«05» փետրվարի2015 թ.                                                                               ԻՎ-ե-2



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-700-13.01.2015-ԱՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված«Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից Նախագծին կից բացակայում է oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին տեղեկանքը:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

Նախագծի իրավակարգավորման առարկայի կապակցությամբ ցանկանում ենք անդրադառնալ այն հարցին, թե որքանով է որոշակի իրադարձությունների դատապարտումը հանդիսանում օրենսդրական կարգավորման առարկա: Ինչպես գիտենք, օրենքն ընդունվում է հասարակական հարաբերությունների կարգավորման նպատակով: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերությունները:

Օրենքը՝ որպես նորմատիվ իրավական ակտ, պարունակում է իրավական նորմեր, որոնք ունեն ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված են մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար եւ պարտադիրանորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) անձանց համար: Իսկ իրավական նորմը իրենից ներկայացնում է վարքագծի կանոն: Այսինքն՝ օրենքը բովանդակում է վարքագծի կանոններ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառության համար: Մինչդեռ Նախագծով նախատեսված «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթան (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկման» դատապարտմամբ պետությունը գնահատական է տալիս պատմական որոշակի փաստերի եւ արտահայտում է իր դիրքորոշումը այդ կապակցությամբ: Այս առումով որոշակի իրադարձությունների ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ ակտը՝ որոշումը, բանաձեւը կամ հայտարարությունը, չի բովանդակում վարքագծի կանոններ եւ չի կարող կիրառության առարկա դառնալ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի շրջանակներում Ազգային ժողովը՝ որպես ներկայացուցչական մարմին, նշված փաստերի կապակցությամբ կարող է իր քաղաքական դիրքորոշումն արտահայտել հայտարարության ընդունման միջոցով: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 104.1-ին հոդվածի համաձայն՝ «Ուղերձը կամ հայտարարությունը որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի դիրքորոշման արտահայտումն է »: Կարծում ենք՝ Ազգային ժողովն իրավասու է նշված փաստերի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել համապատասխան հայտարարություն ընդունելու միջոցով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՊԵՏ՝
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ


Կատարողներ՝ Հ. Սարդարյան

Ս. Առաքելյան