«11» դեկտեմբերի 2014 թ.                                                                                                  ԻՎ-ե 197

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-668-02.12.2014-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված««Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին: Նախագծի վերնագրից բխում է, որ պետք է կատարվի լրացում, սակայն Նախագծի 1-ին հոդվածով 32-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, իսկ նշված կետը նոր խմբագրությամբ շարադրելը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իմաստով փոփոխություն է: Նշենք նաեւ, որ Նախագծով փաստացի կատարվում է լրացում, քանի որ իրականում օրենքի տեքստում լրացվում է մեկ նախադասություն, սակայն Նախագծի 1-ին հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ մասամբ կրկնելով օրենքի գործող տեքստը:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը: Նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի ընդունման օր է համարվում դրա` Ազգային ժողովի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նշված «դեկտեմբերի 16-ի» բառերը փոխարինել «նոյեմբերի 28-ի» բառերով, իսկ «ՀՕ-199» բառերը՝ «ՀՕ-199-Ն» բառերով:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-00427-I որոշումըուժը կորցրած ճանաչելու մասին համապատասխան օրենքի 32-րդ կետը հետադարձ ուժ չունի եւ չի տարածվում մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 16-ը նշված պաշտոններում պաշտոնավարած անձանց վրա:

Իրավական պետության եւ իրավունքի գերակայության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքից բխում է իրավական ակտի հետադարձ ուժի բացակայության կանխավարկածը: Ընդհանուր կանոնի համաձայն՝ իրավական ակտը հետադարձ ուժ չունի. ընդ որում, դա վերաբերում է թե ՛ անձի իրավական վիճակը մեղմացնող, թե ՛ խստացնող իրավական ակտերին: Այսպիսի մոտեցումը թելադրված է իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությամբ, որի պատճառով էլ այս կանոնից բացառությունները հատուկ նախատեսվում են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այս կապակցությամբ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով նախատեսվում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ բարելավող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ իրավական ակտերով:

Հաշվի առնելով միջազգային պրակտիկայում ձեւավորված մոտեցումները՝ ՀՀ օրենսդիրը եւս «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ամրագրել է իրավական ակտերի հետադարձ ուժի բացակայության ընդհանուր կանոնը [1] : Մասնավորապես՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, սահմանելով ժամանակի ընթացքում իրավական ակտերի գործողության կանոնները, նախատեսում է, որ իրավական ակտը տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով եւ այլ օրենքներով, ինչպես նաեւ տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում (հոդվ. 78): Սա նշանակում է, որ իրավական ակտի հետադարձ ուժի վերաբերյալ ուղղակի վերապահման բացակայության դեպքում իրավական ակտը հետադարձ ուժ չունի: Ավելին, նույն օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Սա նշանակում է, որ իրավական ակտի հետադարձ ուժի բացակայության մասին օրենքում հատուկ նշելու անհրաժեշտություն չկա: Դա ընդհանուր կանոն է:

Միաժամանակ, Նախագծի իրավակարգավորումը ավելի շուտ վերաբերում է գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողությունը վերականգնելուն: Այս կապակցությամբ, կարծում ենք, գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողության վերականգնումը եւ օրենքի գործողության ժամանակահատվածում պաշտոնավարած անձանց վրա տարածելը պետք է իրականացվի գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողությունը վերականգնելու վերաբերյալ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան (հոդվ. 71, մաս 4):

Անդրադառնանք նաեւ ուժը կորցրած օրենքի գործողությունը մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 16-ը որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա տարածելու իրավաչափության հարցին:

Իրավական պետության պարտականություններից մեկն էլ անձանց լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի երաշխավորումն է: Այս առումով ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-723 որոշմամբ նշել է, որ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ձեռք են բերվել նախկինում գործող օրենքների հիման վրա: Սակայն, կարծում ենք, այս իրավունքը չի կարող այնքան լայն մեկնաբանվել, որ սահմանափակվի օրենսդիր իշխանության կողմից իր հիմնական սահմանադրական գործառույթի իրականացումը: Հարափոփոխ հասարակական հարաբերությունների պայմաններում օրենսդրությունը չի կարող մնալ ստատիկ վիճակում: Այն մշտապես գտնվում է զարգացման պրոցեսում: Այս առումով օրենսդիրն իրավունք ունի հասարակական կյանքի յուրաքանչյուր ոլորտում սահմանելու իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում եւս ընդունված է այն մոտեցումը, որ սոցիալական օրենսդրության ոլորտում պետություններն ունեն հայեցողության լայն շրջանակ, որը, ելնելով սոցիալական արդարության եւ տնտեսական բարեկեցության շահերից, կարող է իրավաչափորեն հանգեցնել կենսաթոշակի գումարի կարգավորմանը, հարմարեցմանը եւ նույնիսկ նվազեցմանը:

Իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարեւոր երաշխիք հանդիսացող լեգիտիմ սպասելիքների հանդեպ հարգանքն, ըստ էության, կիրառելի է այն անձանց նկատմամբ, որոնք նշված իրավունքները ձեռք են բերել նախկինում գործող օրենքների հիման վրա: Հակառակ պարագայում կստացվի, որ օրենսդիրը խստորեն սահմանափակված է նախկինում գործող իրավակարգավորումներով, չի կարող փոփոխել գործող օրենքները՝ նախկինի համեմատ սահմանելով նոր իրավակարգավորումներ, քանի որ օրենքն իր գործողության ժամանակահատվածում որոշակի խումբ անձանց համար երաշխավորել է ապագայում նշված իրավունքերից օգտվելու հնարավորություն: Այսպիսի մոտեցումը ուղղակիորեն չի ապահովի ժամանակի պահանջներին համահունչ օրենսդրության ներդաշնակ զարգացման հնարավորությունը՝ անիրավաչափորեն կաշկանդելով օրենսդիր իշխանության իրավասությունները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Հ. Սարդարյան



[1] Արարքը քրեականացնող եւ քրեական օրենքով նախատեսված արարքի համար պատասխանատվութունը խստացնող իրավական ակտին հետադարձ ուժ տալու անթույլատրելիության վերաբերյալ նորմեր են նախատեսված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանութան մասին եվրոպական կոնվենցիայում: