«24» մարտի 2015 թ.                                                                                                                 ԻՎ-ե-26

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-723-19.02.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի շարադրանքը սկսել հետեւյալ կերպ.

«Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը … »:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ անձի՝ անչափաhաս տարիքում, ԽՍՀՄ տարածքումհակաօդային պաշտպանության օբյեկտում, պաշտպանական կառույցի շինարարության վրա, ռազմածովային բազայում, օդանավակայանում կամ այլ ռազմական օբյեկտում ՝ գործող պատերազմական գոտու թիկունքի սահմանների ներսում կամ գործող նավատորմի օպերացիոն դաշտում, երկաթուղու կամ ավտոճանապարհի պատերազմական գոտուն կից վայրում աշխատելու տարիները: Այդ առումով նշված հոդվածում պարզ չէ «հակաօդային պաշտպանության օբյեկտ» եւ «պաշտպանական կառույց» հասկացությունների իրավական բովանդակությունը: Հետեւաբար, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները՝ առաջարկում ենք Նախագծում անդրադառնալ նաեւ «հակաօդային պաշտպանության օբյեկտ» եւ «պաշտպանական կառույց» հասկացությունների իրավական բոդվանդակությանը՝ տալով դրանց սահմանումները:

3. Պարզ չէ, թե ինչ հանգամանքով է պայմանավորված տարբերակված մոտեցում ցուցաբերելը նաեւ նշված կազմակերպություններում կամ վայրերում աշխատած անձանց եւ այն անձանց միջեւ, ովքեր այդ նույն ժամանակահատվածում անչափահաս տարիքում աշխատել են թիկունքում ՝ բայց այլ կազմակերպությ ուններում: Նման դեպքում ստեղծվում է անհավասար մոտեցում, ինչը կարծում ենք արդարացված չէ:

4. Միաժամանակ Նախագծով անդրադարձ չի կատարվում չափահաս անձանց՝ ԽՍՀՄ տարածքումհակաօդային պաշտպանության օբյեկտում, պաշտպանական կառույցի շինարարության վրա, ռազմածովային բազայում, օդանավակայանում կամ այլ ռազմական օբյեկտում ՝ գործող պատերազմական գոտու թիկունքի սահմանների ներսում կամ գործող նավատորմի օպերացիոն դաշտում, երկաթուղու կամ ավտոճանապարհի պատերազմական գոտուն կից վայրում աշխատելու տարիները աշխատանքային ստաժում հաշվարկելուն: Այսինքն՝ ստացվում է, որ անչափահաս անձանց դեպքում ԽՍՀՄ տարածքումհակաօդային պաշտպանության օբյեկտում, պաշտպանական կառույցի շինարարության վրա, ռազմածովային բազայում, օդանավակայանում կամ այլ ռազմական օբյեկտում ՝ գործող պատերազմական գոտու թիկունքի սահմանների ներսում կամ գործող նավատորմի օպերացիոն դաշտում, երկաթուղու կամ ավտոճանապարհի պատերազմական գոտուն կից վայրում աշխատելը հաշվարկվելու է նրանց աշխատանքնային ստաժում, իսկ չափահասների դեպքում՝ չի հաշվարկվելու: Այդ առումով պարզ չէ, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված նման տարբերակված մոտեցումը անչափահասների ու չափահասների նկատմամբ: Պարզ չէ նաեւ, թե ինչ հանգամանքով է պայմանավորված տարբերակված մոտեցում ցուցաբերելը նաեւ նշված կազմակերպություններում կամ վայրերում աշխատած անձանց եւ այն անձանց միջեւ, ովքեր այդ նույն ժամանակահատվածում անչափահաս տարիքում աշխատել են թիկունքում ՝ բայց այլ կազմակերպություններում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան