«21» նոյեմբերի 2014 թ.                                                                                                     ԻՎ-ե-193

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադր ա մների մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-657-13.11.2014-ՖՎ-010/0), ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6571 -13.11.2014-ՖՎ-010/0), ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6572 -13.11.2014-ՖՎ-010/0), ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6573 -13.11.2014-ՖՎ-010/0), ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6574 -13.11.2014-ՖՎ-010/0), ««Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6575 -13.11.2014-ՖՎ-010/0) եւ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6576 -13.11.2014-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները: Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) չի սահմանվում անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների ստեղծման նպատակը եւ հասարակական կյանքի այն ոլորտները, որոնց ֆինանսավորմանը պետք է ուղղվեն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների միջոցները: Միջազգային պրակտիկայում, որպես կանոն, այդպիսի ոլորտներինեն պատկանում կրթությունը, գիտությունը, մշակույթը, առողջապահությունը, սոցիալական աջակցությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնությամբ ապահովելը եւ այլն:

2. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասով, ի թիվս Հիմնադրամի այլ մարմինների, նշվում է նաեւ վերստուգիչը: Սակայն Նախագիծն ամբողջական իրավական կարգավորում չի բովանդակում վերստուգող մարմնի իրավական կարգավիճակի վերաբերյալ:

3. Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ համալրման աղբյուրները՝ որպես այդպիսիք նշելով նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նվիրատվությունները: Նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հանրօգուտ նպատակներով իրականացվող նվիրատվությունը համարում է նվիրաբերություն՝ դրա համար նախատեսելով առանձին իրավակարգավորում: Հաշվի առնելով նվիրաբերությամբ հետապնդվող նպատակը՝ հանրային օգտակարությունը՝ կարծում ենք` անձեռնմխելի կապիտալով կազմակերպությունների օգտին արված հատկացումները պետք է դիտարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով նախատեսված նվիրաբերության շրջանակներում:

4. Նախագծի 18-րդ հոդվածով սահմանվում են Հիմնադրամի լուծարման հիմքերը, սակայն դրանով չի նախատեսվում այն սուբյեկտը, որի պահանջով դատարանը կարող է սկսել լուծարման վարույթը: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծով սահմանել Հիմնադրամի լուծարման պահանջով դատարան դիմելու իրավունք ունեցող շահագրգիռ անձանց:

5. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասը հետադարձ ուժ է տալիս ընդունվելիք օրենքի դրույթներին՝ պարտավորեցնելով իրենց անվանման մեջ «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը պարունակող իրավաբանաական անձանց մեկ տարվա ընթացքում փոփոխել իրենց անվանումը եւ դրանից հանել նշված բառերը:

Օրենքի հետադարձ ուժի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով: Ընդհանուր կանոնի համաձայն՝ գործում է իրավական ակտի հետադարձ ուժի բացակայության կանխավարկածը: Իսկ անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտերն առհասարակ հետադարձ ուժ չունեն: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաեւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Կարծում ենք՝ Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասը հարկ է քննարկել հետադարձ ուժի վերաբելյալ Սահմանադրության եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների տրամաբանության շրջանակներում:

6. ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող` «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 7-րդ մասում «գործունեության սահմանափակումների» բառերից առաջ լրացնել «իրավական կարգավիճակի,» բառերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաթեթում ներկայացված «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի իրավական վիճակի եւ այլ առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

7. ««Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող դրույթը սահմանում է , որ բ արեգործական ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների գործունեության ահմանափակումների, գույքի ձեւավորման եւ կառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այսպիսով, նշված դրույթը վերաբերում է բացառապես բարեգործական ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին եւ չի սահմանում, թե ինչ իրավական ակտով են կարգավորվում բարեգործական ծրագրեր իրականացնող ֆիզիկական անձանց կողմից ստեղծված անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների գործունեության սահմանափակումներին, գույքի ձեւավորման եւ կառավարմանն առնչվող իրավահարաբերությունները: «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բարեգործությունն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից բարեգործական աջակցության տրամադրումն է:

8. «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծով չեն սահմանվում տվյալ հիմնադրամների ստեղծման առանձնահատկությունները, մասնավորապես` չի նշվում, թե ինչ անձանց կողմից են ստեղծվում այդ հիմնադրամները: Սակայն, նշված նախագծի համաձայն` «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթները տարածվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների վրա, եթե սույն օրենքով առանձին իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկություններ սահմանված չեն: Անդրադառնալով հիմնադրամների ստեղծման հիմնահարցին` «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է` հիմնադրամ է համարվում քաղաքացիների եւ (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված եւ անդամություն չունեցող ոչ առեւտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական եւ (կամ) այլ հանրօգուտ նպատակներ: Ավելին, համանման դրույթ է ամրագրված նաեւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածում` հիմնադրամ է համարվում քաղաքացիների եւ (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված եւ անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարեգործական ծրագրեր իրականացնող անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները կարող են ստեղծվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, այդ թվում` հասարակական կազմակերպությունների կողմից, առաջարկում ենք ««Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում անդրադառնալ նաեւ բարեգործական ծրագրեր իրականացնող այլ անձանց կողմից ստեղծված անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների գործունեության սահմանափակումների, գույքի ձեւավորման եւ կառավարման առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտին:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ` Հ. Սարդարյան

Ք. Խանազադյան