«31» հոկտեմբերի2014 թ. ԻՎ-ե-179
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեսչական մարմինների մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-639-15.10.2014-ՏՀ-010/0), ««Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6391 -15.10.2014-ՏՀ-010/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-6392 -15.10.2014-ՏՀ-010/0), ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6393 -15.10.2014-ՏՀ-010/0), ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6394 -15.10.2014-ՏՀ-010/0), ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6395 -15.10.2014-ՏՀ-010/0), «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6396 -15.10.2014-ՏՀ-010/0) եւ ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6397 -15.10.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսչական մարմինների մասին», ««Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված «9-րդ հոդվածի» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «սույն օրենքի» բառերը, քանի որ հիշյալ մասում խոսքը գնում է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի մասին:
2. «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան պլանով չնախատեսված ստուգումների անցկացման վարչական գործառույթներն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում: Հիշյալ դրույթներից բխում է, որ «օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում» ստուգումներ անցակցնելն, ըստ էության, ստուգումների անցկացման կարգ է հանդիսանում:Այսինքն՝ Նախագծի նշված հոդվածով ստուգումների անցկացման կարգ սահմանելը վերապահվում օրենսդրությանը, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին, որոնց համաձայն՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում ՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը:
3. Նախագծի 3-րդ հոդվածի մասերն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
4. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ «տեսչական մարմնի կառավարման խորհուրդ» հասկացության փոխարեն Նախագծի ամբողջ տեքստում կիրառվելու է «Խորհուրդ» հասկացությունը, մինչդեռ նույն հոդվածի 1-ին, 6-րդ եւ 7-րդ մասերում կիրառվում է «տեսչական մարմնի կառավարման խորհուրդ» հասկացությունը: Այդ առումով առաջարկում ենք Նախագծի հիշյալ հոդվածում նշված «տեսչական մարմնի կառավարման խորհուրդ» բառերը փոխարինել «Խորհուրդ» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36- րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:
Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 11-րդ հոդվածի 9-րդ մասում, 13-րդ հոդվածի 5-րդ մասում, 18-րդ հոդվածի 6-րդ մասում նշված «տեսչական մարմնի կառավարման խորհուրդ» հասկացությանը:
5. Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը կրկնում են միմյանց: Այսպես՝ նշված հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ խորհրդի աշխատակարգի օրինակելի ձեւը հաստատում է ՀՀ կառավարությունը, իսկ 6-րդ մասով նույնպես սահմանված է, որ խորհրդի աշխատակարգի օրինակելի ձեւը հաստատում է ՀՀ կառավարությունը: Այդ առումով Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերն անհրաժեշտ է խմբագրել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
6. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը համարվում է հայեցողական պաշտոն, մինչդեռ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասում, որտեղ սպառիչ թվարկված ենհայեցողական պաշտոնները, տեսչական մարմնի ղեկավարի վերաբերյալ խոսք չկա: Այդ առումով առաջարկում ենք «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում լրացնել«տեսչական մարմնի ղեկավարը» բառերը՝ ներկայացված նախագծերի փաթեթին կցելով նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
7. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասում պարզ չէ «տեսչական մարմնի ղեկավարության» հասկացության իրավական բովանդակությունը: Այդ առումով, եթե խոսքը տեսչական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների (բաժինների) պետերի մասին է, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեսչական մարմինը հանդիսանում է հանրապետական գործադիր մարմնի առանձնացված ստորաբաժանում, իսկ հանրապետական գործադիր մարմնի առանձնացված ստորաբաժանումների վրա տարածվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (2-րդ հոդված) եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի (4-րդ հոդված) գործողությունը: Հիշյալ օրենքներով նույնպես սահմանվում են կառուցվածքային ստորաբաժանումների (բաժինների) պետերի պաշտոններին ներկայացվող չափանիշները: Հետեւաբար, եթե խոսքը տեսչական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների (բաժինների) պետերի մասին է, ապա Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի միջեւ կառաջանա հակասություն, քանի որ Նախագծի համաձայն՝ նշված պաշտոններին ներկայացվող չափանիշները սահմանվելու են տեսչական մարմնի կանոնադրությամբ, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն նշված չափանիշները սահմանվում են հիշյալ օրենքով:
Իսկ եթե խոսքը տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված ղեկավար պաշտոնների մասին է, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ հիշյալ պաշտոններում նշանակումները կատարվում են քաղաքացիական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
Ելնելով վերոգրյալից՝ Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրման կարիք ունի:
8. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում նշված «2.» թիվն անհրաժեշտ է հանել:
9. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեսչական մարմինը պետք է իրականացնի կատարողականի գնահատատում եւ այն ներկայացնի Խորհրդի հաստատմանը, սակայն նշված չեն այն դեպքերը, որոնց պարագայում Խորհուրդը կարող է կատարողականի գնահատականը չհաստատել, նշված չէ նաեւ, թե կատարողականի գնահատականը չհաստատելն ինչ իրավական հետեւանքներ է առաջացնելու: Այդ առումով Նախագծով անհրաժեշտ է հստակ նախատեսել Խորհուրդի կողմից կատարողականի գնահատականը չհաստատելու դեպքերը, ինչպես նաեւ կատարողականի գնահատականը չհաստատելու իրավական հետեւանքները՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն:
10. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասում պարզ չէ «պարբերաբար» տերմինի իրավական բովանդակությունը: Մասնավորապես՝ պարզ չէ, թե ինչ ժամկետային հաճախականությամբ է խորհուրդը հետեւելու որակի ապահովման ծրագրի իրականացմանը: Այդ առումով նշված «պարբերաբար» բառն առաջարկում ենք փոխարինել հստակ ժամկետային պահանջ նախատեսող ձեւակերպմամբ:
11. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում հղում է կատարվում 9-րդ հոդվածով «նախատեսվածներ»-ին, ինչն անորոշ է եւ վերանայման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:
12. Նախագծի 16-րդ հոդվածը խմբագրման կարիք ունի՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի պահանջները: Բացի այդ, նշված հոդվածի վերնագրում նշված «ստացումը» բառն անհրաժեշտ է փոխարինել «ընդունումը» բառով, քանի որ հիշյալ հոդվածում խոսքը գնում է բողոքների ընդունման մասին:
13. Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասից առաջարկում ենք հանել «լիազոր մարմնի կազմում գործող» բառերը, քանի որ տեսչական մարմինը ստեղծվում եւ գործում է համապատասխան լիազոր մարմնի կազմում:
14. ««Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջները:
Նախագծի 1-ին հոդվածով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-րդ մասում լրացվում են «ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում» բառերը: Այսինքն՝ ստացվում է, որկատարվող լրացման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին եւ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին` ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետը»: Այդ առումով նշված լրացումը չի արտահայտում ավարտուն միտք՝ ըստ այդմ՝ իմաստ: Հետեւաբար՝ նշված լրացումը վերանայման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:
15. ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջները:
Նույնը վերաբերում է նաեւ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածին:
Բացի այդ, հիշյալ նախագծում հոդվածների համարակալումն անհրաժեշտ է վերանայել, քանի որ պահպանված չէ դրանց հաջորդականությունը:
16. ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագրում նշված «լրացումներ» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացում» բառով, քանի որ նախագծով կատարվում է մեկ լրացում:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան