«06» մարտի 2015 թ.                                                                                                             ԻՎ-ե-16

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-724-19.02.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 10-րդ հոդվածով խմբագրվող՝ «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այուսհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանում է լիազոր մարմինը: Այսինքն՝ հիշյալ դրույթների համաձայն՝ լիազոր մարմնի որոշմամբ, հրամանով փախստականների կամ ապաստան հայցողների համար սահմանվելու են վարքագծի կանոններ՝ պարտականություններ, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդածի 2-րդ կետի պահանջներին, որոնց համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները:

2. Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

Նախագծի 22-րդ հոդվածով լրացվող՝ Oրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որպես վարչական վարույթի երկարաձգման հիմք նշված է ապաստան ստանալու մասին դիմումների ծավալը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով սպառիչ թվարկված են վարչական վարույթը երկարաձգելու հիմքերը, որտեղ «ստացված դիմումների ծավալի» հիմքով կամ վարչական մարմնի ծանրաբեռնվածության հիմքով վարչական վարույթը երկարաձգելու հիմքեր նախատեսված չեն: Հետեւաբար՝ Նախագծի հիշյալ հոդվածով նման հիմք սահմանելը չի բխում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներից:

3. Նախագծի 29-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 52.1-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ մեկ ամիս ժամկետով: Այսինքն՝ Նախագծի հիշյալ դրույթով կարգավորվում են վարչական վարույթը երկարաձգելու հետ կապված հարաբերությունները, ինչն արդեն իսկ կարգավորված է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով: Բացի այդ, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը նախատեսում է վարչական վարույթի երկարաձգման տարբեր ժամկետներ՝ կախված այն հանգամանքից, թե ինչ հիմքով է երկարաձգվում վարչական վարույթը: Ուստի Նախագծով սահմանելը, որ վարչական վարույթը կարող է երկարաձգվել մինչեւ մեկ ամիս ժամկետով, չի բխում նշված օրենքի 47-րդ հոդվածի պահանջներից:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «խմբագրությամբ» բառնանհրաժեշտ է փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

5. Նախագծի 4-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 8-րդ հոդվածի վերնագիրը չի համապատասխանում նշված հոդվածի կարգավորման առարկային: Այսպես՝ նշված հոդվածի վերնագրից բխում է, որ Օրենքի 8-րդ հոդվածը վերաբերում է հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներին ու փախստականներին: Նույն հոդվածի 1-ին մասում տրված է հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների ու փախստականների հասկացությունը, որի համաձայն՝ հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներ ու փախստականներ են համարվում ապաստան հայցողը կամ փախստական երեխաները կամ հաշմանդամություն ունեցող անձինք կամ հղի կանայք կամ միայնակ ծնողները, ովքեր ունեն անչափահաս երեխաներ կամ ծանր հիվանդությամբ տառապող հիվանդներ կամ հոգեկան խանգարում ունեցող անձինք կամ թրաֆիքինգի կամ խոշտանգումների կամ բռնաբարության կամ բռնության այլ ձեւերի զոհեր: Մինչդեռ, նշված հոդվածում խոսվում է նաեւ առանց ուղեկցողի երեխաների եւ ընտանիքից անջատված երեխաների մասին, որոնք վերը նշված հասկացության համաձայն՝ չեն մտնում հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների ու փախստականների մեջ: Ուստի առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում լրացնել նաեւառանց ուղեկցողի երեխաներին եւ ընտանիքից անջատված երեխաներին:

Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն՝ հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 26-րդ հոդվածին, քանի որ նշված հոդվածի վերնագիրը նույնպես չի համապատասխանում դրա կարգավորման առարկային: Մասնավորապես՝ հոդվածի վերնագիրն է հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների երաշխիքները, մինչդեռ նշված հոդվածում խոսվում է նաեւ առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաների մասին:

6. Նախագծի 9-րդ հոդվածով լրացվող նախադասությամբ նախատեսվում են դրույթներ, որոնք վերաբերում են «սույն մարմինների» (Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին՝ Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին, ինչպես նաեւ հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին՝ Ոստիկանություն) պարտականություններին, այն է՝ տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց ներկայացնելու հնարավորության մասին այն անձանց, ովքեր հնարավոր է, որ ապաստանի կարիք ունեն: Մինչդեռ, գործող Օրենքի 13-րդ հոդվածը վերաբերում է ապաստանի հայցին: Այդ առումով Նախագծի նշված դրույթն անհրաժեշտ է լրացնել օրենքի 35-րդ եւ 36-րդ հոդվածներում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծի հիշյալ նախադասությունը վերաբերում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի եւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության լիազորություններին:Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն՝ հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը:

7. Նախագծի 14-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում հղում է կատարվում Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «ինտեգրման ծրագրերին», մինչդեռ Նախագծի 16-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-րդ կետում խոսքը գնում է «ինտեգրմանն ուղղված միջոցառումների» մասին: Այդ առումով նշված հասկացություններն վերանայման կարիք ունեն՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

8. Նախագծի 23-րդ հոդվածում նշված «նոր նախադասություն» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր նախադասությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

9. Նախագծի 26-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 50-րդ հոդվածի 9-րդ մասում պարզ չէ, թե ապաստան հայցողը ինչպես է տալու իր համաձայնությունը ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ, եթե հոգեկան հիվանդության , ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության կամ հաշմանդամության հետեւանքով ունակ չէ գիտակցելու ապաստանի տրամադրման ընթացակարգի էությունն ու նշանակությունը: Նման պարագայում ապաստան հայցողի համաձայնություն տալու մասին խոսելը գտնում ենք, որ ավելորդ է, քանի որ ապաստան հայցողը ունակ չէ գիտակցելու իր գործողությունների նշանակությունը, դրա իրավական հետեւանքները կամ չի ղեկավարում իր գործողությունները (անգործունակություն): Հետեւաբար՝ եթե ապաստան հայցողը հոգեկան խանգարման հետեւանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ նրա նկատմամբ պետք է սահմանվի խնամակալություն: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի նշված հոդվածի 9-րդ մասից հանել «ապաստան հայցողի համաձայնությամբ» բառերը:

10. Նախագծի 27-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ապաստան հայցողը կարող է հայտնել իր կարծիքը վրիպումների կամ թյուըմբռնումների առնչությամբ, որից հետո նա ստորագրում է արձանագրությունը: Այդ առումով պարզ չէ, թե ապաստան հայցողն ինչ կարգով է հայտնելու իր կարծիքը՝ բանավոր, թե գրավոր: Առաջարկում ենք նախատեսել այնպիսի կարգավորում, որով ապաստան հայցողը պետք է գրավոր հայտնի իր կարծիքը վրիպումների կամ թյուըմբռնումների առնչությամբ, եւ նշված կարծիքը պետք է արտացոլվի համապատասխան արձանագրության մեջ, որը պետք է ստորագրի ինչպես ապաստան հայցողը, այնպես էլ արձանագրություն կազմողը:

11. Նախագծի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում «կամ» շաղկապը փոխարինվում է ստորակետով, իսկ կարճման բառից հետո լրացվում է «եւ վերսկսման» բառերը: Ստացվում է, որ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասն ունենալու է հետեւյալ տեսքը. «Ապաստանի ընթացակարգի կասեցման, կարճման եւ վերսկսման մասին որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկվում է ապաստան հայցողին` սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով»: Այդ առումով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով, ինչպես նաեւ «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է: Հիշյալ դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ «Ապաստանի ընթացակարգի եւ՛ կասեցման, եւ՛ կարճման, եւ՛ վերսկսման մասին որոշումները (բոլորը միաժամանակ) պարտադիր պետք է ուղարկվեն ապաստան հայցողին, անկախ այն հանգամանքից՝ նման որոշում ընդունվել է, թե ոչ: Այսինքն՝ Նախագծի նշված դրույթի համաձայն ստացվում է, որ եթե ընդունվում է ապաստանի ընթացակարգի կասեցման որոշում, ապա ապաստան հայցողին միաժամանակ պետք է ուղարկվի նաեւ դրա կարճման կամ դրա վերսկսման որոշումը , ինչից հետեւում է, որ նույն վարույթում նույն գործի վերաբերյալ ընդունվելու են իրավական տարբեր հետեւանքներ առաջացնող իրարից տարբեր որոշումներ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ապաստանի ընթացակարգի կասեցման, կարճման կամ վերսկսման մասին որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկվում է ապաստան հայցողին` սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով»: Այսինքն՝ ապաստան հայցողին ուղարկվելու է կա՛մ կասեցման, կա՛մ կարճման, կա՛մ վերսկսման որոշումը: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

12. Նախագծի 35-րդ հոդվածում նշված «կետով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասով» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները: Նույն հոդվածում նշված «խմբագրությամբ» բառն անհրաժետ է փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

13. Նախագծի 36-րդ հոդվածում նշված «հրապարակմանը հաջորդող» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջները:

Նախագծի 23-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ հայտնում ենք, որ «Սահմանապահ զորքերը կարող են ընդունել պատճառաբանված որոշում» արտահայտությունն իր մեջ պարունակում է ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1205-Ն որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոնը, որը դրսեւորվում է սահմանապահ զորքերի իրավունքների եւ պարտականությունների ոչ հստակ լինելով: Մասնավորապես՝ «Սահմանապահ զորքերը կարող են ընդունել պատճառաբանված որոշում» ձեւակերպումը հանգեցնում է սահմանապահ զորքերի իրավասությունը որպես հնարավորություն, այլ ոչ թե պարտավորություն մեկնաբանելուն: Հետեւաբար՝ առաջարկում ենք «Սահմանապահ զորքերը կարող են ընդունել պատճառաբանված որոշում» բառերը փոխարինել «Սահմանապահ զորքերը ընդունում են պատճառաբանված որոշում» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան