամսական» բառը, ինչի արդյունքում ստացվում է «նվազագույն աշխատավարձ» հասկացությունը: Նշենք, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի եւ՛ վերնագրում, եւ՛ հոդվածներում օգտագործվում է «նվազագույն ամսական աշխատավարձ» հասկացությունը, ուստի անհասկանալի է, թե Նախագծի հեղինակներն ինչու են ցանկանում միայն 4-րդ հոդվածից հանել ամսական բառը (այդ մասին անդրադարձ չի պարունակում նաեւ Նախագծի հիմնավորումը): Դրանով կխախտվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող՝ Ս. Առաքելյան