«07» մայիսի2015 թ.                                                                                     ԻՎ-ե-44



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-753-09.04.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրից, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածից բխում է, որ Նախագծով կարգավորվելու են միայն բազմազավակ ընտանիքներին արտոնությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, մինչդեռ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում են նաեւ դրույթներ, որոնցով բազմազավակ ընտանիքներին տրամադրվում են սոցիալական աջակցություն: Մասնավորապես՝ Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վարձով բնակվող բազմազավակ ընտանիքներիբնակարանավարձի ամսական գումարի 30 տոկոսը վճարվում է ՀՀ պետական բյուջեից, ինչն ըստ էության հանդիսանում է սոցիալական աջակցություն, որը տրվում է բազմազավակ ընտանիքներին ՀՀ պետական բյուջեից: Այդ առումով Նախագծի վերնագիրը չի բխում դրա կարգավորման առարկայից եւ վերանայման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

2. Նախագծի վերնագրից հետո նշված «Գլուխ I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերն անհրաժեշտ է հանել՝ նկատի ունենալով Նախագծի ծավալը եւ Նախագծում այլ գլուխների բացակայության հանգամանքը: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն՝ զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համասեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է լրացնել «այլ իրավական ակտերից» բառերը, քանի որ Նախագծի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների արտոնություններից օգտվելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, ինչից բխում է, որ բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին ՀՀ օրենսդրությունը բաղկացած է նաեւ այլ իրավական ակտերից: Նշենք, սակայն, որ բազմազավակ ընտանիքների արտոնություններն, ըստ էության, որոշակի իրավունքներ են, իսկ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական անձանց իրավունքներն իրականացնելու կարգը: Հետեւաբար, առաջարկում ենք հանել Նախագծի 5-րդ հոդվածը եւ նշված կարգը սահմանել հենց Նախագծում: Սույն կետի երկրորդ առաջարկն ընդունելու դեպքում վերանում է սույն կետի առաջին առաջարկի իրականացման անհրաժեշտությունը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում նշված «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերն անհրաժեշտ է փոխարինել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի 5-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների արտոնություններից օգտվելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հիշյալ առաջարկությունը բխում է նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները :

Հավելենք, որ, ինչպես նշել ենք նախորդ կետում, նշված կարգը հարկավոր է սահմանել հենց Նախագծում, ուստի այս դեպքում եւս հիշյալ կարգը Նախագծում նախատեսելու դեպքում սույն կետի առաջին առաջարկի իրականացման անհրաժեշտությունը վերանում է:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքների աշխատող անդամներից եկամտային հարկը նվազեցվում է 50 տոկոսով: Այսինքն՝ Նախագծով ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակվող բազմազավակ ընտանիքներին տրամադրվում է աջակցություն եկամտային հարկի մասով, մինչդեռ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Այսինքն՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակվող բազմազավակ ընտանիքներին եկամտային հարկի մասով արտոնություններ կամ աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները նշված օրենքի կարգավորման առարկան են, ուստի համապատասխան լրացում անհրաժեշտ է կատարել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ բազմազավակ ընտանիքների կոմունալ ծախսերը (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) հարկվում են 50 տոկոս նվազեցումով, ինչից բխում է, որ բազմազավակ ընտանիքների կոմունալ ծախսերը հանդիսանում է հարկի տեսակ, որը վճարվում է ՀՀ պետական կամ համայնքային բյուջե, եւ որի համար կիրառվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնությունը՝ հարկի դրույքաչափի նվազեցում 50 տոկոսով: Այդ առումով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «կոմունալ ծախսերը», որպես առանձին հարկատեսակ նշված չեն եւ դրանց նկատմամաբ չեն կարող սահմանվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնությունը՝ հարկի դրույքաչափի նվազեցում: Հետեւաբար՝ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասը չի համապատասխանում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածների պահանջներին:

7. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ բազմազավակ ընտանիքների անչափահաս անդամները մինչեւ չափահաս դառնալը օգտվում են անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքից: Այդ առումով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն արդեն իսկ նախատեսում է նման կարգավորում: Մասնավորապես՝ նշված հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասը հանել, քանի որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ կարգավորված են նշված հարաբերությունները:

8. Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներում նշված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել եւ դարձնել «Հայաստանի Հանրապետության», քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-ին մասի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Սույն եզրակացության 3-րդ եւ 4-րդ կետերում Նախագծի 5-րդ հոդվածը հանելու մեր առաջարկի ընդունման դեխքում, բնականաբար, 5-րդ հոդվածի նշված հապավումը բացելու անհրաժեշտությունը կվերանա:

9. Նախագծի 4-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ գյուղական համայնքներում բնակվող բազմազավակ ընտանիքներին տրվում է առաջնահերթություն հողի վարձակալման համար հայտարարված մրցույթներում: Այդ առումով պարզ չէ, թե առաջնահերթությունը երբ եւ ինչ պայմաններով է տրվում գյուղական համայնքներում բնակվող բազմազավակ ընտանիքներին, կամ գյուղական համայնքներում բնակվող բազմազավակ ընտանիքներն ում նկատմամբ ունեն առաջնահերթության իրավունք: Պարզ չէ նաեւ, թե ինչ առաջնահերթության մասին է խոսքը, եթե ՀՀ հողային օրենսգրքը հստակ կարգավորում է մրցույթի կամակերպման ընթացքում նախապատվություն տալու հետ կապված հարաբերություննեը: Մասնավորապես՝ ՀՀ հողային օրենքսգրքի 78-րդ հոդվածն արդեն իսկ կարգավորում է մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները: Ավելին՝ նույն հոդվածի 7-րդ մասը հստակ սահմանում է, որ մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 9-րդ մասը հանել:

10. Նախագծի 4-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ բազմազավակ ընտանիքներին ՝ փոքր բիզնես սկսելու համար, վարկ վերցնելիս տրվում է առաջնահերթություն: Այդ առումով պարզ չէ, թե առաջնահերթությունը երբ եւ ինչ պայմաններով է տրվում բազմազավակ ընտանիքներին կամ բազմազավակ ընտանիքները փոքր բիզնես սկսելու դեպքում ում նկատմամբ ունեն առաջնահերթության իրավունք:

11. Նախագծի 1-5-րդ հոդվածների մասերն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: 4-րդ հոդվածի 1-11-րդ կետերից հետո պետք է դնել ոչ թե կետ, այլ փակող փակագիծ՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության պահանջները:

12. Նախագծով նախատեսվում է բոլոր բազմազավակ ընտանիքներին, անկախ կարիքից, տրամադրել տարատեսակ սոցիալական ծառայություններ եւ արտոնություններ: Այդ առումով գտնում ենք, որ Նախագիծը չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը` սոցիալական արտոնությունների տրամադրումն իսկապես դրա կարիքն ունեցողին, համարժեքությանը` կարիքին համարժեք արտոնության տրամադրումը:

Բացի այդ, Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա ընդունելու նաեւ «Բազմազավակ ընտանիքների կարգավիճակը հաստատող փաստաթղթի նմուշը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որի վերաբերյալ Նախագծում որեւէ անդրադարձ չկա:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                          Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան