«02» ապրիլի 2015 թ.                                                                                                            ԻՎ-ե-30

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» (փաստաթղթային կոդ` Պ-720-11.02.2015-ԱՀ-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի հայտարարության տեսքով ընդունել համահայկական հռչակագիր՝ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

1. ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի շրջանակներում Ազգային ժողովը եւս՝ որպես ներկայացուցչական մարմին, հայտարարության ընդունման միջոցով կարող է արտահայտել իր քաղաքական դիրքորոշումը ցանկացած իրադարձության, ներառյալ՝ ցեղասպանության կապակցությամբ: ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ «Ազգային ժողովն իր կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կարող է ընդունել ուղերձներ եւ հայտարարություններ»: Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 104.1-ին հոդվածի համաձայն՝ «Ուղերձը կամ հայտարարությունը որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի դիրքորոշման արտահայտումն է »: Հետեւաբար՝ Ազգային ժողովն իրավասու է հայոց ցեղասպանության դատապարտման եւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում՝ հայտարարության ընդունման միջոցով:

Սակայն Նախագծով առաջարկվում է հայտարարության ձեւով ընդունել հռչակագիր, որը որպես իրավական ակտ մի կողմից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, իսկ մյուս կողմից՝ ՀՀ Ազգային ժողովին ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով վերապահված չէ հռչակագիր ընդունելու իրավասություն: Ուստի առաջարկում ենք քննարկել ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարության ձեւով հռչակագիր ընդունելու իրավասության հարցը՝ ՀՀ Սահմանադրության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանության համատեքստում:

2. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն արդեն իսկ ընդունվել է 2015թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից: Մինչդեռ Նախագծով սահմանված հռչակագրի բովանդակությունը նույնությամբ կրկնում է 2015թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթները:

3. Թեեւ Նախագծով առաջարկվող հռչակագիրը նախատեսվում է ընդունել ՀՀ Ազգային ժողովի անունից՝ հայտարարության տեսքով, սակայն Նախագծի տեքստում՝ ներածական մասում, պահպանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անվանումը՝ որպես հռչակագիրն ընդունող սուբյեկտ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                         Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Հ. Սարդարյան