«20» փետրվարի 2015 թ.                                                                                                            ԻՎ-ե-8

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-697-26.12.2014-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախ՝ հարկավոր է նշել, որ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

Պետական դավաճանության հասկացությունը տրված է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածում, համաձայն որի` պետական դավաճանություն է «...թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպու- թյանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամա- կան գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»։

Ծանր հանցա•գործության բնորոշումը տրված է ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածում, համաձայն որի` «Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորու- թյամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված ա- ռավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»։

1. Նախագծի 1-ին կետի վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՆԿ-183-Ն կարգադրությունը ճանաչվել է ուժը կորցրած Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի ՆԿ-183-Ն կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՆԿ-85-Ն կարգադրությամբ:

Այդ առումով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝իրավական այլ ակտերում փոփոխությունները (նաեւ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելը) կամ լրացումները կատարում են միայն իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը: Իրավաստեղծ մարմինն իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կարող է կատարել միայն նույն տեսակի իրավական ակտով: Ուստի «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրությունն ուժը կորցրած է ճանաչվել նույն մարմնի կողմից եւ նույն տեսակի իրավական ակտով՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի ՆԿ-85-Ն կարգադրությամբ, ինչը հանդիսանում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը: Հետեւաբար, իրավական ակտն ընդունած մարմինը՝ տվյալ դեպքում՝ ՀՀ Նախագահը, գործել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, քանի որ Նախագահի կարգադրությամբ ուժը կորցրած է ճանաչվել մեկ այլ կարգադրություն, այսինքն՝ իրավաստեղծ մարմինն իրավական ակտում փոփոխություններ է կատարել (իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչել) նույն տեսակի իրավական ակտով:

2. ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ Հանրապետության Նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր եւ ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

Հարկ է նշել, որ արտաքին քաղաքականության ղեկավարումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ուղեգծի նպատակների եւ խնդիրների որոշումը, ինչպես նաեւ այդ նպատակների եւ խնդիրների անմիջական իրագործումը պետության գլխի կողմից:

Միջազգային հարաբերություններում, միջազգային իրավական ողջ համակարգում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու Նախագահի սահմանադրաիրավական հատուկ իրավունքից բխում է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, հավասարապես նաեւ դրանց շուրջ բանակցություններ վարելու համար Նախագահը լրացուցիչ լիազորությունների սահմանման անհրաժեշտությունը չունի՝ հանգամանք, որը տվյալ դեպքում ընկալվում է որպես պետության գլխի իրավական առանձնաշնորհ, եւ որը հանդիսանում է նրա սահմանադրական եւ միջազգային իրավական կարգավիճակի էական տարրերից մեկը:

Հետեւաբար, Նախագծի 2-րդ կետում նշված միջազգային պայմանագրի կնքմամբ Նախագահը կատարել է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնելու իր պարտականությունը եւ իրացրել միջազգային պայմանագրեր կնքելու իր իրավունքը:

3. Նախագծի 3-րդ կետի վերաբերյալ նշենք, որ 2014 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովի ԱԺ-109-Ն որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որի խնդիրների շարքին է դասվում նաեւ նշված կետում բարձրացված ենթադրյալ խախտումների ուսումնասիրությունը:

4. Նախագծի 4-9-րդ կետերում նշված արարքները (Արարատյան դաշտի արտեզյան ավազանի բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը ենթադրյալ չհետեւելը, ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու համար Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը ՀՀ ԱԺ-ին առաջարկելը, Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀ վարչապետ, իսկ Գագիկ Խաչատրյանին՝ ՀՀ ֆինանսների նախարար նշանակելը, Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու մասին կառավարության որոշումը վավերացնելը, «Շանթ Հարությունյանը հացագործութնուն է կատարել» արտահայտությունը հնչեցնելը եւ ՀՀ քաղաքացիների ՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների նկատմամբ Լեւոն Երանոսյանի հայտարարություններով առաջացած ենթադրյալ սպառնալիքը վերացնելու, ուժային կառույցի ղեկավարի կողմից սահմանադրական կարգի դեմ ուղղված ենթադրյալ հայտարարության հեղինակին համարժեք պատժի արժանացնելու , գործադիր իշխանության մարմին համարվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի բնականոն (օրինական) գործունեությունն ապահովելու համար որեւէ քայլ չձեռնարկելը) չեն համարվում պետական դավաճանություն կամ այլ ծանր հանցագործություն:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                   Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան