«23» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                 ԻՎ-ե-170

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-631-09.10.2014-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի, Լեւոն Դոխոլյանի եւ Մհեր Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է օրենքի կարգավորման առարկան: Դրա համաձայն՝ սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման քաղաքականության հիմնադրույթները:

Նախագծի առաջին հոդվածն, ըստ էության, նշում է, թե բազմազավակ ընտանիքներին տրվող ինչպիսի (սոցիալական) աջակցության մասին է խոսքը՝ ի տարբերություն Նախագծի վերնագրի:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի վերնագիրն «ընտանիքների» բառից հետո լրացնել «սոցիալական» բառով:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հետեւաբար առաջարկում ենք հանել Նախագծի 2-րդ, 4-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածների վերնագրերից հետո դրված վերջակետերը:

3. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագրի «ընտանիքներին» բառն առաջարկում ենք փոխարինել «ընտանիքների» բառով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

4. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված են բազմազավակ ընտանիքներին բնակելի պայմանները բարելավելու եւ բնակարաներով ապահովելու համար պետական աջակցության մի շարք ձեւեր (բնակարանի, հողատարածքի, վարկերի տրամադրում): Սակայն պարզ չէ, թե ինչ կլինի, երբ նշված աջակցությունը ստանալուց հետո համապատասխան բազմազավակ ընտանիքն այլեւս դադարի համապատասխանել կոնկրետ աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ պայմանին: Օրինակ՝ 4 երեխա ունեցող ընտանիքում բնակարան ստանալուց հետո երեխաներից մեկը մահանա կամ ծնողների կողմից հանձնվի, ասենք, մանկատանը, կամ ծնողը զրկվի երեխայի նկատմամբ ծնողական իրավունքից: Նշված հարաբերությունները Նախագծով չկարգավորելը կհակասի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին, ըստ որոնց՝ իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները:

5. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ծնած» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «եւ (կամ) որդեգրած» բառերը՝ հիմք ընդունելով Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի պահանջները:

6. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «սահմանելու կարգը սահմանում է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «տրամադրելու կարգը սահմանում է» բառերով, քանի որ նշված հոդվածի 2-րդ մասում խոսքը պետք է գնա ՀՀ կառավարության կողմից պատվավոր կոչումների տրամադրման կարգը սահմանելու մասին:

7. Նախագծի 10-րդ հոդվածի առաջին մասն անհրաժեշտ է համարակալել՝ ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: Նույն հոդվածի «մեկից» բառն առաջարկում ենք փոխարինել «1-ից» բառով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում կիրառվող ամսաթվերում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը՝ տառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող ` Ս. Առաքելյան