«16» փետրվարի 2015 թ.                                                                                                       ԻՎ-ե-6

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-719-11-02.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքումփոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը՝ անհրաժեշտ է Նախագծի վերնագիրը համապատասխանեցնել վերջինիս բովանդակության հետ եւ Նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառից հետո ավելացնել «եւ լրացում» բառերը, քանի որ Նախագծով բացի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի քանի հոդվածներում առաջարկվող փոփոխություններից բացի՝ առաջարկվում է կատարել նաեւ մեկ լրացում:

2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածում «անվավեր» բառը փոխարինել «վիճահարույց» բառով: Առաջարկում ենք նշված հոդվածում «գործարքն անվավեր է» բառը փոխարինել «գործարքը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր» բառերով: Այդ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի շարադրանքը կլինի հետեւյալը. «Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետեւանքներ»: Նախագծով առաջարկվում է «անվավեր» բառը փոխարինել «վիճահարույց» բառով՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի դասակարգումը: Սակայն վիճահարույց գործարքներն անվավեր ճանաչելուն վերաբերող այլ հոդվածներում, մասնավորապես՝ 308-րդ հոդվածի 1-ին մասում, 310-րդ հոդվածի 1-ին մասում, 311-րդ հոդվածի 1-ին մասում եւ այլ հոդվածներում, վիճահարույց գործարքներին անդրադառնալիս օրենսդիրն օգտագործում է «դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր» ձեւակերպումը, ուստի համանման կարգավորում նախատեսող փոփոխությունն առաջարկում ենք իրականացնել ձեւակերպումների միասնականությունը պահպանելու տրամաբանությամբ: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից, համաձայն որոնց՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

3. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված կարգավորումը, այն է՝ «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համալիր թույլտվության պայմանագրի գրանցման կարգը:», առաջարկում ենք հանել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-ին մասից բխում է, որ տվյալ դեպքում սույն նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելիս կառավարությունն ինքը պետք է նշի կառավարության որոշման ընդունման նախատեսվող ժամկետը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկներ չկան:


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                   
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Թեւանյան