«05» նոյեմբերի2014 թ .                                                                                              ԻՎ-ե-184

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-636-13.10.2014-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Լեւոն Դոխոլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նշենք միայն, որ Նախագծի ընդունման դեպքում, փաստորեն, կգործի բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու երկու կարգ՝ մրցույթով եւ առանց մրցույթի: Այս դեպքում պարզ չէ, թե նշվածներից որ կարգով ընդունված դիմորդներին է տրվում առավելություն՝ բուհի տվյալ ֆակուլտետի կամ բաժնի համար նախատեսված տեղերի համալրման հարցում:

Պարզ չէ նաեւ, թե ինչպես է պետք վարվել այն դեպքում, երբ, օրինակ, նախատեսված 100 տեղի համար Նախագծով առաջարկվող կարգով դիմում են 120 դիմորդներ: Ինչպիսի ՞ չափանիշներով են ընտրվում այդ 100 ուսանողները:

Ավելացնենք նաեւ, որ Նախագծի ընդունման դեպքում հակասություն կառաջանա «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի միջեւ, որի համաձայն՝ նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան