«16» ապրիլի2015 թ.                                                                                   ԻՎ-ե-36


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-754-09.04.2015-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս ճիշտ նշել օրենքի ընդունման տարին, ամիսը եւ ամսաթիվը, մասնավորապես` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «հուլիսի 21-ի» բառերը փոխարինել «հունիսի 24-ի» բառերով:

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բյուջետային տարին չի կարող սկսվել յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ից եւ ավարտվել նույն տարվա սեպտեմբերի 30-ին, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում երկրորդ «նույն» բառը փոխարինել «հաջորդ» բառով:

3. Միաժամանակ, Նախագծով ներկայացված փոփոխության հետ մեկտեղ, առաջարկում ենք դիտարկել «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասում, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում եւ 100-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 4.1-ին մասի 1-ին կետում, «Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի առաջին պարբերությունում համապատասխան փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                             Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ք . Խանազադյան