«11» փետրվարի2015 թ.                                                                               ԻՎ-ե-3



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-708-30.01.2015-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արամ Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի եւ Լեւոն Զուրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի` իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը, առաջարկում ենք Նախագծի վերնագրում «լրացումներ եւ փոփոխություն» բառերը փոխարինել «փոփոխություններ» բառով, քանի որ Նախագծով առաջարկվում են միայն փոփոխություններ:

Բացի այդ՝ առաջարկում ենք Նախագծի վերնագրի «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ» բառերը փոխարինել «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ» բառերով՝ ճիշտ նշելու համար համապատասխան օրենքի վերնագիրը:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտում տրվում է իրավական ակտի լրիվ անվանումը, իսկ նույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը: Հաշվի առնելով վերոհիշյալը` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Օրենքի» բառը փոխարինել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ՀՕ-261 օրենքի (այսուհետ` Օրենք)» բառերով:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է անշարժ հուշարձանների ցուցակի, պահպանության գոտիների ցանկի, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգի սահմանումը թողնել որպես օրենքի կարգավորման առարկա` վերացնելով Կառավարության` վերոհիշյալ ցուցակները եւ կարգը հաստատելու վերաբերյալ գործող օրենքով սահմանված իրավասությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 8-րդ հոդվածը բացառապես վերաբերում է հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանը, գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունը չի կարող ամրագրվել նշված հոդվածում` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի` հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը:

Միաժամանակ, առաջարկվող խմբագրությամբ պարզ չէ, թե որ օրենքով են սահմանվում վերոհիշյալ ցուցակները եւ կարգը: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հուշարձանների պահպանման եւ օգտագործման մասին ՀՀ օրենսդրությունը ներառում է Սահմանադրությունը, սույն օրենքը, այլ օրենքներ ու իրավական ակտեր: Գործող օրենսդրությունում նշված ոլորտը կարգավորող այլ օրենքների շարքին են դասվում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքները, որոնցով չեն սահմանվում անշարժ հուշարձանների ցուցակը, պահպանության գոտիների ցանկը, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը: Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասի պահանջները, համաձայն որոնց` արգելվում է հղումներ կատարել սահմանված կարգով ուժի մեջ չմտած իրավական ակտերին, հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի, արգելվում է կատարել անորոշ հղումներ՝ առաջարկում ենք հստակեցնել «սահմանվում է օրենքով» եզրույթը: Նույնը վերաբերում է Նախագծի 7-րդ հոդվածում «սահմանվում է օրենքով» եզրույթին:

Բացի այդ, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի` օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերությունները, գտնում ենք, որ օրենքն` անշարժ հուշարձանների ցուցակի, պահպանության գոտիների ցանկի, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգի սահմանմամբ ծանրաբեռնելը ճիշտ չէ:

4.Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ. հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2 . Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դ) եւ է) կետերը շարադրել նոր խմբագրությամբ. »:

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 8-րդ հոդվածի է) կետը շարադրվում է նոր խմբագրությամբ` «Սույն օրենքով եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանված կարգով թույլտվություն է տալիս տեղափոխելու եւ փոփոխելու հանրապետական նշանակության հուշարձանները»: Հարկ է նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոշումներ, ուղերձներ եւ հայտարարություններ, ուստի առաջարկվող «ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանված կարգով» եզրույթը տվյալ պարագայում անհասկանալի է: Միաժամանակ, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, որոնց համաձայն` հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի, արգելվում է կատարել անորոշ հղումներ, առաջարկում ենք հստակեցնել «ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանված կարգով» եզրույթը: Միաժամանակ ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներով` առաջարկում ենք «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

5. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում, որը վերաբերում է հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում լիազորված մարմնի իրավասությանը, կատարել հետեւյալ փոփոխությունը. նշված հոդվածի «բ» կետը շարադրել նոր խմբագրությամբ, այն է` «օրենքով սահմանված կարգով ներկայացնում է հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման գիտամեթոդական կարգը»: Նշված խմբագրությունից պարզ չէ, թե ում կամ որ մարմնի հաստատմանն է ներկայացվում նշված կարգը: Ավելին, հիմք ընդունելով Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում ներկայացված առաջարկը, համաձայն որի` հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը սահմանվելու է օրենքով, անհասկանալի է հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում լիազորված մարմնի կողմից վերոհիշյալ կարգի ներկայացման անհրաժեշտությունը: Ավելին, օրենքի գործող խմբագրությունը նախատեսում է կարգ, որի համաձայն` լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման գիտամեթոդական կարգը, ուստի ներկայացված փոփոխության նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է:

6. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով: Նույն հոդվածի համաձայն` հուշարձանների պետական հաշվառումը ներառում է հուշարձանների հայտնաբերումը, ուսումնասիրումը, հաշվառման փաստաթղթերի ստեղծումը, պետական ցուցակների կազմումը եւ հաստատումը: Հարկ է նշել, որ Օրենքն անդրադառնում է հուշարձանների հաշվառման բացառապես վերջին փուլին` հուշարձանների պետական ցուցակների կազմմանը եւ հաստատմանը (հոդված 13), ուստի ներկայացված առաջարկությունն ընդունելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա օրենքով սահմանել նաեւ հուշարձանների հայտնաբերման, ուսումնասիրման, հաշվառման փաստաթղթերի ստեղծման կարգը:

7. Նախագծի 5-րդ հոդվածը կրկնում է Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասին, համապատասխանաբար 5-րդ հոդվածում սահմանվում է, որ պետական պահպանության վերցված հուշարձանների ցուցակները սահմանվում են օրենքով, իսկ 2-րդ հոդվածի 1-ին մասում` անկախ սեփականության ձեւից պետական պահպանության կամ սուբսիդավորման վերցված անշարժ հուշարձանների ցուցակը, պահպանության գոտիների ցանկը, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը սահմանվում է օրենքով: Միաժամանակ, հարկ է նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածում ներկայացված առաջարկն ընդունվելու դեպքում Օրենքի 13-րդ եւ 14-րդ հոդվածների նորմատիվային անհրաժեշտությունը չի լինի, քանի որ պետական պահպանության վերցված հուշարձանների ցուցակները սահմանվելու են բացառապես օրենքով: Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալը եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջները` առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածը հանել:

8. Նախագծի 6-րդ հոդվածը հակասում է Նախագծի 2-րդ հոդվածին, քանի որ մի դեպքում, հուշարձանների ցուցակները սահմանվելու են բացառապես օրենքով, իսկ մյուս դեպքում, հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը եւ այդ ցուցակներից հանելը կատարում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կատարված փորձագիտական եզրակացության հիման վրա: Հարկ է նշել, որ ցուցակները օրենքով սահմանվելու դեպքում, դրանք կարող են փոփոխվել բացառապես օրենքի հիման վրա` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, այն է` իրավաստեղծ մարմինն իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կարող է կատարել միայն նույն տեսակի իրավական ակտով: Ուստի, առաջարկում ենք հանել Նախագծի 6-րդ հոդվածը:

Ավելին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, բացի օրենքներից, ընդունում է որոշումներ, ուղերձներ եւ հայտարարություններ` համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի: Նախագծի 6-րդ հոդվածի խմբագրությունից ստացվում է, որ հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը եւ այդ ցուցակներից հանելը կարող է կատարվել նաեւ Ազգային ժողովի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների հիման վրա, ինչը կհակասի Նախագծի 2-րդ հոդվածում ամրագրված` նշված ցուցակները` բացառապես օրենքով սահմանվելու պահանջին:

9. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-261)» բառերը փոխարինել «Օրենքի» բառով:

10. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջները` առաջարկում ենք «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման օրվան» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ք . Խանազադյան