«16» ապրիլի2015 թ. ԻՎ-ե-38
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-757-11.04.2015-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Ռուբիկ Հակոբյանի, Աղվան Վարդանյանի, Թեւան Պողոսյանի, Արծվիկ Մինասյանի, Էդմոն Մարուքյանի եւ Միքայել Մանուկյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակագ» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 21 -ին մասի երկրորդ պարբերությանը: Մասնավորապես` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 21 -ին մասի երկրորդ պարբերության համաձայն` հատուկ կարծիքով հանդես գալու հանձնաժողովի անդամների նախաձեռնության մասին նշվում է Ազգային ժողովի նախագահին ուղարկվող՝ հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքում, մինչդեռ Նախագծի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը սահմանում է, որ եզրակացության վերաբերյալ առարկություններ ունեցող հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են եզրակացությանը: Այդ առումով առաջարկում ենք Նախագծով առաջարկվող կարգավորումը համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 21 -ին մասին:
2.Նախագծի 4-րդ կետով նախատեսվում են դրույթներ, որոնցով սահմանվում է մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացման առնչությամբ՝ հարցի քննարկման հատուկ ընթացակարգ: Այդ առումով հայտնում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորված են հարցի քննարկման հատուկ ընթացակարգ սահմանելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ հիշյալ հոդվածի համաձայն՝
«1. Հեղինակի (հիմնական զեկուցողի) եւ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ:
2. Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաեւ կրճատվել ելույթի կամ հարց տալու համար սույն օրենքով նախատեսված ժամանակը:
3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) նշված կարգը ներկայացնում է իր զեկուցման ընթացքում, եւ Ազգային ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման»:
Ելնելով վերոգրյալից՝ Նախագծով մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացման առնչությամբ՝ հարցի քննարկման հատուկ ընթացակարգ կրկին անգամ սահմանելու նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ հիշյալ հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով:
3. Նախագծի 5-րդ կետն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջներից:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարողներ՝ Ս. Առաքելյան
Ք. Խանազադյան