«16» ապրիլի2015 թ.                                                                                 ԻՎ-ե-39



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների եւ Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» (փաստաթղթային կոդ` Պ-756-11.04.2015-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների եւ Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին կետից անհրաժեշտ է հանել «դրանում տեղի ունեցած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու եւ մեղավորներին պատժելու նպատակով» ձեւակերպումը:

Այսպես ՝ ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծի մեջ իրավաչափ չէ «չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու» ձեւակերպումը:

Քրեական հետապնդման հարուցումը, այն է ՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելը, նրան ձերբակալելը կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելը կարող է կատարվել միմիայն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հատկանիշներ պա րունակող արարքի նկատմամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն հարուցված քրեական գործով: Նշված իրավիճակում հարուցված քրեական գործ չկա: Որոշման մեջ տեղ գտած ձեւակերպման պարագայում ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ հաստատվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշների հայտնաբերված լինելը եւ պահանջվում է, որպեսզի դրա հիման վրա քրեական հետապնդում իրականացվի: Մինչդեռ քրեական հետապնդում պետք է հարուցվի ոչ թե ՀՀ Ազգային ժողովի որոշման, այլ վարույթն իրականացնող մարմնի ՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշման հիման վրա:

2. Նախագծի 1-ին կետում ճիշտ չի օգտագործված նաեւ «մեղավորներին պատժելու նպատակով» արտահայտությունը. ՀՀ դատախազության լիազորություները սպառիչ սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով: ՀՀ սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն ՝ դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ՝

1) հարուցում է քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.

5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.

6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Վերը թվարկված լիազորությունների ուսումնասիրությունից բխում է, որ դատախազությունը որեւէ կերպ օժտված չէ հանցագործություն կատարած անձանց պատժելու լիազորությամբ: Դատախազությունը օժտված չէ նաեւ մեղավորներին որոշելու լիազորությամբ: Անձի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների կատարման մեջ որոշում է բացառապես դատարանը ՝ դատախազի պաշտպանած մեղադրանքի սահմաններում: Այսինքն` անթույլատրելի է «մեղավորներին պատժելու նպատակով» ձեւակերպման օգտագո րծումը, քանի որ դատախազությունն իրավասու չէ որոշել մեղավորներին եւ պատժել նրանց:

3. Նախագծի 2-րդ կետի հետ կապված՝ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է «Հանրային հառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքով: Նշենք, որ այդ օրենքը չի սահմանում որեւէ ընթացակարգ, որի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի կամ այլ պետական մարմնի առաջարկությունների հիման վրա հանձնաժողովը պարտավոր է միջոցառումներ ձեռնարկել:

Ավելին, ՀՀ Ազգային ժողովի ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ նշված թերությունները եւ բացթողումները ընդամենը կարծիքներ են եւ չեն կարող դիտարկվել որպես հաստատված փաստեր: Հետեւաբար ՝ ՀՀ Ազգային ժ ողովն իր որոշմամբ չի կարող առաջարկել որեւէ պետական մարմնի ուսումնասիրել նշված թերությունները կամ բացթողումները, քանի որ դրանք ենթադրյալ են: Նշված դեպքում ՀՀ Ազգային ժողովը կարող է միմիայն առաջարկել ուսումնասիրել միայն եզրակացությունը:

Հետեւաբար, կարծում ենք՝ Նախագծի 2-րդ կետից անհրաժեշտ է հանել «ուսումնասիրել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ, հատուկ կարծիքներում տեղ գտած բացթողումների, թերությունների փաստերը» բառակապակցությունը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                         Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ՝ Ս. Առաքելյան

Ք. Խանազադյան