«13» ապրիլի 2015 թ.                                                                                                            ԻՎ-ե-34

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀայաստանիՀանրապետության քաղաքացիների՝ տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-731-04.03.2015-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մհեր Շահգելդյանի, Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Լեւոն Դոխոլյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագիծը անհավասար դրություն է ստեղծում ազգային արժույթի փոխարժեքի տատանման բացասական ազդեցությունը կրած անձանց (բանկերի, վարկային կազմակերպությունների եւ վարկառուների) միջեւ, ինչի հետեւանքով խախտվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ օրենքի առ ջեւ բոլորի հավասարության սկզբունքը: Այսպես՝ նախագիծն անմիջականորեն շոշափում է մի կողմից՝ բանկերի եւ վարկային կազմակերպությունների, մյուս կողմից՝ վարկառուների գույքային իրավունքները՝ վերջիններիս դնելով անհավասար դրության մեջ: Օրինակ՝ Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ եթե գրավի արժեքը բավարար չէ վարկատուի պահանջների լիակատար բավարարման համար, վարկառուի կողմից վարկով ստացված պարտավորությունների գումարի չափի եւ վարկատուի կողմից գրավի առարկայի իրացման արդյունքում ստացված գումարի միջեւ տարբերությունը չեղյալ է համարվում վարկատուի կողմից: Այս դեպքում Նախագծով առաջարկվող կարգավորումները բխում են միայն վարկառուների շահերից, իսկ նշված կարգավորումները բանկերին եւ վարկային կազմակերպությունների համար ստեղծում են անհավասար պայմաններ՝ վերջիններիս պատճառելով զգալի չափերով վնաս, ինչի հետեւանքով ոտնահարվում է օրենքի առ ջեւ բոլորի հավասարության սկզբունքը:

Նախագծով խախտվում է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով (օրինակ՝ Համալայնենն ընդդեմ Ֆինլանդիայի 2014 թվականի հուլիսի 16-ի եւ Սփուրունգը եւ Լոնրոթն ընդդեմ Շվեդիայի 1982 թվականի սեպտեմբերի 23-ի վճիռները) ամրագրված «արդարացի հավասարակշռության» սկզբունքը, որի էությունը կայանում է իրավահարաբերությունների տարբեր մասնակիցների իրավունքների եւ պարտականությունների համաչափ եւ արդարացի հավասարակշռման մեջ:

Բացի այդ, Նախագծ ի ամբողջ տեքստում կիրառվո ղ «պարտականություն» եւ «պարտավորություն» տերմինների իրավական բովանդակության վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ. հունիսի 14-ի թիվ ՍԴՈ-975 որոշման համաձայն` «պարտականություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է Սահմանադրությամբ եւ օրենքներով` իրավունքի սուբյեկտի կամքից անկախ, վերջինիս համար սահմանված պարտադիր վարքագծի կանոն, իսկ «պարտավորություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է իրավունքի ուժով կամ իր ազատ կամաարտահայտմամբ եւ սեփական գործողությունների շնորհիվ ստանձնած համապատասխան վարքագիծ:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծում նշված տերմինների կիրառումը համապատասխանեցնել ՀՀ սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված դրանց սահմանադրաիրավական բովանդակությանը:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

2. Նախագծի վերնագրից բխում է, որ Նախագծով կարգավորվելու են վարկերի վերաձեւակերպման հետ կապված հարաբերությունները, մինչդեռ Նախագծով կարգավորվում են պարտավորությունների վերակառուցման հետ կապված հարաբերությունները: Հետեւաբար, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի պահանջները՝ առաջարկում ենք հստակեցնել կամ Նախագծի վերնագիրը, կամ դրա կարգավորման առարկան:

3.Նախագծի 1-ին հոդվածը վերնագրված է «Օրենքի կարգավորման առարկան», ինչից հետեւում է, որ հիշյալ հոդվածով սահմանվելու են այն հարաբերությունները, որոնք կարգավորվելու են ներկայացված Նախագծով, մինչդեռ նշված հոդվածով օրենքի կարգավորման առարկային վերաբերող որեւէ դրույթ նախատեսված չէ: Մասնավորապես՝ հոդվածի բովանդակությունից պարզ չէ, թե Նախագծով ինչ հարաբերություններ են կարգավորվելու: Այն պարզապես մատնանշում է Նախագծի նպատակը եւ կարգավորման ուղղությունները, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ օ րենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերություններ : Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի վերնագրից հետո դրված է կետադրական նշան: Առաջարկում ենք հանել այն, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի հոդվածի վերնագրի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Նույնը վերաբերում է Նախագծի 2-7-րդ հոդվածների վերնագրերին:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն` սույն օրենքն ուղղված է ՀՀ այն քաղաքացիների համար ազգային արժույթի փոխարժեքի տատանման բացասական ազդեցության նվազեցմանը, որոնք տարադրամով վարկերի եւ փոխառությունների գծով ունեն կնքված կազմակերպությունների հետ չկատարված պարտավորություններ: Հարկ է նշել, որ պարզ չէ «կնքված կազմակերպություններ» հասկացության իրավական բովանդակությունը: Նախագծից պարզ չէ նաեւ, թե ինչ է ենթադրում «ազգային արժույթի փոխարժեքի տատանման բացասական ազդեցության նվազեցում» արտահայտությունը: Պարզ չէ նաեւ, թե ինչ չափի նվազեցումների վրա է տարածվելու օրենքի գործողությունը: Նշված արտահայտություններն ունեն հստակեցման կարիք՝ ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ եւ մատչելի:

5. Նախագծի 2-րդ հոդվածով, ըստ էության, սահմանվում է, որ վարկատու կարող են հանդիսանալ բանկային, վարկային եւ այլ կազմակերպությունները՝ անկախ իրենց կազմակերպաիրավական ձեւից եւ տեղից, մինչդեռ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձա յն՝ բացառությամբ բանկերի եւ վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդերի եւ ներդրումային ֆոնդի կառավարիչների, Հայաստանի Հանրապետությունում այլ անձանց արգելվում է իրականացնել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված որեւէ գործունեություն, այն է որպես ձեռնարկատիրական գործունեություն փոխառություններ ներգրավելը եւ (կամ) նմանատիպ գործարքներ կնքելը եւ (կամ)վարկեր տրամադրելը կամ սույն օրենքով սահմանված այլ ներդրումներ կատարելը: Հետեւաբար՝ Նախագծով առաջարկվող կարգավորումը չի համապատասխանում վերոնշյալ օրենքի պահանջներին:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշված հոդվածում «տեղից» բառը փոխարինել «գտնվելու վայրից» բառերով՝ հինք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի պահանջները:

Նույն հոդվածում հիփոթեքային ապահովմամբ վարկային պայմանագրային պարտավորությունների մասին կարգավորում նախատեսելիս պետք է հիմք ընդունել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ գրավին վերաբերող նորմերը, համաձայն որոնց՝ գրավը պարտավորության կատարման ապահովման միջոց է, իսկ հիփոթեքը գրավի տեսակ է: Այդ առումով «հիփոթեքային ապահովմամբ վարկային» ձեւակերպումը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներից:

6. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթները չեն բխում Նախագծի կարգավորման առարկայից: Մասնավորապես՝ նշվում է, որ տարադրամով չկատարված պարտավորություններ ունեցող ՀՀ քաղաքացիների դիմումի հիման վրա բանկային, վարկային կամ այլ կազմակերպությունները պարտավոր են իրականացնել պարտավորությունների վերակառուցում, ինչից բխում է, որ բանկերը ցանկացած դեպքում, երբդիմում է ներկայացվում, պարտավոր են իրականացնել տարադրամով պարտավորությունների վերակառուցում: Մինչդեռ, տարադրամով պարտավորությունների վերակառուցումը, ըստ Նախագծի, նպատակ ունի ՀՀ քաղաքացիների համար նվազեցնել ազգային արժույթի փոխարժեքի տատանման բացասական ազդեցությունը:

7. Նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներում օգտագործվող «փոխառնական» կամ «փոխառնության» բառերը կամ դրանց այլ հոլովաձեւերն անհրաժեշտ է փոխարինել «փոխառություն» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով: Սույն առաջարկը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որոնց՝ որպես պայմանագրի, հետեւաբար նաեւ պարտավորության, առանձին տեսակ է հանդիսանում փոխառության պայմանագիրը: Նույն տրամաբանությանը համահունչ՝ Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ պարբերության մեջ «վարկավորման» բառն անհրաժեշտ է փոխարինել «վարկային» բառով՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի պահանջները:

8. Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ հոդվածներում կիրառվում են «վերաձեւակերպում», «վերակառուցում» եւ «վերակառուցվածքայնացում», «փոխառություն» եւ «փոխառնություն» հասկացությունները, ինչը հանգեցնում է տարընթերցումների: Հետեւաբար հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները, առաջարկում ենք Նախագծում տալ նշված հասկացությունների սահմանումները:

9.Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ պարբերությունում «պայմանները» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «վարկատուի կողմից միակողմանիորեն» բառերը, քանի որ նշված պարբերությունում խոսքը պետք է գնա վարկատուի կողմից պայմանագրի պայմանները միակողմանիորեն փոփոխելու մասին: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ երկկողմանի համաձայնության պարագայում պայմանագիր պայմանները կարող են ենթարկվել ցանկացած փոփոխության:

10. Նախագծի 3-րդ եւ 8-րդ հոդվածներում «ներկա օրենքին» եւ «տվյալ օրենքին» կատարված հղումներն անհրաժեշտ է վերանայել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

11. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրը՝ «Վարկային գրավի նկատմամբ վարկատուի կողմից դիմելու կարգ ը» խմբագրման կարիք ունի, քանի որ պարզ չէ դրա բովանդակային նշանակությունը: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջներից:

12. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրը՝ «Ամփոփիչ դրույթներ» անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին, որոնց համաձայն՝ իրավական ակտերը կարող են պարունակել անվանում, հիմնական մաս, եզրափակիչ մաս կամ անցումայինդրույթներ, իսկ ամփոփիչ դրույթներ, որպես իրավական ակտի մաս, նշված օրենքը չի նախատեսում:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ պարբերությունով նախատեսված դրույթներն իրենց բնույթով անցումային դրույթներ են, ուստի նշված պարբերությունն անհրաժեշտ է նախատեսել Նախագծի 8-րդ հոդվածում: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

13.Նախագծի 8-րդ հոդվածում անհրաժեշտ է «ենթաօրենսդրական ակտեր» բառերը փոխարինել «այլ իրավական ակտեր» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 8-րդ հոդվածի առաջին մասի կարգավորումը ենթակա է խմբագրման այն իմաստով, որ ներկայիս ձեւակերպմամբ այն, ըստ էության, նախատեսում է, որ մինչեւ Նախագծի օրենք դառնալն ու իրավական ուժ ստանալը այլ իրավական ակտերի կիրառումը պետք է համապատասխանի ու չհակասի «տվյալ օրենքի», այսինքն՝ քննարկվող նախագծի դրույթներին:

14.Առաջարկում ենք նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի առաջին պարբերությանմեջ «արձանագրվում է»բառը փոխարինել «կնքվում է» բառերով, քանի որ պարզ չէ «արձանագրվում է հավելյալ համաձայնագիր» արտահայտության իրավական բովանդակությունը: Նշված հոդվածում պարզ չէ նաեւ «պայմանագրի օգտագործման» հասկացության իրավական բովանդակությունը:

15. Նախագծի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «պարտադրաբար օտարումը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք)» բառերով՝ հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, իսկերրորդ պարբերությունում նշված «փոխզիջել» բառը՝ «զիջել» բառով՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 244-րդ եւ 397-րդ հոդվածի պահանջները:

16. Նախագծի 8-րդ հոդվածը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի պահանջներին: Մասնավորապես՝ նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե իրավական ակտի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կամ լրացումներ կատարել կամ գործողությունը դադարեցնել մինչեւ այդ ընդունված իրավական ակտերում կամ դրանց որոշ մասերում, ապա դրանք ինքնուրույն իրավական ակտերի մասերի տեսքով շարադրվում են իրավական ակտի նախագծի եզրափակիչ մասում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե իրավական ակտի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կամ լրացումներ կատարել մեծ թվով ակտերում, կամ դադարեցնել մեծ թվով ակտերի գործողությունը, ապա դրանց ցանկերը ձեւակերպվում են առանձին, նույն տեսակի իրավական ակտի տեսքով: Նման ցանկերի նախագծերը պատրաստում են հիմնական ակտի նախագիծը մշակողները եւ ներկայացնում են դրա հետ միասին: Փոփոխությունների կամ լրացումների ցանկերը կազմվում են գործողությունը դադարեցնող ցանկերից առանձին` ժամանակագրական կարգով:

17. Նախագծի 1-7-րդ հոդվածների մասերն անհրաժեշտ է համարակալել հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41- րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                   Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ՝ Ս. Թեւանյան

Ս. Առաքելյան