«02» մարտի 2015 թ.                                                                                                     ԻՎ-ե-14

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-730-26.02.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի, Լեւոն Դոխոլյանի եւ Մհեր Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

Նույն օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:

Նշենք, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունները 1-ին հոդվածում պետք է կատարվեն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում, այլ ոչ թե կետում, իսկ 2-րդ հոդվածում՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասում, այլ ոչ թե կետում:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք՝

1) Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

« … »:»,

2) Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 2. Նույն հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

« … »:»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                  Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան