«10» դեկտեմբերի 2014 թ.                                                                                                 ԻՎ-ե-195

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-679-10.12.2014-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6791 -10.12.2014-ՊԻ-010/0), ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6792 -10.12.2014-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6793 -10.12.2014-ՊԻ-010/0) եւ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6794 -10.12.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ ՝ Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածում «Հանրային իրավական դրամական պահանջները» բառերն առաջարկում ենք փոխարինել «դրամական պահանջները» բառերով ՝ ելնելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ ՝ Օրենք) 87-րդ հոդվածի պահանջներից:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանել երեք դեպք, երբ անբողոքարկելի վարչական ակտերը կատարվելու են ոչ թե անմիջականորեն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, այլ ՀՀ վարչական դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա:

Առաջին դեպքը ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը երկու հարյուր հազար դրամը գերազանցելն է: Կարծում ենք ՝ գումարի նշված չափն ունի լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն: Այսպես, Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գումարի այդ չափը որոշվել է այն տրամաբանությամբ, որ նվազագույն աշխատավարձի քառապատիկը էականորեն ազդում է անձի ֆինանսական դրության վրա եւ տուգանքի նման մեծ չափ նախատեսող ակտերը ենթակա են կատարման դատական կարգով: Սակայն կարծում ենք ՝ նվազագույն աշխատավարձի եռապատիկը նույնպես էականորեն կարող է ազդել անձի ֆինանսական դրության վրա:

Որպես դատական կարգով դրամական պահանջների կատարման երրորդ հիմք է սահմանվել իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջի գերազանցելն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքին:

Կարծում ենք ՝ նշված նորմը իրավակիրառ պրակտիկայում կատարման տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ մինչեւ հարկադիր կատարման վարույթի հարուցումը հնարավոր չէ լիովին պարզել, թե արդյոք իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը, թե ոչ:

Այսինքն ՝ վարչական ակտը անբողոքարկելի դառնալուց հետո վարչական մարմինը չի ունենալու որեւէ հստակ տեղեկատվություն առ այն, թե որքան է կազմում համապատասխան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջը պատկանողը շարժական եւ անշարժ գույքի համատեղ արժեքը, կամ առկա է արդյոք նրան պատկանող որեւէ շարժական կամ անշաժ գույք, հետեւաբար պարզ չի լինելու, թե արդյոք իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է այդ գույքի արժեքը, թե ոչ: Այս պարագայում պարզ չէ, թե ինչպես պետք է վարվի վարչական մարմինը ՝ հայցադիմում ներկայացնի վարչական դատարա ՞ ն, թե ՞ վարչական ակտն ուղարկի հարկադիր կատարման:

Նշված իրավիճակն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնելու է այնպիսի իրավիճակի, որ վարչական մարմինը իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գումարի բռնագանձման դեպքում համապատասխան վարչական ակտը անմիջականորեն ուղարկելու է հարկադիր կատարման, որը հարուցելու է կատարողական վարույթ, որի արդյունքում եթե պարզվի, որ իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը, վարույթը կարճվելու է«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացվող այն հիմքով, ըստ որի ՝ առկա են անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հարկադիր կատարման սահմանափակումները:

3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից բխում է, որ օրենքի հոդվածների մասերը բաժանվում են համարակալված կետերի, որոնց համարները տեքստից բաժանվում են փակագծերով: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «ա.», «բ.» եւ «գ.» տառերը փոխարինել համապատասխանաբար «1)», «2)» եւ «3)» թվերով:

Բացի այդ ՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 88-րդ հոդվածում լրացվող 1.1-րդ մասում առաջարկում ենք բացել «ՀՀ» հապավումը ՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության», քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասն արգելում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների հապավումներ:

4. Նախագծով առաջարկվում է Օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով ՝ նշելով, որ պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է ներկայացվում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ՝ կցելով որոշման ընդունման համար հիմք հանդիսացած ապացույցները: Տվյալ դեպքում փաստացի առկա է կրկնություն գործող օրենքի նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության հետ, քանի որ այն նույնպես անդրադառնում է արգելանք դնելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու կարգին:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «կայացված վարչական ակտերով» բառերն առաջարկում ենք փոխարինել «ընդունված վարչական ակտերով» բառերով ՝ ապահովելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի ՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

6. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերնագրերից առաջարկում ենք հանել «փոփոխություններ եւ» բառերը, քանի որ նշված նախագծերում առաջարկվում են միմիայն լրացումներ: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

7. Վարչական դատավարության օրենսգրքում լրացվող 216.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը վարչական դատարան կարող է ներկայացվել ՝

1) եռամսյա ժամկետում` վարչական ակտն անբողոքարկելի դառնալու պահից.

2) երկամսյա ժամկետում ՝ հարկադիր կատարողի կողմից հանրային իրավական դրամական պահանջով կատարողական վարույթը ավարտելու պահից ։

Տվյալ դեպքում, կարծում ենք, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող 216.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը պետք է վերաշարադրել՝ դրա մեջ ներառելով ոչ միայն այն դեպքերը, երբ համապատասխան կատարողական վարույթը ավարտվել է, այլ նաեւ այն դեպքերը, երբ համապատասխան կատարողական վարույթը կարճվել է: Այսպես, ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերլուծությունից պարզ է դառնում, որ դրանով այն դեպքերը, երբ անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվում է, որ առկա են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հարկադիր կատարման սահմանափակումներ, սահմանված են որպես կատարողական վարույթի կարճման հիմք, այլ ոչ թե որպես ավարտման հիմք:Նման պարագայում վարչական մարմինը պետք է համապատասխան վարչական ակտը ներկայացնի վարչական դատարան: Սակայն կատարողական վարույթը կարճելու դեպքում համապատասխան հայցադիմում ներկայացնելու իրավունք նախատեսված չլինելը հանգեցնելու է նրան, որ եթե մարված լինի համապատասխան եռամսյա ժամկետը, վարչական ակտը այլեւս չի կարողանա կատարվել:

Հետեւաբար՝ 216.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություն:

8. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածում լրացվող 11-րդ եւ 15-րդ կետերում «անձը» բառը փոխարինել «պարտապանը» բառով ՝ ելնելով այն հանգամանքից, որ օրենքում օգտագործվում է «պարտապան» ձեւակերպումը:

9. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է օրենքում լրացնել «Հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմնին վերադարձնելը» վերտառությամբ 31.1-րդ հոդվածը:

Նշված հոդվածը սահմանում է հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմնին վերադարձնելու հիմքերը, սակայն չի սահմանում թե նշված փաստաթղթերն ինչ ժամկետներում են վերադարձվելու վարչական մարմնին:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը, որը սահմանում է կատարողական թերթը պարտատիրոջը վերադարձնելու հիմքերը, 2-րդ մասով սահմանում է նաեւ, որ կատարողական թերթը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

Ելնելով նշվածից ՝ առաջարկում ենք ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում լրացնել 2-րդ մաս, որով կսահմանվեն նաեւ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմնին վերադարձնելու որոշում ընդունելու եւ նշված փաստաթղթերը վարչական մարմնին վերադարձնելու ժամկետները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՝                                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող ՝ Ս. Առաքելյան