«07» մայիսի2015 թ.                                                                                          ԻՎ-ե-42


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-763-20.04.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծով առաջարկվող լրացմամբ զինծառայողի մոտ իրավունք է առաջանում զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքի բուժումն իրականացնել արտերկրում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Միաժամանակ նշվում է, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ինչպես նաեւ ճանապարհածախսի եւ կացության գումար հատկացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը: Հետեւաբար առաջարկում ենք նշված կարգը սահմանել հենց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում: Բացի այդ՝ հարկ է նկատի ունենալ, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական նախաձեռնության իրավունքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած օրենքի նախագծի դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվող ՀՀ կառավարության եզրակացությունում նշվում է ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

2. Նախագծով լրացվող երրորդ նախադասությունը, ըստ էության, կրկնում է առաջին եւ երկրորդ նախադասությունների միտքը, ուստի առաջարկում ենք հանել այն, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:

3.«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Ուստի, առաջարկում ենք քննարկել նաեւ ծառայության ընթացքում ոչ միայն վնասվածք, այլեւ որեւէ հիվանդություն կամ համաճարակ ձեռք բերած զինծառայողի բուժումն արտերկրում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու հարցը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                       Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ՝ Ս. Թեւանյան

Ս. Առաքելյան