«23» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                      ԻՎ-ե-172

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«« Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-632-09.10.2014-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի եւ Մհեր Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպական-իրավական ձեւի մասին : Օրենսդիրը քաղաքացիական-իրավական հարաբարեթյունները կարգավորող որեւէ իրավական ակտում «կազմակերպաիրավական տեսակ» եզրույթ չի նախատեսում, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «կազմակերպաիրավական տեսակից» բառերը փոխարինել «կազմակերպական-իրավական ձեւից» բառերով:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ` Ս. Առաքելյան

Ք . Խանազադյան