«05» նոյեմբերի 2014 թ.                                                                                                  ԻՎ-ե-185

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-641-16.10.2014-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Լեւոն Դոխոլյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրում նշված «փոփոխություն» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություններ» բառով, քանի որ Նախագծով կատարվում է երկու փոփոխություն:

2. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

3. Նախագծի 2-րդ հոդվածով փոփոխվող՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված «կամ երեխաներին» եւ «կամ երեխաների» բառերն անհրաժեշտ է հանել: Այսպես՝ Նախագծի հիշյալ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված «երեխա» բառն նշված է եզակի թվով, ուստի նշված հոդվածով կարգավորվող հարաբերությունները տարածվում են նաեւ «երեխաների» վրա: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով փոփոխվող՝ 27-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված «կամ երեխաներին» եւ «կամ երեխաների» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ եթե իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը:

4. Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են նաեւ դրույթներ, որոնց համաձայն՝ զույգ երեխայի խնամքի նպաստի իրավունքը պահպանվում է մինչեւ նրանց երկու տարի 6 ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը, ինչը չի բխում Օրենքի 28-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետի պահանջներից, որոնց համաձայն՝ երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է երեխայի 2 տարեկանը լրանալու դեպքում: Այսպես՝ Նախագծի համաձայն՝ զույգ եւ ավելի ծնված երեխաների դեպքում նրանց խնամքի նպաստի իրավունքը պահպանվելու է մինչեւ նրանց 2 տարի 6 ամիսը լրանալու հաջորդող ամսվա մեկը, իսկ Օրենքի 28-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետով սահմանվում է, որ երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է երեխայի 2 տարեկանը լրանալու դեպքում: Այսինքն՝ Օրենքի 28-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետը երեխայի խնամքի նպաստի պահպանման ժամկետ սահմանել է մինչեւ նրա երկու տարեկան դառնալը, մինչդեռ Նախագծով առաջարկվում է այլ կարգավորում, ինչը հակասում է նշված հոդվածի պահանջներին:

5. Բացի այդ՝ Նախագծով կարգավորված չեն ծնողների համատեղությամբ աշխատելու դեպքում երեխայի խնամքի նպաստի իրավունքի ծագման հետ կապված հարաբերությունները, ի տարբերություն Օրենքի գործող 27-րդ հոդվածի 2-րդ մասի, որով նշված հարաբերությունները կարգավորված են: Հետեւաբար՝ Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք լրացնել դրույթ, որով կկարգավորվեն ծնողների համատեղությամբ աշխատելու դեպքում երեխայի խնամքի նպաստի իրավունքի ծագման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                            Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան