«30» հունվարի 2015 թ.                                                                                                   ԻՎ-ե-214

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-704-26.01.2015-ՏՏ-010/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7041 -26.01.2015-ՏՏ-010/0), ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7042 -26.01.2015-ՏՏ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7043 -26.01.2015-ՏՏ-010/0) եւ ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7044 -26.01.2015-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացումը ոչ թե 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ մասն է, այլ 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետը: Հետեւաբար, առաջարկում ենք սույն նախագծի 2-րդ հոդվածը սկսել հետեւյալ կերպ.

«Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 4.2-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝

… »:

Նույնը վերաբերում է նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

2. ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման «սահմանված կարգով» արտահայտությունից պարզ չէ, թե ինչ կարգի մասին է խոսքը: Քանի որ Երեւան քաղաքի ավագանու որոշումների ընդունման կարգը սահմանված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, առաջարկում ենք «սահմանված կարգով» արտահայտությունից առաջ լրացնել «սույն օրենքով» բառերը: Նույնը վերաբերում է նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածին, քանի որ համայնքների ավագանու որոշումների ընդունման կարգը նախատեսված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում «մասով» բառն առաջարկում ենք փոխարինել «պարբերությամբ» բառով: Նույնը վերաբերում է նաեւ ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

4. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները: Հետեւաբար, ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում լրացվող 8.1-ին հոդվածի «կամավորության սկզբունքով» բառերից հետո առաջարկում ենք դնել «բութ» կետադրական նշանը: Այն կապահովի հայոց լեզվի կետադրական կանոններին համապատասխանություն, բացի այդ՝ թույլ կտա խուսափել «կամավորության սկզբունքով մահացած» արտահայտությունից:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան